23.11.2006 | 
Կրթություն
ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱՆ` ԸՍՏ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ
ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱՆ` ԸՍՏ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ
ԵՊՀ ուսանողները փորձում են լուծել Հազարամյակի մարտահրավերները:

«ՄԱԿ-ի Հազարամյակի հռչակագիրը պարունակում է աշխարհի բոլոր երկրիներին անհանգստացնող խնդիրներ, որոնք մտահոգում են նաեւ Հայաստանին»,- մի առիթով ասել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Այդ խնդիրների լուծմանն ընդառաջ` մեր երկիրը միացել է Հազարամյակի մարտահրավերների հռչակագրին: Բայց Հայաստանի որդեգրած պետական քաղաքականության` Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրի մասին շատերը չգիտեն կամ թյուր պատկերացում ունեն:

Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը «Հազարամյակի զարգացման նպատակները (ՀԶՆ) եւ ուսանողների կողմից այդ նպատակների ընկալումը» թեմայով գիտաժողով էր կազմակերպել: Վերջինիս նպատակը ոչ միայն ուսանողների շրջանում նշված թեմայի մասին տեղեկատվության տարածումն էր, այլեւ այդ խնդիրների վերաբերյալ նրանց մոտեցումները ճշտելը:

Գիտաժողովի կազմակերպիչ Գոհար Գրիգորյանը տեղեկացրեց, որ գիտաժողովին մասնակցում են ոչ միայն ԵՊՀ տարբեր ֆակուլտետների, այլեւ մի շարք այլ բուհերի ուսանողներ: «Կարծիք կա, թե մեր ուսանողները ոչ մի բանով չեն հետաքրքրվում, անտարբեր են երկրում կատարվող ամեն ինչի նկատմամբ: Մեր նպատակն է ապացուցել նաեւ, որ մենք ունենք իսկապես ակտիվ ու երկրի ապագայով մտահոգ երիտասարդներ»,- ասաց Գոհար Գրիգորյանը:

Գիտաժողովը տեւեց 2 օր` նոյեմբերի 22-23-ը: Առաջին օրը ներկաներին եւ մասնակիցներին ներկայացվեցին Հազարամյակի զարգացման ութ նպատակները` ծայրահեղ աղքատության եւ սովի վերացում, հիմնական կրթության համատարած ապահովում, գենդերային հավասարության օժանդակում եւ կանանց իրավունքների ընդլայնում, երեխաների մահացության նվազեցում, մայրական առողջության բարելավում, պայքար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, մալարիայի եւ այլ հիվանդությունների դեմ, շրջակա միջավայրի պահպանման ապահովում, զարգացման նպատակով գլոբալ համագործակցություն:

Մասնակից 8 թիմերից յուրաքանչյուրը քննարկեց իրեն հանձնարարված մեկ նպատակ եւ գիտաժողովի երկրորդ օրը ներկայացրեց իր առաջարկած լուծումները:

Ուսանողների հետ հանդիպման հրավիրված Արամազդ Ղալամքարյանը` UNDP հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը, մանրամասնեց ՄԱԿ-ի ՀԶՆ-ը: «ՄԱԿ-ը միայն «գործիքներ է արտադրում» մարտահրավերների լուծման համար, իսկ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում, թե ինչպես գործածի դրանք»,- նշեց բանախոսը:

Այլ նորություններ
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ. ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ». ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Ռաուլ Վալլենբերգի անվան ինստիտուտի համագործակցության շրջանակում այսօր օտարերկրյա գործընկերների մասնակցությամբ անցկացվել է աշխատաժողով՝ նվիրված իրավաբանական կլինիկական կրթության զարգացմանը:
ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑՆ ԱՄՓՈՓԵՑ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ. ԱՊԱԳԱ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԸ ՍՏԱՑԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի և Հանրային հեռուստաընկերության հետ համատեղ իրականացվող «Հաղորդավարական գործ և եթերային խոսքի մշակույթ» աշնանային դպրոցն այսօր ամփոփեց իր աշխատանքները: