Ավելին` նրանք գտնվում էին հենց երկրաշարժի էպիկենտրոնում: Շիրակամուտցիներից շատերը դեռ շարունակում են ապրել թիթեղյա, ցուրտ, կիսախարխուլ տնակներում: Իսկ գյուղի միակ կրթօջախի պատերը դեռեւս իրենց վրա կրում են երկրաշարժի անջնջելի հետքերը: Այս դպրոցը, որտեղ սովորում են մոտ 250 աշակերտ, արդեն 20 տարի չունի սեփական գրադարան:
Դեկտեմբերի 9-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսխորհրդի նախաձեռնությամբ նույն ֆակուլտետի մոտ 30 ուսանող այցելեցին Շիրակամուտ (Նալբանդ): Այցելությունը բարեգործական նպատակ էր հետապնդում: Ուսանողները դպրոցի գրադարանի համար հավաքել էին 700-800 անուն գիտական եւ գեղարվեստական գրքեր:
Գրքահավաքին մեծ աջակցություն էին ցուցաբերել Հայաստանի ազգային գրադարանը, ինչպես նաեւ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոսները եւ ուսանողները: Ինչպես նշեց Պատմության ֆակուլտետի ուսխորհրդի նախագահ Արգամ Երանոսյանը, ֆակուլտետի ուսխորհուրդը համագործակցել է նաեւ «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի հետ, եւ նույն գյուղում ապրող անապահով, աղետից տուժած ընտանիքներից մեկը ուսանողների կողմից նվեր ստացավ DVD-ի նվագարկիչ, էլեկտրական վառարան, սնունդ եւ հագուստ:
«Բարեգործական նմանաբնույթ ծրագրերը նպաստում են, որպեսզի ուսանողներն ավելի հաճախ ներգրավվեն հասարակական աշխատանքներում, համախմբվեն մի գաղափարի շուրջ, անտարբեր չլինեն մեր երկրի առջեւ ծառացած խնդիրների նկատմամբ»,- ասում է Արգամ Երանոսյանը: Ուսանողների համոզմամբ` նման փոքր ուշադրությունը կոգեւորի արհավիրքի միջով անցած աշակերտներին էլ ավելի լավ սովորելու: