09.07.2019 | 
Կրթություն
ՊՈՏՍԴԱՄՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼՈՒ Է «4PS FOR YOUTH» ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
ՊՈՏՍԴԱՄՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼՈՒ Է «4PS FOR YOUTH» ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Գերմանիայի Պոտսդամ քաղաքում հուլիսի 15-ից 22-ը մեկնարկելու է «4Ps4YOUth» ուսուցողական ծրագիրը:

Ծրագրի նպատակն է համախմբել եվրոպական տարբեր կազմակերպությունների՝ քննարկելու հանրային կապերի զարգացման միտումները, ուսումնասիրելու հաղորդակցային արդի գործիքներն ու դրանց կիրառումը գործնականում:

«4Ps for Youth» ծրագրի համակարգող, Հայկական PR ասոցիացիայի փոխնախագահ Արման Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ծրագիրն ունի մոտ 1.5 տարվա պատմություն, և  առաջին փուլը մեկնարկել է Իտալիայում, որտեղ հանդիպել են  ծրագրի կորդինատորները և որոշել են  վերջինիս անցկացման ընթացակարգը:

«Թրեյնինգի ձևաչափով անցկացվող ծրագրին մասնակցելու են գործընկեր բոլոր կազմակերպությունները,- նշեց Արման Գրիգորյանը,- ծրագրի նպատակն է ապահովել փորձի փոխանակում մասնակիցների միջև, հասկանալ ֆորմալ և ոչ ֆորմալ հնարքների կիրառումը հաղորդակցման ոլորտում և դրանց տեղայնացումը, որի շնորհիվ մասնակիցները կարող են ավելի հմտանալ իրենց ոլորտում»:

Արման Գրիգորյանը մանրամասնեց նաև, որ ծրագրի հիմնական մասը կազմում է Գերմանիայի Պոտսդամ քաղաքում կայանալիք թրեյնինգը, որին մասնակցելու են գործընկեր բոլոր կառույցների ներկայացուցիչները: Այնուհետև ծրագիրը մտնելու է իր ընթացքի տեղական փուլ, այսինքն՝ մասնակիցները վերադառնալու են իրենց երկրներ և փորձելու են ձեռք բերած հմտությունները կիրառել:

Հայկական PR ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար Աստղիկ Ավետիսյանը նշեց, որ հատկապես շատ կարևոր է ծրագրի վերնագիրը, որի ընտրության ժամանակ շեշտը դրվել է ստեղծագործականության վրա:

«Պատահական չէ ծրագրի վերնագրի մեջ 4 P-երի՝  «Public», «Popular», «Progressive and Productive» ընտրությունը, ինչը ենթադրում է, որ ծրագրի ուսուցումն իրականացվելու է ՝ հաշվի առնելով այս չորս կարևոր բաղադրիչները,- մանրամասնեց Աստղիկ Ավետիսյանը,- բազմաթիվ կառույցներ իրականացնում են հազարավոր ծրագրեր, բայց դրանցից ոչ բոլորն է, որ տեսանելի են դառնում հանրությանը, ու այս ուսուցողական ծրագրի ժամանակ  մասնակիցները սովորելու են, թե ինչպես հանրային և տեսանելի դարձնել կատարած աշխատանքը: Մենք կարող ենք որոշակի ծրագրեր և քայլեր իրականացնել՝ փորձելով մեծացնել կատարած աշխատանքի արդյունավետության ցուցանիշը»:

Նա փաստեց, որ ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու թիրախավորման, հետազոտություններ իրականացնելու, հրապարակայնություն ապահովելու փուլերին. «Իտալիայում տեղի ունեցած նախապատրաստական աշխատանքի ժամանակ, որտեղ ես ներկայացնում էի ԵՊՀ-ն, մենք մշակեցինք այն հիմնական ծրագիրը, որն այժմ իրականացվելու է Գերմանիայում»:

Աստղիկ Ավետիսյանի խոսքով՝ խնդիր էր դրվել տարբեր արժեհամակարգ և մշակույթ կրող մարդկանց միավորել մեկ թեմայի ներքո և ներկայացնել հանրության հետ կապերի ձևավորման ու զարգացման գործընթացը՝ անկախ մշակութային առանձնահատկություններից:

«Ուզում եմ շեշտել նաև, որ այս ծրագրի իրականացման հարցում Գերմանիայից մեզ օգնելու է հանրային կապերի ոլորտում բացառիկ մասնագետ, PR ասոցիացիայի պատվավոր անդամ Վազրիկ Բազիլը, որը ծրագրի շրջանակում դասախոսություն կարդալու պատրաստակամություն է հայտնել, ինչը մեզ համար շատ կարևոր ձեռքբերում եմ համարում»,-ասաց Աստղիկ Ավետիսյանը:

Ծրագրի շրջանակում նախատեսվում են նաև այցելություններ տարբեր թանգարաններ և կենտրոններ, որոնք հանրայի կապերի ոլորտի ձևավորման հարցում առանձնահատուկ դերակատարում են ունեցել:

«4Ps4YOUth» ուսուցողական ծրագրին ԵՊՀ-ն ներկայացնելու են համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար Աստղիկ Ավետիսյանը, ծրագրի դասախոս Արևիկ Համբարձումյանը և ծրագրի ուսանողներ Սոնա Վարդանյանն ու Անի Պողոսյանը:

Նշենք նաև, որ ծրագիրն իրականացվում է Հայկական PR ասոցիացիայի և ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի նախաձեռնությամբ:

Անի Պողոսյան

 

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԻԻՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԱՅԱԶԳԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՊԱՐՍԿԵՐԵՆ ՄԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
ԵՊՀ արևելագիտություն ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում այսօր տեղի են ունեցել ԻԻՀ խորհրդարանի հայազգի պատգամավոր, պատմագիտության դոկտոր Կարեն Խանլարյանի «Հայաստանի աշխարհագրության սահմանումը ըստ իսլամական աղբյուրների» պարսկերեն մենագրության շնորհանդեսը և հեղինակի հետ հանդիպումը։
ՍԱՀՄԱՆՎԵԼ Է ԵՊՀ 2019-2020 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ ՄԻՋԻՆ ՈՐԱԿԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ (ՄՈԳ) ՇԵՄԸ
ԵՊՀ-ում 2019-2020 ուսումնական տարվա համար միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը բակալավրիատում սահմանվել է 11.00-ն, իսկ մագիստրատուրայում՝ 15.00-ն: