05.10.2010 | 
Կրթություն
ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԱՄԵՆԱՄԵԾ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ
ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԱՄԵՆԱՄԵԾ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ
Վերջերս մեր բառապաշար ներթափանցած «գենդեր» տերմինը հաճախ է քննարկումների առիթ հանդիսանում:

Այսօր ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Գենդերային առանձնահատկություններն աշխատաշուկայում եւ ուսանողների կարիերայի զարգացման խնդիրները» խորագրով սեմինար-քննարկում: ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ողջունելով քննարկման մասնակիցներին, տեղեկացրեց, որ Շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնը ոչ միայն ուսանողներին օգնում է աշխատանք գտնելու հարցում, կազմակերպում պրակտիկաներ, այլեւ փորձում է հետազոտական, վերլուծական աշխատանքների միջոցով պարզել, թե աշխատաշուկայում ինչպիսի խնդիրներ կան, եւ ինչ լուծումներ կարելի է առաջարկել այս ուղղությամբ:

 

ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանն ասաց, որ այս սեմինար-քննարկման նպատակն է վերլուծել եւ հասկանալ, թե գենդերային ինչպիսի խնդիրներ կան աշխատաշուկայում, այնուհետեւ քննարկել եւ մշակել դրանց լուծման ուղիները: Սեմինարի մասնակից պետական պաշտոնյաները, միջազգային կազմակերպությունների ու հասարակական կառույցների ներկայացուցիչները տարատեսակ մեկնաբանություններով, հիմնավորումներով ու վիճակագրական տվյալներով ներկայացնում էին ոլորտում առկա հիմնախնդիրները: «Մասնագիտության ընտրություն», «աշխատանքի տեղավորվել», «ազգային մենթալիտետ», «եվրոպամետ հայացքներ» պատճառահետեւանքային շղթայով օղակված այս խնդիրներն են, որ առաջ են բերում գենդերային անհավասարություն, խտրականություն, ինչը դրսեւորվեց նաեւ քննարկման ընթացքում: Տղամարդ մասնակիցները զարմացած էին, թե ինչու կինն ու տղամարդը պետք է հավասար լինեն: «Բնագիտական ոլորտում ավելի շատ տղամարդիկ են աշխատում ու սովորում, իսկ հումանիտար մասնագիտությունների «տերերը» կանայք են»,- ասում է ԵՊՀ ռեկտորի օգնական Դավիթ Հայրապետյանն ու որպես հոգեբան` մանրամասնում, թե ինչից է առաջ գալիս մասնագիտության ու աշխատանքի ընտրության խտրականությունը:

 

Այսօր գործադիր մարմնում կա երկու կին նախարար, օրենսդիր ու դատական իշխանություններում` հաշված թվով կանայք, ասել է թե` քաղաքականությունում գենդերային խտրականությունն ակնհայտ է: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրերի ազգային պատասխանատու Օվսաննա Բաբայանն էլ նկատում է, որ ղեկավար օղակներում հիմնականում որոշում կայացնողները տղամարդիկ են: «Արդյո՞ք կան մասնագիտություններ ու ոլորտներ, որտեղ պահանջվում են արական կամ իգական սեռի ներկայացուցիչներ»,- հարց է բարձրացնում սեմինարավարն ու փորձում զսպել բուռն քննարկումը, քանի որ ծավալվում էր բուռն բանավեճ կին եւ տղամարդ մասնակիցների միջեւ: «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետի տեղակալ Գագիկ Սահակյանը նշեց, թե ընտանիքը պահելու հիմնական հոգսը ծանրանում է տղամարդու վրա, հետեւաբար տղամարդիկ ձգտում են բարձր վարձատրվող աշխատանքի, իսկ կանայք պնդում են, թե կան մասնագիտություններ ու աշխատատեղեր, որոնք տղամարդկանց «մենաշնորհն» են:

Այլ նորություններ
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ. ԵՊՀ-ՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ԱՌՑԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ
ԵՊՀ-ում հունիսի 15-ին ավարտվել է 2020-2021 ուսումնական տարվա դիմորդների դիմում-հայտերի առցանց ընդունման առաջին փուլը, որին հայտագրվել է 4060 դիմորդ:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԱՌՑԱՆՑ
ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ մագիստրատուրայի ընդունելության հայտերն անհրաժեշտ է լրացնել առցանց: