08.11.2011 | 
Հասարակություն
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓՈՒԼ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓՈՒԼ
Եգիպտոսի պատվիրակությունը Հայաստանում Եգիպտոսի մշակույթի օրերի շրջանակներում այցելեց նաեւ Մայր բուհ:

Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հյուրընկալեց եգիպտական պատվիրակությանը, որը գլխավորում էր Եգիպտոսի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարի խորհրդական, մշակույթի արտաքին հարաբերությունների 1-ին պետքարտուղար Հոսսամ Նասսարը: Ռեկտորը նախ ողջունեց հյուրերին, այնուհետեւ բարձր գնահատեց երկու հնագույն պետությունների բազմաճյուղ հարաբերությունները. «Ուրախ եմ, որ այցելել եք Երեւանի պետական համալսարան` ծանոթանալու մեր ուսանողական ու մշակութային կյանքին:

 

Ընդհանրապես Եգիպտոսը միշտ էլ հայերի լավ բարեկամն է եղել, որը եղբայրության ձեռք է մեկնել մեզ, մասնավորապես Ցեղասպանության ժամանակ հազարավոր հայեր ապաստան են գտել հենց Եգիպտոսում»: Այնուհետեւ ԵՊՀ եգիպտագիտության հայկական կենտրոնի տնօրեն դոկտոր Քրիստիան Թութունջյան դը Վարդավանը նույնպես ողջունեց հյուրերին ու ներկայացրեց կենտրոնի գործունեության պատմությունը եւ ընթացիկ ծրագրերը: Մշակույթի նախարարի խորհրդական Հոսսամ Նասսարը, կարեւորելով հայ-եգիպտական մշակութային բնագավառների միջեւ սերտ համագործակցությունը, խոսեց Հայաստանում եգիպտագիտության զարգացման նոր հեռանկարների, Եգիպտոսում հայկական մշակույթի տարածման, ինչպես նաեւ նոր սերնդի դաստիարակության գործում մշակույթի դերի մասին:

 

ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը Եգիպտոսի պատվիրակությանը հակիրճ ներկայացրեց ԵՊՀ պատմությունը, ուսումնական, գիտական եւ միջազգային համագործակցության վերաբերյալ որոշ տվյալներ, իսկ ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը պատմեց կենտրոնի հիմնադրման ու գործունեության, ինչպես նաեւ իրականացվող ծրագրերի, համագործակցության եւ ընդհանրապես համալսարանական կյանքում մշակութային դաստիարակության մասին:

 

Կողմերը նախնական համաձայնության եկան ԵՊՀ մշակույթի կենտրոնի եւ Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպանատան անմիջական աջակցությամբ արաբերեն ֆիլմերի ցուցադրությունների ու քննարկումների միջոցով ուսանողներին հնարավորություն ընձեռել ավելի մոտիկից ծանոթանալու եգիպտական մշակույթին: Արամ Սիմոնյանն էլ իր հերթին նշեց, որ մոտ ապագայում ԵՊՀ-ում կհիմնվի իսլամական կենտրոն, որը նույնպես կնպաստի երկու պետությունների միջեւ հարաբերությունների ամրապնդմանը: Հանդիպման վերջում ռեկտորը հյուրերին փոխանցեց Մայր բուհի եւ հայկական ճարտարապետության մասին պատմող բուկլետներ, հուշանվերներ:

 

Հոսսամ Նասսարն էլ իր հերթին Արամ Սիմոնյանին նվիրեց իր հեղինակած ստեղծագործությունների գիրքը: Հանդիպմանը ներկա էին նաեւ ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, Արեւելագիտության եւ Պատմության ֆակուլտետների դեկաններ Գուրգեն Մելիքյանն ու Էդիկ Մինասյանը, ինչպես նաեւ ԵՊՀ եգիպտագիտության հայկական կենտրոնի տնօրեն Քրիստիան Թութունջյան դը Վարդավանը:

Այլ նորություններ
«ԻՏԱԼԵՐԵՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԼԵԶՈՒ». ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԻՏԱԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ
ՀՀ-ում Իտալիայում արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Վինչենցո դել Մոնակոյին իր աշխատասենյակում հյուրընկալեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
«ՀԱՅԵՐԸ ԵՎ ՃԱՊՈՆԱՑԻՆԵՐԸ ՇԱՏ ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆ». ՃԱՊՈՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԷՐ ԵՊՀ-ՈՒՄ
Ջուն Յամադայն այսօր հանդիպել է Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: