24.05.2007 | 
Ուսանողական
ՆՈՐ ՉԵՄՊԻՈՆ ՈՒՆԵՆՔ
ՆՈՐ ՉԵՄՊԻՈՆ ՈՒՆԵՆՔ
ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի բասկետբոլի թիմը այս տարվա հաղթողն է:

Եզրափակչի ընթացքը բավական թեժ էր: Հիմնական ժամանակի ավարտին թիմերը հավասար արդյունքներ գրանցեցին: Լրացուցիչ ժամանակահատվածում ֆիզիկայի ֆակուլտետի թիմը 3 միավորով զիջեց տնտեսագիտության ֆակուլտետի թիմին` գրավելով երկրորդ տեղը: Երրորդ հորիզոնականում մաթեմատիկայի ֆակուլտետի թիմն է:

Երեւանի պետական համալսարանի ֆիզիկական դաստիարակության ամբիոնը եւ ԵՊՀ ուսխորհրդի սպորտի հանձնաժողովը բասկետբոլի միջֆակուլտետային առաջնություն էին կազմակերպել: Սա ավանդական միջոցառում է, որ անցկացվում է ավելի քան 30 տարի: Ի տարբերություն անցյալ տարվա մասնակից ութ թիմի` այս տարի մասնակցում էր 11 թիմ:

«Ենթախմբերի պայքարն այնքան էլ թեժ չէր, որքան եզրափակիչն էր: Թիմերի մեջ կան խաղացողներ, ովքեր պարապում են ԵՊՀ բասկետբոլի հավաքականում»,- ասաց ֆիզդաստիարակության ամբիոնի ասիստենտ, մրցավար Վլադիմիր Զաքոյանը:

Նա նկատեց, սակայն, որ ֆակուլտետներն այնքան էլ ոգեւորված չեն մրցույթին մասնակցելու հեռանկարով: Պահանջվող 10 անդամի փոխարեն թիմերը ներկայացրել էին 5-7 անդամ: Պարոն Զաքոյանը ոչ սպորտային պահվածք որակեց Իրավագիտության եւ Աստվածաբանության ֆակուլտետների թիմերի մոտեցումը խաղին:

«Երկու խաղի մասնակցեցին ու այլեւս չներկայացան: Բայց, օրինակ, սոցիոլոգիայի ֆակուլտետի մասնակցությունը բավական գովելի է: Առաջին անգամը հանդես գալով` նրանք շատ լավ արդյունքներ ցուցաբերեցին»,- նշեց մրցավարը:

Անցյալ տարի բասկետբոլի միջֆակուլտետային մրցաշարի հաղթող էր ճանաչվել Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի թիմը, որն այս տարի գրավեց 4-րդ հորիզոնականը: Ինչ վերաբերում է միջբուհական առաջնությանը, այս տարի ԵՊՀ հավաքականի արդյունքներն այնքան էլ հուսադրող չեն: «Պետք է մասնակիցներն ավելի շատ լինեն, ավելի շատ ժամանակ տրամադրեն սպորտին»,- ասաց Վլադիմիր Զաքոյանը:

Մրցանակակիրների համար կազմակերպիչները պատվոգրեր եւ հուշամեդալներ էին պատրաստել:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՃԱՆԱՊԱՐՀԵՑ ԱՇԽԱՐՀԱԳԵՏ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
ԱՐԽԻՎԱՅԻՆ ԿԱԴՐԵՐ ԵՊՀ  ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԻՑ
1960-ականներ. տեսանյութ այն մասին, թե ինչպես են ԵՊՀ տվյալ ուստարվա դիմորդները ծանոթանում ընդունելության քննությունների արդյունքներին: