20.02.2009 | 
Ուսանողական, Հասարակություն
ՄԵՐ ՀԵՐՈՍ ՊԵՏՈՅԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ՄԵՐ ՀԵՐՈՍ ՊԵՏՈՅԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Այսօր համալսարանական զոհված ազատամարտիկ Պետրոս Ղեւոնդյանի անվան լսարանում նրան նվիրված ցերեկույթ էր:

ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի հերոս-շրջանավարտին նվիրված միջոցառումը կազմակերպել էր ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը:

 

Ներկա էին Պետրոսի քույրը, մարտական ընկերները, ֆակուլտետի դեկանը, դասախոսներ, ուսանողներ: Ֆակուլտետի դասախոս, գիտական քարտուղար Գրիգոր Ալավերդյանը հիշեց Պետրոսի հետ իր առաջին հանդիպումն ու խոստովանեց, որ եթե հարցնեին, թե կուրսից ով կարող է կռվի մեկնել, Պետրոսի անունը, թերեւս, ցուցակի վերջում գրեր: Այնինչ նա առաջիններից էր: «Նա պարզ ու համեստ տղա էր: Երկար ժամանակ նույնիսկ չգիտեինք, որ կռվում է, որովհետեւ երբեք համալսարան համազգեստով չէր գալիս, եւ դա այն տարիներին, երբ զինվորական հագուկապը մի տեսակ նորաձեւ էր դարձել»,- ասում է դասախոսն ու ավելացնում, որ իր համեստ վարքով ու մեծ գործով Պետրոսն իրեն ամենամեծ դասն է տվել:

 

Պետրոս Ղեւոնդյանը ծնվել է 1964 թ-ին Պռոշյանում: ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Պետոն մարտի դաշտում շատ արագ ԼՂ մայոր Պետրոս Ղեւոնդյան դարձավ, ընտրվեց Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար: Ոչ միայն մշակեց Օմարի լեռնանցքի գրավման դժվարին ծրագիրը, այլեւ իր գումարտակով, առանց զոհ տալու, իրականացրեց այն: Արցախի հերոս ազատամարտիկ, հրամանատար Պետրոս Ղեւոնդյանը զոհվել է 1994 թ-ի փետրվարի 14-ին Քարվաճառի շրջանի Եղեգնուտ գյուղում: Ազատամարտիկի մահվան 15-րդ տարելիցին նվիրված ցերեկույթը ե´ւ թախծոտ էր, ե´ւ ուրախ:

 

Հնչեցին երգեր, բանաստեղծություններ, ներկաները հիշեցին Պետրոսին, նրա գործը, նպատակներն ու մեծ երազանքները: «Նա ասում էր, որ սա մեր ժամանակն է, այս գործը մեր ուսերին է, ուրեմն մենք պիտի անենք ու թե հանկարծ բաց թողնենք այս պահը, մեր երկիրը կզրկվի իր հողերը ետ բերելու հնարավորությունից»,- հիշում է նրա ընկերը` Իգոր Սարգսյանը: Իսկ մյուս մարտական ընկերը` Պավլիկ Մանուկյանը, ասաց, որ միայն տարիներ անց է կարողացել հասկանալ, թե ռազմական ինչ գիտակ էր իր ընկերն ու հրամանատարը: «Նա չէր փորձում փոխել տղաներից եւ ոչ մեկին: Սակայն նա հրաշալի գիտեր մեզանից յուրաքանչյուրիս ուժեղ ու թույլ կողմերը եւ ճիշտ պահին միշտ ճիշտ մարդու էր հանձնարարություն տալիս»: 1996 թ-ին` հետմահու, ԼՂՀ-ի կողմից պարգեւատրվել է «Մարտական խաչ» շքանշանով: Նույն թվականին ՀՀ-ի կողմից պարգեւատրվել է Արիության մեդալով, ավելի ուշ ստացել է «Ոսկե արծիվ» շքանշան` արժանանալով «Արցախի հերոս» կոչմանը:

 

ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ազատամարտիկ-շրջանավարտի անունով են անվանակոչվել Պռոշյանի եւ Եղեգնուտի միջնակարգ դպրոցները: Իսկ 2007-ին նրա հարազատ ֆակուլտետում բացվեց Պետրոս Ղեւոնդյան անունը կրող լսարան: ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը 12 տարեկան է: «Մի անգամ ազատամարտիկներից մեկի եղբայրն ասաց, որ մենք լույսի շող դրեցինք նրա մոր աչքերում: Սա մեր ակումբի ամենամեծ ձեռքբերումն է»,- ասաց ակումբի ղեկավար Սաթենիկ Աբրահամյանը: Միջոցառման վերջում Սաթենիկ Աբրահամյանը բոլորին շնորհավորեց անցած` Վարդանանց տոնի կապակցությամբ: Քանի որ նույն օրը հայտարարվել էր նաեւ Գիրք նվիրելու օր, «Վարդանանքի» անդամները ակումբի եւ ԵՊՀ գրադարանի կողմից ներկաներին գրքեր նվիրեցին:

Այլ նորություններ
«ՄԵՆՔ ՔԱՅԼՈՒՄ ԵՎ ԳՈՐԾՈՒՄ ԵՆՔ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ ՀԱՄԸՆԹԱՑ». ԱՅՍՕՐ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՕՐՆ Է
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Հայաստանում նշվում է հայ մամուլի օրը: 1794 թ. հոկտեմբերի 16-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում տպագրվեց առաջին հայկական ամսագիրը՝ «Ազդարարը»: Ամսագրի հիմնադիրն էր Հարություն քահանա Շմավոնյանը։ Այն գործել է մինչև 1796-ի մարտը։ Այդ ընթացքում հրատարակել է 18 համար՝ 965 էջ ընդհանուր ծավալով: Հետագայում Հայաստանի կառավարության 2004 թ. ապրիլի 22-ի որոշմամբ հոկտեմբերի 16-ը դարձել է «Մամուլի աշխատակիցների օր», որը հետագայում վերանվանվել է «Հայ մամուլի օր»։
 ԱՅՍՕՐ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՕՐՆ Է
Այսօր նշվում է Հայ մամուլի օրը:
Ամսաթվի ընտրությունը պատահական չէ, քանի որ 1794 թվականի հենց այս օրը Մադրասում (Հնդկաստան) տպագրվել է առաջին հայկական ամսագիրը՝ «Ազդարարը», իսկ արդեն 2004 թ. ապրիլի 22-ից, Հայաստանի կառավարության որոշմամբ, հոկտեմբերի 16-ը նշվում է որպես Հայ մամուլի օր: