08.05.2007 | 
Հասարակություն
ՊԱՏԱՍԽԱՆԸ ՉՈՒՇԱՑԱՎ
ՊԱՏԱՍԽԱՆԸ ՉՈՒՇԱՑԱՎ
«Հայաստան, Հայաստան…», «Կեցցե Հայաստանը» բացականչություններով այսօր Երեւանի պետական համալսարանի մեծ դահլիճում ուսանողները դիմավորեցին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին:

Վարչապետը համալսարան էր այցելել երեք օր առաջ «Հույս» ուսանողական-երիտասարդական շարժման ուղղած նամակին պատասխանելու նպատակով: Չթերագնահատելով մյուս բուհերին` վարչապետը կարծիք հայտնեց, որ Երեւանի պետական համալսարանն ու այնտեղ սովորող ուսանողներն առանձնահատուկ առաքելություն ունեն: Բարձր գնահատելով երիտասարդների դերն ու նշանակությունը` վարչապետն անմիջապես անդրադարձավ նամակում նշված հարցերին:

Տարբեր հանձնաժողովների միջոցով ընդունելության քննությունների խիստ վերահսկողությանը վերաբերող հարցին վարչապետը պատասխանեց, որ ինքը բացասաբար է վերաբերվում տարբեր հանձնաժողովների ստեղծմանը. ստացվում է այնպես, որ մի հանձնաժողով ստեղծվում է մյուս հանձնաժողովի աշխատանքը վերահսկելու համար: «Ես դեմ չեմ, որ հասարակական կազմակերպությունները մասնակցեն քննական գործընթացին, սակայն, չապավինելով միայն մարդկային գործոնին, կառավարությունը շուրջ 125 միլիոն դրամ է հատկացրել ընդունելության քննությունները տեսագրելու եւ արխիվացնելու սարքավորումներ ձեռք բերելու համար»:

ԿԳ նախարարի պորտֆելի անկուսակցականացմանը վերաբերող գրավոր հարցմանն ի պատասխան` վարչապետն ասաց. «Համաձայն մեր օրենքների` ՀՀ կառավարությունը քաղաքական կառավարություն է, այսինքն` նախարարները հիմնականում պետք է լինեն կուսակցականներ, բայց կարծում եմ` նույնիսկ նախարարի կուսակցական լինելու դեպքում պետք է դպրոցում եւ բուհում կուսակցական գործունեություն չծավալվի»:

Վարչապետը համակարծիք էր ուսանողների այն առաջարկին, որ պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձերը պետք է բարձրացվեն: Վկայակոչելով վերջին տարիներին ուսուցիչների աշխատավարձերի մոտավորապես յոթ անգամ բարձրացումը` կառավարության ղեկավարը խոստացավ նաեւ պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձերի բարձրացում, իսկ ուսանողի այն հարցին, թե հնարավոր է արդյոք աշխատավարձերի բարձրացման արդյունքում ուսուցիչների պես դասախոսներ եւս կրճատվեն, Ս. Սարգսյանը պատասխանեց. «Որեւէ կրճատում ինքնանպատակ լինել չի կարող, եթե ծանրաբեռնվածությունը բավարարում է, որեւէ խնդիր չկա»:

Ներբուհական քննությունների համակարգչայնացմանը վարչապետը եւս կողմնակից է: Իսկ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հավաստիացրեց, որ Բոլոնյան գործընթացում ամրագրված այս նախապայմանը համալսարանում կներդրվի 2-3 տարվա ընթացքում:

Ուսանողների նամակում նշված այն ցանկությանը, թե բուհերի գիտական խորհուրդների 25 տոկոսը նույնպես պետք է ընտրել բուհի սովորողներից, ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը խոստացավ հարցին պատասխանել ԵՊՀ գիտխորհրդի կանոնակարգին ծանոթանալուց հետո միայն:

Մինչ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելուն վերաբերող հարցին պատասխանելը` վարչապետը «Հույս» ուսանողական-երիտասարդական շարժման կազմակերպիչներից փորձեց ճշտել, թե խոսքը որ ընտրություններին է վերաբերում, եւ հավաստիացրեց, որ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու գործընթացն սկսվել է ԵՊՀ ռեկտորի ընտրություներից: «Մեծ ցանկություն ունենք մեր համապետական ընտրությունները կազմակերպել այնպես, որ մեզ համարեն ժողովրդավար երկիր»,- նշեց Սերժ Սարգսյանը:

Նամակում նշված գրավոր հարցերին պատասխանելուց հետո վարչապետ Սարգսյանը պատասխանեց ուսանողների բանավոր հարցերին եւս:

Ուսանողներին հետաքրքրող հարցերը բազմազան էին ու բազմաբնույթ` սկսած պետության կադրային քաղաքականությունից, կաշառակերության դեմ պայքարից, Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունից, տնտեսական հիմնախնդիրներից, վերջացրած` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրով ու առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրություններով:

«Հույս» ուսանողական-երիտասարդական շարժման նախաձեռնող խմբի անդամները շնորհակալ էին, որ վարչապետն արձագանքել է իրենց նամակին, իսկ ԵՊՀ խորհրդի նախագահը խոստացավ, որ ուսանողության հետ հանդիպումները կլինեն շարունակական:

Այլ նորություններ
«ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՋ ԳՈՅԻ ԻՄԱՍՏԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԵՐԸ…». ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել Սահմանադրական ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի մենագրության շնորհանդեսը:
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ. 94 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի իրավաբան Օլիմպիա Գեղամյանն այսօր մասնագիտական թեմայով դասախոսություն է կարդացել Երևանի հ. 94 ավագ դպրոցի իրավաբանական հոսքի 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար: