02.10.2017 | 
Գիտություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՆՎԻՐՎԱԾ Է ՈՒԳԸ 70-ԱՄՅԱԿԻՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՆՎԻՐՎԱԾ Է ՈՒԳԸ 70-ԱՄՅԱԿԻՆ
Այսօր ԵՊՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային 4-րդ գիտաժողովի բացման արարողությունը:

Ներկաներին և գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՈՒԳԸ նախագահ Մհեր Հակոբյանը, ով նշեց, որ 2017 թ.-ին լրանում է ԵՊՀ ՈՒԳԸ հիմնադրման 70-ամյա հոբելյանը, և հենց այդ իրադարձությանն է նվիրված 4-րդ տարեկան գիտական նստաշրջանը, որն այս անգամ միջազգային բնույթ ունի:

 

«ԵՊՀ ՈՒԳԸ-ն հիմնադրվել է 1947 թ.-ին և Հայաստանում գործող ամենահին երիտասարդական, ավելի կոնկրետ ուսանողական կազմակերպությունն է, որի շրջանավարտներն այսօր ճանաչված մարդիկ են, ղեկավարներ, պրոֆեսորներ: Իր գործունեության 70 տարիների ընթացքում ՈՒԳԸ-ն ներգրավել է հազարավոր երիտասարդների, կազմակերպել հարյուրավոր գիտաժողովներ՝ դառնալով երիտասարդական գիտական ներուժի կենտրոնացման հարթակ»,- հավելեց ՈՒԳԸ նախագահը:

 

 

Անդրադառնալով երիտասարդների շրջանում գիտական հետաքրքրությունների աճին՝ Մհեր Հակոբյանը, փաստեց, որ 2014 թ.-ից սկսած՝ ՈՒԳԸ-ն կազմակերպել է պարբերական, ամենամյա հաճախականությամբ գիտաժողովներ, սակայն այս գիտաժողովն առանձնանում է մասնակից երկրների աշխարհագրությամբ և նշանակալիությամբ, քանի որ զեկուցումներով հանդես են գալու շուրջ 350 մասնակիցներ 14 երկրների 39 ուսումնական ու գիտահետազոտական հաստատություններից, ինչն այս գիտաժողովը դարձնում է տարվա գլխավոր և ամենամեծ երիտասարդական գիտական իրադարձությունը:

 

Գիտաժողովի բացման արարողությանը ներկա էին ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը, ինչպես նաև ֆակուլտետների դեկաններ, փոխդեկաններ, ամբիոնների վարիչներ, դասախոսներ, ուսանողներ:

 

Պարոն Մարկոսյանը ռեկտորի և ռեկտորատի անունից ողջունեց գիտաժողովի մասնակիցներին. «Մաղթում եմ ձեզ բեղմնավոր աշխատանք, հետաքրքիր քննարկումներ բաժանմունքներում և նոր հաջողություններ ձեր գիտական գործունեության մեջ»:

 

 

Պրոռեկտորը խոսեց ՈՒԳԸ-ի՝ վերջին տարիների գործունեության մշտական աճի ու ձեռքբերումների, մասնավորապես տարեկան գիտական նստաշրջանների, ԲՈՀ-ի կողմից ճանաչելի ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուների մասին, ապա բարի երթ մաղթեց գիտաժողովի մասնակիցներին:

 

ՈՒԳԸ նախագահ Մհեր Հակոբյանն էլ, շնորհակալություն հայտնելով կատարված մեծածավալ աշխատանքի համար ՈՒԳԸ թիմին, գիտաժողովի կազմակերպմանը մեծապես աջակցելու համար ԵՊՀ ռեկտորատին, մասնագիտական աջակցության համար ֆակուլտետների ղեկավարությանը, մշակութային մասը կազմակերպելու համար Մշակույթի կենտրոնին, հույս հայտնեց, որ գիտաժողովը տարբեր գիտական հարցեր քննարկելու և դրանց շուրջ բանավիճելու հիանալի հնարավորություն կտա բոլոր մասնակիցներին:

 

Հավելենք, որ գիտաժողովի աշխատանքներն ընթանալու են տարբեր բաժանմունքներում մինչև հոկտեմբերի 6-ը. հենց այդ օրն էլ տեղի կունենա գիտաժողովի փակման արարողությունը: Ի դեպ, այս տարի գիտաժողովի աշխատանքներին առաջին անգամ մասնակցում է նաև Պատմության բաժանմունքի Ցեղասպանագիտություն ենթաբաժանմունքը:

Այլ նորություններ
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԵՐԸ
Հոկտեմբերի 18-19-ը ԵՊՀ այցելեցին Գրոնինգենի կիրառական գիտությունների Հենզի համալսարանի (Նիդերլանդներ) պատվիրության անդամները:
«ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ Է ՍԱՀՄԱՆՈՒՄ ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱՆ»
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «Կրթության հիմնահարցերը 21-րդ դարում» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը՝ նվիրված ԵՊՀ մանկավարժության ամբիոնի 96-ամյակին: