23.05.2007 | 
Հասարակություն
ԵՎՍ ՄԵԿ ՔԱՅԼ
ԵՎՍ ՄԵԿ ՔԱՅԼ
«Ես հուսով եմ` 1-2 տարի հետո իսկապես կունենանք միջազգային չափորոշիչներին համապատասխանող գրադարանային ծառայություն»,- ասաց ԵՊՀ պրոռեկտոր Արսեն Քարամյանը:

Մայիսի 23-ին տեղի ունեցավ ԵՊՀ Սարգիս եւ Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի ռեսուրս կենտրոնի բացման արարողությունը: 28 համակարգիչներով հագեցած ռեսուրս կենտրոնը բացվել է Եվրամիության Տեմպուս ծրագրի հետ համագործակցության շրջանակներում:

Տեմպուս ծրագրի Հայաստանյան ղեկավար Լանա Կարլովան նշեց, որ իրենց ծրագրի շրջանակներում սա գրադարանի գործունեությանը նվիրված առաջին համագործակցությունն էր:

«Մենք դեռ շատ անելիքներ ունենք: Կարծում եմ` նման կենտրոն պետք է լինի ԵՊՀ-ի գրադարանի ամեն հարկում»,- ասաց Լանա Կարլովան:

ԵՊՀ – Տեմպուս համագործակցության ծրագիրը, որ սկսվել է 2005 թ-ին եւ կավարտվի այս տարվա վերջում, իրականացվել է Մեծ Բրիտանիայի Միդլսեքս եւ Գերմանիայի Հանովերի տեխնիկական համալսարանների մասնագետների շնորհիվ:

«Ես վստահ եմ, որ Հանովերի եւ Միդլսեքսի համալսարանից եկած մասնագետները վերադառնում են վստահորեն հայտնելու, որ իրենց ճիգերը բերել են շոշափելի արդյունքներ, եւ որ այդ աշխատանքների շնորհիվ ստեղծված այս կետրոնը կծառայի հետագա ծրագրերի իրականացմանը»,- նշեց ծրագրի կոորդինատոր, Միդլսեքս համալսարանի ներկայացուցիչ Ալան Հոփկինսը:

ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայության հետ կապերի գծով պրոռեկտոր Արսեն Քարամյանը հույս հայտնեց, որ համագործակցությունը կշարունակվի: Պրոռեկտորը նշեց, որ ԵՊՀ-ն իր հերթին հավաստում է, որ առաջիկա ժամանակահատվածում բավական մեծ ներդրումներ է կատարելու գրադարանային գործի զարգացման համար:

Ծրագրի շրջանակներում ԵՊՀ պատմության, միջազգային հարաբերությունների եւ աստվածաբանության ֆակուլտետների գիտական գրադարանները ստացել են մեկական համակարգիչ: ԵՊՀ գրադարանի տնօրեն Աշոտ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ հաջորդ ուսումնական տարվա ընթացքում, ամենայն հավանականությամբ, ֆակուլտետային գրադարանների ստեղծման եւ զարգացման գործընթացում կներգրավվեն եւս 7 ֆակուլտետներ:

Աշոտ Ալեքսանյանը նշեց, որ վերջնականապես հստակեցվում է համակարգիչներից օգտվելու կարգը: Համալսարանականները համակարգիչներից օգտվելու հնարավորություն կստանան ընդամենը մեկ-երկու օրից:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՈՆԻՆ
Փետրվարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների նախասրահում, ԵՊՀ մշակույթի կենտրոնի և Գևորգյան հոգևոր ճեմարանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր Սուրբ Վարդանանց տոնին նվիրված միջոցառում:
ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ ՏԵՂԻ ՉՈՒՆԵՑԱՎ. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՍԻՑ ԱՎԵԼԻՆ ՆԵՐԿԱ ՉԷՐ
Այսօր հրավիրված Հոգաբարձուների խորհրդի նիստը տեղի չի ունեցել, քանի որ քվորում ապահովված չէր: