03.05.2007 | 
Հասարակություն
ԻՆՏԵԳՐՎՈՒՄ ԵՆՔ ԵՎՐՈՊԱՅԻՆ
ԻՆՏԵԳՐՎՈՒՄ ԵՆՔ ԵՎՐՈՊԱՅԻՆ
Մայիսի 3-ին ԵՊՀ գրադարանի սրահում տեղի ունեցավ Եվրոպական իրավունքի եւ ինտեգրման կենտրոնի բացման արարողությունը:

«Այսպիսով կարելի է արձանագրել, որ Հայաստանում այսուհետ գործում է Եվրոպական միության ինտեգրմանն ուղղված միջոցառումների իրականացման համար կազմակերպված կենտրոն, որի կարողությունների զարգացման եւ պետական ու եվրոպական կառույցների անհրաժեշտ հոգածության պարագայում այն կարող է վերածվել ազգային ինստիտուտի»,- բացման խոսքում ասաց Եվրոպական իրավունքի եւ ինտեգրման կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը:

Կենտրոնը ստեղծվել է Եվրոպական Միության կողմից հիմնադրված «Աջակցություն եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի եւ եվրոպական իրավունքի եւ ինտեգրման կենտրոնի հիմնմանը ԵՊՀ-ում եւ աջակցություն ԳՀՀ-ին (ECEILAW)» ծրագրի շրջանակներում 2006 թ-ին: Ծրագրի ամբողջ գումարը կազմում է 1.000.000 եվրո:

Ծրագրի առաջնային նպատակներն են ապահովել որակյալ մասնագետների առկայությունը, խթանել ԵՄ իրավունքի եւ ԵՄ ինտեգրման տնտեսական եւ քաղաքական բնագավառներում հետազոտությունների ու ուսումնասիրությունների անցկացումը:

Ծրագրի թիմի ղեկավար Յուրգեն Բինդերը Եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի եւ Եվրոպական իրավունքի եւ ինտեգրման կենտրոնի ստեղծման պատմությունը ներկայացրեց փոքրիկ հեքիաթի տեսքով: Նա բանալու մեկ օրինակը հանձնեց կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանին, իսկ երկրորդը պահեց իր մոտ` նշելով, որ ընդհանուր պատասխանատվությունն, այնուամենայնիվ, շարունակում է կրել ծրագիրը:

Իր ողջույնի խոսքն ասաց նաեւ Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար Պեր Էկլունդը: Նա հույս հայտնեց, որ կենտրոնը կկարողանա դառանալ ինքնուրույն, ինքնաբավ եւ կարեւոր կառույց:

Միջոցառմանը ներկա էին նաեւ ԵՊՀ խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը եւ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը:

«Այսօր մենք անում ենք եւս մեկ կարեւոր քայլ: Այս կենտրոնը, վստահ եմ, եվրոպական ինտեգրմանն ուղղված մեր հետագա քայլերում շատ մեծ կարեւորություն է ունենալու: Ազգային ժողովը ամեն կերպ կաջակցի կենտրոնի զարգացմանը եւ պատրաստ է ցանկացած համագործակցության»,- նշեց ԱԺ նախագահը:

Այլ նորություններ
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀՀ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. ԱՄՓՈՓՎԵԼ Է ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ
Տեղի է ունեցել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները համաշխարհային քաղաքականության խոշոր դերակատարների հետ» խորագրով ամառային առցանց դպրոցի փակման արարողությունը։
ՀՀ- ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանն այսօր «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները համաշխարհային քաղաքականության խոշոր դերակատարների հետ» խորագրով ամառային դպրոցի մասնակիցների համար հանդես է եկել հեռավար դասախոսությամբ։