01.10.2008 | 
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ. ՄԻ՞Ֆ, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ. ՄԻ՞Ֆ, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Միջազգային իրավունքի «jus cogens» սկզբունքների անխաթար գործունեությունն ընդամենը պրոֆեսորների երազանքն է»:
Այս կարծիքին է այսօր Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին, 2-րդ կուրսերի ուսանողների, նաև ասպիրանտների հյուրը` Իրավունքի եւ ժողովրդավարության ամերիկյան Ֆլետչեր համալսարանի պրոֆեսոր Մայքլ Գլենոնը: «Միջազգային իրավունք» առարկայի շրջանակում դասախոսության հրավիրված պրոֆեսորը ներկայացնում էր «Ուժի կիրառումը ժամանակակից միջազգային իրավունքում» թեման: Բանախոսը կենտրոնացավ կոնկրետ մի քանի դրույթների շուրջ. ինչպե՞ս են ձեւավորվել ուժի կիրառման միջազգային իրավական նորմերը, որտեղի՞ց են սկիզբ առնում, որո՞նք են այդ նորմերի սկզբնաղբյուրները, արդյո՞ք միջազգային իրավունքի նորմերը ներպետական իրավունքի արդյունք են, թե՞ միջազգային իրավունքի զարգացման եւ կատարելագործման: «Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում միջազգային իրավունքին առնչվող բազմաթիվ դրույթներ հստակեցվեցին, մի շարք խնդիրներ մանրամասնորեն մշակվեցին: Օրինակ` հստակեցվեց ռազմագերիների հանդեպ վերաբերմունքի խնդիրը»,- ասաց պրոֆեսոր Մայքլ Գլենոնը: Թեմայի մասին իր եզրահանգումները պրոֆեսորը որակեց որպես «տխուր»: «Թերեւս ավելի հեշտ է նոր իրավաբաններ պատրաստել, քան միջազգային իրավունքը դարձնել դիվանագիտության ասպարեզի գերակայություն»,- ասաց նա: Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Տարոն Սիմոնյանի համար դասախոսության մեջ քիչ նորություն կար, բայց ամերիկյան կողմի մասնագետի տեսակետ լսելը, այլ տեսանկյունից միջազգային խնդիրները քննարկելը նրա համար բավականին հետաքրքիր էին: «Հայտնի իրողություն է, որ ժամանակակից միջազգային հարաբերություններում առավել հզոր պետությունները ոչ թե առաջնորդվում են միջազգային իրավունքի նորմերով, այլ իրենց են ծառայեցնում այդ դրույթները` մեկնաբանելով դրանք յուրովի: Պրոֆեսորն իր խոսքի ընթացքում նշեց, թե այդ իրավունքի խախտման քանի դեպք է եղել միայն վերջին երեք տարվա ընթացքում: Իսկ իրավաբանների խնդիրն է ապահովել իրավունքի գերակայությունը միջազգային հարաբերություններում»,- ասաց Տարոն Սիմոնյանը: Դասախոսությանը հաջորդեց բավականին թեժ քննարկում, որի ընթացքում ուսանողներն ու ասպիրանտներն անդրադարձան զինված հարձակումների, անհիմն հրահրված պատերազմների, ահաբեկչության դեմ պայքարի եւ նույնիսկ էթնիկ զտման խնդիրներին: