21.04.2009 | 
Հասարակություն
ՊՅՈՒԹԱԳՈՐԱՍԸ, ՎԼԱՍՈՎԸ ԵՎ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆԸ
ՊՅՈՒԹԱԳՈՐԱՍԸ, ՎԼԱՍՈՎԸ ԵՎ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆԸ
Նա Եվրոպայում պարզեց հայոց դրոշը եւ ստիպեց բոլորին ոտքի ելնել, երբ հնչում էր հայկական օրհներգը:

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 74 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող Արսեն Ջուլֆալակյանին շնորհավորելու, մեծարելու եւ պարգեւատրելու համար այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում հավաքվել էին համալսարանի ղեկավարությունը, Արսենի հարազատները, ընկերները, համակուրսեցիները, նաեւ բոլոր նրանք, ովքեր ուզում էին անձամբ շնորհավորել սպորտում իր անունը ոսկե տառերով գրած երիտասարդին:

 

«Արսենը փառքի մեկ նիշ էլ ավելացրեց մեր ժողովրդի կենսագրությանը: Ես անսահման ուրախ եմ, որ գործ ունենք ոչ միայն չեմպիոնի հետ, այլեւ լավ մարդու, լավ ուսանողի եւ լավ հայի հետ: Դժվար է զուգակցել երկու տարբեր ոլորտների նվաճումները: Արսենի պարագայում մենք ունենք հազվագյուտ բացառություն:

 

Արսենն ուսանողի կատարյալ տիպար է: Իսկական տղամարդը, հայը, այսպես պետք է վերաբերվի իր բոլոր պարտավորություններին»,- ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Ռեկտորի հրամանով` ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը պարգեւատրվեց Երեւանի պետական համալսարանի ոսկեզօծ հուշամեդալով: ԵՊՀ ուսանողական խորհուրդը Արսենին շնորհեց Արծաթե մեդալ: ՈՒԽ նախագահ Ցոլակ Ակոպյանը հույս հայտնեց, որ Արսենը շատ շուտով կնվաճի աշխարհի չեմպիոնի եւ օլիմպիական չեմպիոնի տիտղոսները: Իսկ ԵՊՀ շրջանավարտների միավորման նախագահ Արսեն Քարամյանը, բոլոր շրջանավարտների անունից շնորհավորելով Արսենին, նրան նվիրեց 1 միլիոն դրամ:

 

«Բոլորիս էլ տարօրինակ, հակասական զգացմունքներ էին համակել, երբ էկրանի առաջ դիտում էինք Արսենի մենամարտերը: Ցավում էինք մեր հայրենակցի եւ համալսարանականի համար: Եվ նա բոլորիս պատիվը բարձր պահեց: Անսահման շնորհակալ ենք Արսենին մեզ հպարտության եւ բերկրանքի պահեր պարգեւելու համար»,- ասաց ԵՊՀ պրոռեկտոր, «Շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ Արսեն Քարամյանը: Արսենի համակուրսեցիներից մեկը` Անի Քաթաբյանը, նկատեց. «Որքան ուժեղ եւ խելացի է Արսենը, այնքան էլ նուրբ ու քնքուշ հոգի ունի»:

 

Իսկ մտերիմ ընկերը` Անդրանիկ Իսրայելյանը, ասաց, որ Արսենը ֆենոմենալ մարդ է. «Ինքս զբաղվել եմ սպորտով եւ գիտեմ, որ դա ուժ խլող բնագավառ է: Գրեթե անհնար է սպորտային պարապմունքներից հետո զբաղվել որեւէ այլ բանով, հատկապես գիտությամբ: Նման կարողություն ունեցել է հնագույն օլիմպիական խաղերի հաղթող Պյութագորասը, օլիմպիական չեմպիոն եւ փիլիսոփայական գիտությունների թեկնածու Յուրի Վլասովը եւ հիմա` Արսեն Ջուլֆալակյանը»: Իսկ դասախոսները հիացած են այս չեմպիոնի պատասխանատվության զգացումով եւ հետեւողականությամբ:

 

Արսենի ավարտական աշխատանքի ղեկավար Նուբար Չալըմյանը պատմեց. «Շատ հարգեցի Արսենին, երբ մի անգամ եկավ ինձ մոտ եւ տեղեկացրեց, որ մեկնում է մրցումների եւ որ իր հետ վերցնելու է գիտական նյութերը, որ ազատ ժամանակ ընթերցի»: Արսեն Ջուլֆալակյանը հուզված եւ շնորհակալ էր: «Այս ապրումները ոչ մի կերպ չեն զիջում Եվրոպայում չեմպիոնի կոչումը նվաճելու ժամանակ ունեցածս ապրումներին: Բոլոր այս պարգեւները ինձ համար նոր խթան են` ավելի մեծ նվաճումներ արձանագրելու: Խոստանում եմ երկու բնագավառում էլ ինձ հնարավորինս լավ դրսեւորել: Նույնիսկ ամաչում եմ, որ այս ամենն ինձ է նվիրված…»:

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԻՋԱՆԿՅԱԼ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ՉԵՆ ՉԵՂԱՐԿՎԻ.  ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ առաջին ընթացիկ (միջանկյալ) քննությունները կանցկացվեն նոյեմբերի 2-7-ը, իսկ հարգելի հիմնավորում ունեցող բացականերին կընձեռվի հնարավորություն դրանք հանձնելու իրենց համար սահմանված ժամկետում:
«ԱՅՍՕՐ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՐՏԵԼՈՒ ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆ Է». ԱՆՈՒՇԱՎԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԺԱՄԿՈՉՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միաբան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը հանդես է եկել հայ ժողովրդին ուղղված ուղերձով, որում նշվում է, որ այսօր մեզ է վիճակված համամարդկային չարիքին դիմագրավելու պատիվը։