24.09.2008 | 
ՄԱՐԴՆ ԱՆԱՉԱՌ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ
ՄԱՐԴՆ ԱՆԱՉԱՌ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ
Դիլիջանում մեկնարկեց միջազգային գիտաժողով մարդու իրավունքների վերաբերյալ:
Սեպտեմբերի 23-24-ը անցկացված գիտաժողովի թեման էր «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը եւ յուրաքանչյուր անձի արդարացի, անկախ ու անաչառ դատաքննության իրավունքը»: Քննարկվեց մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի ամենախոցելի խնդիրներից մեկը` դատական պաշտպանության իրավունքի խախտումը: «Հիմնական նպատակը այս ոլորտում առկա խնդիրների բացահայտումն է եւ հնարավոր լուծումների հայտնաբերումը: Հնարավորություն կա նաեւ այս խնդիրը քննարկել մարդկանց հետ, ովքեր անմիջականորեն առնչվում են թեմային»,- նշեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Կարեն Գեւորգյանը: 1998 թ-ից անցկացվող գիտաժողովին մասնակցում էին գիտնականներ եւ գործող իրավաբաններ ինչպես Հայաստանից, այնպես էլ ԱՊՀ երկրներից: «ԱՊՀ երկրների ներկայացուցիչների ներգրավումը հնարավորություն է տալիս համեմատական վերլուծություն կատարել միանման անցյալ ունեցող երկրների միջեւ»,- ասաց Կարեն Գեւորգյանը: Միջոցառումը կազմակերպել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, ՀՀ իրավաբաների միությունը, Իրավաբանների միջազգային միությունը եւ ԱՊՀ մի շարք երկրների իրավաբանների միությունները: Զեկույցներով հանդես եկան ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը եւ այլք: Նրանք ներկայացնում էին հայաստանյան իրականության մեջ մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրներն ու բացթողումները: Նախատեսվում է տպագրել ժողովածու, որում զետեղված կլինեն գիտաժողովի ընթացքում ներկայացված բոլոր զեկույցները: