03.12.2008 | 
Հասարակություն
ՎԵՀԱՓԱՌԻ ՀԻՇԱՏԱԿՆ ԱՆՄԱՐ Է
ՎԵՀԱՓԱՌԻ ՀԻՇԱՏԱԿՆ ԱՆՄԱՐ Է
«Սիրելի´ուսանողներ, դուք մեր երախտապարտ ժողովրդի պանծալի զավակներն եք, ովքեր տոնական միջոցառումներով կարողանում են ոգեշնչել մեր եկեղեցու լուսամիտ հայրապետ Վազգեն Ա-ի պանծալի հիշատակը»:

Այս խոսքերով սկսեց Վազգեն Վեհափառի գավազանակիր, նրա սան Տեր Եղիշեն: 

Վեհափառի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումը նախաձեռնել էր ԵՊՀ ՈԻԳԸ-ն: Աստվածաբանության, Պատմության եւ Ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողները զեկույցներ կարդացին Վազգեն Ա-ի կյանքի, գործունեության, հասարակական-քաղաքական դերի մասին:

Ներկաները նաեւ հնարավորություն ունեցան դիտելու Արա Գալստյանի հեղինակային ֆիլմը, որտեղ վերջինս ներկայացրել էր Ամենայն Հայոց Կաթողիկոսի ինչպես հոգեւոր, այնպես էլ աշխարհիկ կյանքի մանրամասներ: 

Վազգեն Առաջինը` նույն ինքը Լեւոն-Կարապետ Պալճյանը, ծնվել է 1908 թ-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում: Նախնական կրթությունն ստանալով տեղում` ուսումը շարունակել է Բուխարեստի պետական համալսարանում՝ մասնագիտանալով մանկավարժության եւ փիլիսոփայության մեջ: Բուխարեստում 1943 թ-ին անցել է հոգեւոր ծառայության եւ սկսել իր եկեղեցանպաստ, հայրենանվեր գործունեությունը: 

Այդ շրջանում Հայաստանում իշխում էին խորհրդային կարգերը: Խորհրդային քաղաքականությունը դեռեւս 30-ական թվականներից ժխտում ու հալածում էր կրոնը եւ ազգայնական գաղափարախոսությունները: Եվ հակաաստվածային այդ դժվարին տարիներին Վազգեն եպիսկոպոսին վիճակված էր լուծելու բազմաթիվ կուտակված խնդիրներ եւ մարտահրավերներ: 
1955 թ-ին Էջմիածնում գումարված ազգային-եկեղեցական ժողովը Վազգեն եպիսկոպոս Պալճյանին ընտրում է Ամենայն Հայոց Կաթողիկոս: Նրան ի վերուստ վիճակված էր գահակալել մինչեւ 1994 թ-ը:

«Իրապես, անգնահատելի է նրա դերը հայ ժողովրդի կյանքում: Վեհափառ հայրապետը ջանք չխնայեց հայ ժողովրդի զավակների առջեւ բացելու մեր հազարամյա վանքերի եւ եկեղեցիների դռները: Երկար տարիների դադարից հետո Վեհափառի շնորհիվ հայը հնարավորություն ունեցավ հասկանալու բուն հայկականության կարեւորությունը, որ ամփոփված է հայոց եկեղեցու մեջ: Նա Էջմիածինը դարձրեց այն ոսկյա կամուրջը, որով կապեց Սփյուռքի ու Հայաստանի հայությանը»,- հավաստեց Տեր Եղիշեն: 

Իսկ ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի լսարաններից մեկն այսուհետ կրելու է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անունը: Հանդիսավոր բացմանը ներկա էին նաեւ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը եւ այլ հյուրեր: 

Ի դեպ, ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ դեկտեմբերի 4-ին կկազմակերպվի ուխտագնացություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ ուսանողները ծաղիկներ կդնեն Վեհափառի շիրիմին, ինչպես նաեւ կայցելեն վեհարան եւ գանձարան:

Այլ նորություններ
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՍԻՄՎՈԼԻԶՄ. ՄԻ՞Ֆ, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ». ԱՌՑԱՆՑ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, ՀՀ արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ այսօր Իրավագիտության ֆակուլտետի ուսանողների համար իրականացվել է առցանց դասախոսություն, որի բանախոսներն են եղել Անահիտ Մանասյանը և Լատվիայի նախագահի՝ իրավական քաղաքականության հարցերով խորհրդական, Լատվիայի համալսարանի իրավունքի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Յանիս Պլեպսը:
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ  ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻՆ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ, Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի աջակցությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ: