15.04.2009 | 
Ուսանողական, Մշակույթ
ՀԱՅ ՊՈԵԶԻԱՆ` ՌՈՒՍ ԸՆԹԵՐՑՈՂԻՆ
ՀԱՅ ՊՈԵԶԻԱՆ` ՌՈՒՍ ԸՆԹԵՐՑՈՂԻՆ
В мареновом мерцаньи мути
Над миром мерзость моросит,
И мерно меркнут миражи
В мареновом мерцаньи мути...

Չարենցի «Տրիոլետի»` «Մառ մորմոքում է մայրամուտը...» բանաստեղծության ռուսերեն թարգմանությունը ցնցել է գրականագետներին: Թարգմանիչը Ռաֆայել Պապայանն է` գրականագետ, բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ, իրավագետ, թարգմանիչ: Ապրիլի 15-ին ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում Ռաֆայել Պապայանի թարգմանությամբ լույս տեսած երկու գրքերի` «20-րդ դարի հայկական պոեզիա» եւ Բուլատ Օկուջավայի «Տողեր եւ տաղեր» ժողովածուների շնորհանդեսն էր:

 

Գրքերից առաջինը 16 հայ բանաստեղծների ընտրանու ռուսերեն թարգմանությունն է: Թարգմանչի խստահայաց ընտրության արդյունքում ժողովածուում տեղ են գտել Հ. Թումանյանի, Ավ. Իսահակյանի, Մ. Մեծարենցի, Դ. Վարուժանի, Սիամանթոյի, Կոմիտասի, Վ. Տերյանի, Ե. Չարենցի, Հ. Շիրազի, Պ. Սեւակի, Հ. Էդոյանի եւ հայկական պոեզիայի մի քանի այլ մեծերի ստեղծագործություններ: «Թեեւ այս գործերից շատերն արդեն իսկ թարգմանված են, այնուամենայնիվ, ես եւս թարգմանել եմ:

 

Պատճառը ոչ թե այն է, որ ես թերագնահատում եմ մյուսների թարգմանությունները, այլ թերեւս հակառակը. փորձել եմ ռուս ընթերցողների շրջանում հայկական պոեզիայի պրոպագանդան ապահովել, եւս մեկ անգամ հիշեցնել մեր մեծերի մասին»,- իր խոսքում նշեց Ռաֆայել Պապայանը: Ի դեպ, ժողովածուի ծանոթագրություններում հեղինակն անպայման նշում է, թե այս կամ այն բանաստեղծության արդեն իսկ գոյություն ունեցող թարգմանությունը որտեղ կարող են գտնել ընթերցողները: Բուլատ Օկուջավայի ստեղծագործությունների հայերեն տարբերակների ընտրանին առաջինն է Հայաստանում: Ինչպես նկատեց ռուս բանասիրության ֆակուլետի դեկան Պավել Բալայանը, Ռաֆայել Պապայանը գերազանց տիրապետում է հայերենին եւ ռուսերենին:

 

Ծնվել է 1942 թվականին: 1972-ին Տարտուի (Դորպատ) համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը: ԵՊՀ-ում մի շարք գրականագիտական առարկաներ է դասավանդել: 1982-ին ձերբակալվել է եւ դատապարտվել 6 տարվա ազատազրկման` հակասովետական ագիտացիայի մեղադրանքով: Ներկայումս ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ է, նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամ: Հեղինակ է ավելի քան 150 գրականագիտական, իրավագիտական, հրապարակախոսական աշխատությունների, այդ թվում` մենագրությունների, սեփական բանաստեղծությունների, թարգմանությունների:

 

Պարգեւատրվել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու` «Ծառայությունների համար` ի փառս եկեղեցու» (1995 թ.) եւ Հայ Առաքելական Եկեղեցու` «Ս. Ներսես Շնորհալի» շքանշաններով: Հայաստանի գրողների միության երկրորդ քարտուղար Հովհաննես Գրիգորյանը պարոն Պապայանին հանձնեց ՀԳՄ անդամատոմս: Իսկ Ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողները ներկայացրին հայ դասականներին Պապայանի թարգմանությամբ եւ Օկուջավայի երգերը` հայերեն:

Այլ նորություններ
ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻ ԲԱՆԱՎԵՃԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱԿՈՒՄԲԻ ԱՌԱՋԻՆ՝ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՓՈՒԼՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում գործող բանավեճի մասնագիտացված ակումբն իր գործունեության շրջանակում երկրորդ տարին անընդմեջ կազմակերպում է մեկշաբաթյա դասընթացներ, որոնց հաջորդում է բուն առաջնության փուլը:
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻ ԵՐԿԻՐ Է, ՈՐՏԵՂ ՈՒԶՈՒՄ ԵՍ ԿՐԿԻՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ». ԴԵՎԻԴ ՍԵՐԵՐՈ
Ֆրանսիացի երգիչ, դերասան և պրոդյուսեր Դևիդ Սերերոն ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանի հրավերով այցելել է ԵՊՀ։ Նա ելույթ է ունեցել համալսարանականների համար ու վարպետության դաս անցկացրել կենտրոնի սաների հետ:
Դևիդ Սերերոյի հետ զրուցել ենք Հայաստան կատարած այցելության և ԵՊՀ մշակույթի կենտրոնի հետ համագործակցության մասին: