08.06.2007 | 
Հասարակություն
ՆՈՐ ՈՒՂԵՑՈՒՅՑ ԵՎ ՁԵՌՆԱՐԿ
ՆՈՐ ՈՒՂԵՑՈՒՅՑ ԵՎ ՁԵՌՆԱՐԿ
Հունիսի 8-ին Երեւանի պետական համալսարանի Հայաստանի աշխարհագրության կաբինետում տեղի ունեցավ «Կլիմայի փոփոխությունները» ուսումնական ձեռնարկի եւ մեթոդական ուղեցույցի շնորհանդեսը:

Այն կազմակերպվել էր ՀՀ բնապահպանության նախարարության «Կլիմայի փոփոխության» ծրագրի եւ ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի համատեղ գործունեության շրջանակներում: 

Ուսումնական ձեռնարկը նախատեսված է Հայաստանի բուհերում սովորող ուսանողների համար, իսկ մեթոդական ուղեցույցն օգտակար կարող է լինել կլիմայի փոփոխության հարցերին վերաբերող դասախոսություններ կարդացող մասնագետների համար: 

Ձեռնարկում եւ ուղեցույցում ներառված են ՀՀ տարածքում կլիմայի գլոբալ փոփոխությունների դրսեւորումներին ու կլիմայագոյացնող գործոններին ու պրոցեսներին վերաբերող դրույթներ: Այստեղ հրապարակված է նաեւ Կլիմայի փոփոխության ուսումնասիրության առաջին ազգային զեկույցը:

Բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արամ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ պատրաստ է Կլիմայի փոփոխության ուսումնասիրության երկրորդ ազգային զեկույցը, որի տեքստը բաժանվեց ներկաներին:

Հայսատանում «Կլիմայի փոփոխության կոնվենցիայի» ծրագրերի համակարգող Արամ Գաբրիելյանն ասաց, որ կոնվենցիայի հիմնական առաքելություններից մեկն էլ հանրության իրազեկում ու կադրերի պատրաստումն է: 

Այս ուսումնական ձեռնարկն ու մեթոդական ուղեցույցը հնարավորության հրաշալի առիթ են հանրության իրազեկման ու կադրերի պատրաստման համար: Ձեռնարկի ու ուղեցույցի հեղինակ, ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի դեկան Աշոտ Խոյեցյանը ծանոթացրեց գրքույկների կառուցվածքին եւ նշեց, որ այն պատրաստելիս նկատի է առնվել թեման մատչելի ու հստակ ներկայացնելու նկատառումը:

Հնչած առաջարկներն ու կարծիքները գրքի հեղինակն ու Բնապահպանության նախարարության ներկայացուցիչը խոստացան ուշադրության արժանացնել եւ հնարավորության դեպքում հրատարակել առանձին հավելվածի տեսքով:

Այլ նորություններ
ՍԼՈՎԱԿԻԱ. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Սլովակիան Կենտրոնական Եվրոպայում գտնվող, լեռներով պատված փոքր երկիր է:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հայտարարությունը՝ կապված Հանրային հեռուստաընկերության 2020 թ. սեպտեմբերի 10-ի եթերում հնչած տեղեկատվության հետ: