09.05.2018 | 
Հասարակություն
«ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՄԻՇՏ ՊԵՏՔ Է ԶԳՈՆ ԵՎ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ՝ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԻՐ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ, ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ». ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆ
«ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՄԻՇՏ ՊԵՏՔ Է ԶԳՈՆ ԵՎ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ՝ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԻՐ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ, ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ». ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆ
Մայիսի 9-ը հիշատակի, հաղթանակի և վաղ առավոտից միմյանց ջերմորեն շնորհավորելու լավ առիթ է: ԵՊՀ վարչական կազմը` ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ, թարմ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան գոյամարտում զոհված համալսարանականներին նվիրված հուշարձաններին:

«Այս հաղթանակի տոնը մեզ համար շատ խորհրդանշական է,- մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը,- այսօր մենք տոնում ենք ոչ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակը, որի մեջ հայ ժողովրդի ներդրումը շատ մեծ է՝ և՛ մասնակցության, և, ցավոք սրտի, նաև զոհերի առումով, այլ նաև Շուշիի ազատագրումը: Հատկանշական է այն , որ Երևանի պետական համալսարանի տարածքում ունենք երկու հուշարձան՝ նվիրված Երկրորդ համաշխարահային պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված համալսարանականների հիշատակին»:

 

 

 Արամ Սիմոնյանն իր խոսքում նշեց նաև, որ, ցավոք սրտի, պայքարը դեռ չի ավարտվել և մեր ժողովորդը միշտ պետք է զգոն և պատրաստ լինի պաշտպանելու իր անկախությունը, ազատությունն ու  ձեռքբերումները:

Վերհիշելով այդ տարիների իրադարձությունները՝ բոլոր համալսարանականներն էլ միակարծիք էին, որ մայիսի 9-ը ազգային հպարտություն ներշնչող  օրերից մեկն է: Հաղթանակները ոչ միայն կոփում են մարդկանց, այլ նաև ազգը սնուցում միասնականության  գաղափարով:

 

Հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը, խոսելով օրվա խորհրդի մասին, ասաց, որ, թեպետ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը ոչ միայն համաշխարհային այլ նաև հայ ժողովրդի պատմության մեջ ամենակարևոր իրադարձություններից է, բայց մեզ համար առանձնահատուկ կարևորություն ունի Շուշիի ազատագրումը: «Շուշիի ազատագրումը պատմական անհրաժեշտություն էր, որի շնորհիվ Արցախյան շարժումը թևակոխեց որակական նոր փուլ՝ վճռական բեկում մտցնելով պատերազմում»,-ասաց Սամվել Մուրադյանը՝ նշելով նաև այն համալսարանականների դերը, որոնք մասնակցություն են ունեցել ազգի համար բախտորոշ բոլոր ճակատագրական իրադարձություններին՝ կլինի Հայրենական պատերազմ, Շուշիի ազատագրում, թե Ապրիլյան պատերազմ: 

 

 

Վերջում համալսարանականներն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգի և «Եռաբլուր» պանթեոն:

Այլ նորություններ
«ՊԵՏՔ Է ՍՏԵՂԾԵԼ ՀԱՅՈՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ»․ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՐԱԶՈՒՄ ԷՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հովհաննես Թումանյանը հայ իրականության մեջ առաջիններից էր, որը հղացավ ազգային համալսարան հիմնելու գաղափարը և ամեն ինչ արեց այն իրագործման համար։
ԱՃԹՆ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ՀՀ արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության վերաբերյալ հանդիպում-քննարկում: