05.09.2011 | 
Կրթություն
ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ
ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ
Այսուհետեւ ԵՊՀ ուսանողներն իրենց քննության վերջնական գնահատականը վաստակելու են փոքր-ինչ փոփոխված սկզբունքներով:

Արդեն տպագրվել է «Կրեդիտային համակարգով առկա ուսուցմամբ ուսումնական գործընթացի կազմակերպման կարգը», որտեղ զետեղված են նաեւ գնահատման կարգի փոփոխությունները: Նախկինում ուսանողների` տվյալ առարկայի արդյունարար գնահատականը ձեւավորվում էր մի քանի բաղադրիչներից, այդ թվում` մասնակցության համար տրվող 4 միավորից: Սակայն ե՛ւ ուսանողության, ե՛ւ բուհի ղեկավարության քննարկումների արդյունքում կատարվեցին փոփոխություններ: Ըստ նոր կարգի` դասերի մասնակցության համար տրվում է 2 միավոր: Իսկ մնացած 2 միավորը բաշխվում է հետեւյալ կերպ. եզրափակիչ գնահատումով դասընթացի գնահատականը ձեւավորվում է 2 (մասնակցություն) + 4 (ընթացիկ) + 4 (ընթացիկ) + 10 (եզրափակիչ քննություն) սկզբունքով, իսկ առանց եզրափակիչ գնահատման դասընթացինը` 2 (մասնակցություն) + 9 (ընթացիկ) + 9 (ընթացիկ): Անցկացվել է հարցում, որին մասնակցել են ինչպես ԵՊՀ դասախոսները, այնպես էլ ուսանողության մոտ 80%-ը: Փոփոխության է ենթարկվել նաեւ պարտքերի վերահանձնման կարգը:

 

Եթե նախկինում 4-ից ավելի պարտք ունեցող ուսանողներին հնարավորություն էր տրվում քննությունները վերահանձնելու, ապա այսուհետ քննաշրջանի ընթացքում 3 եւ ավելի պարտք ունեցողները հեռացվում են համալսարանից: Խոսքը վերաբերում է եզրափակիչ գնահատումով դասընթացներին: Կարգում արված փոփոխություններից մեկն էլ այն է, որ մեկ առարկան երկու անգամից ավելի չի թույլատրվում վերահանձնել: Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի տեղակալ Արմեն Բուդաղյանի խոսքերով` մինչեւ այժմ գործող ընթացիկ քննությունների անցկացման գրավոր կարգը մեթոդաբանական տեսանկյունից այնքան էլ հարմար չէր. «Քննության անցկացման ձեւը պետք է բխի տվյալ դասընթացի բնույթից, ուստի, ելնելով դրանից, ֆակուլտետն ինքն է որոշում քննությունը անցկացնել բանավո՞ր, թե՞ գրավոր` իհարկե հիմնավորելով դա»:

 

Ասվածը վերաբերում է նաեւ բանավոր եզրափակիչ քննությանը, որն անցկացվում էր բանավոր: Այսուհետ անհրաժեշտության դեպքում այն կարող է անցկացվել նաեւ գրավոր: Չնայած վերոնշյալ փոփոխությունները ԵՊՀ գիտական խորհրդի կողմից հաստատվել են դեռեւս անցած ուստարում, սակայն կիրառության մեջ են մտնում այս տարվանից` ուսանողների եւ դասախոսների տեղեկացվածությունն ապահովելու համար: Այս տարվանից ուժի մեջ է մտնում նաեւ ավարտական կուրսերի ՄՈԳ-ի (միջին որակական գնահատականի) ներքին շեմի սահմանման կարգը: Ըստ այդմ` բակալավրիատի դեպքում շրջանավարտի ՄՈԳ-ը պետք է լինի առնվազն 9, իսկ մագիստրատուրայի դեպքում` առնվազն 12 միավոր, որպեսզի ուսանողը կարողանա մասնակցել ավարտական քննություններին եւ գիտական աշխատանքի պաշտպանությանը: Այս կարգը տարածվում է այս տարվա բակալավրիատի եւ մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողների վրա:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։