14.02.2008 | 
ԵՊՀ ԹԻՄԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆ
ԵՊՀ ԹԻՄԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆ
ԵՊՀ իրավագետների թիմը Ֆիլիպ Ջեսափի անվան դատախաղ-մրցույթում, որը վերաբերում է միջազգային իրավունքի ոլորտին, զբաղեցրել է առաջին տեղը:
Փետրվարի 9-ին եւ 10-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցան Ֆիլիպ Ջեսափի անվան դատախաղ-մրցույթի հայաստանյան մրցափուլերը: Մասնակցում էին 7 տարբեր բուհեր ներկայացնող թիմեր: ԵՊՀ թիմի մարզիչն է ԵՊՀ միջազգային եւ եվրոպական իրավունքի ամբիոնի ասիստենտ, ի.գ.թ. Եղիշե Կիրակոսյանը: ԵՊՀ թիմի կազմում էին Արմենուհի Գառգալոյանը, Լեւոն Գեւորգյանը, Լիանա Լոբասյանը, Դիանա Ջավադյանը, եւ Տարոն Սիմոնյանը: Նախընտրական չորս մրցափուլերում թիմը տարավ միայն հաղթանակներ: Այնուհետեւ` փետրվարի 10-ին, տեղի ունեցան կիսաեզրափակիչ մրցույթները, որոնց արդյունքում եզրափակիչ դուրս եկան Երեւանի պետական համալսարանը եւ Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանը ներկայացնող թիմերը: Եզրափակիչ փուլը կայացավ Քրեական գործերով ՀՀ Վերաքննիչ դատարանում: Հայաստանյան ազգային մրցափուլի հաղթող ճանաչվեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը ներկայացնող թիմը: Ընդ որում, միջազգային մրցափուլերն անցկացվում են անգլերեն լեզվով, ուստի այս պարագայում մեծ կարեւորություն ունի լեզվի իմացությունը: ԵՊՀ-ն, 2002-2004 թթ. ընթացքում երեք անգամ անընդմեջ հաղթելով հայաստանյան մրցափուլերում, մասնակցել է նաեւ միջազգային փուլերին` գրավելով համապատասխանաբար 72-րդ, 54-րդ եւ 50-րդ տեղերը: Ֆիլիպ Ջեսափի անվան դատախաղ մրցույթը միջազգային իրավունքի ոլորտում ամենահեղինակավորն է, որի միջազգային մրցափուլերն ամեն տարի անցկացվում են Վաշինգտոնում: Դրան մասնակցում են իրավագիտության լավագույն ֆակուլտետները ներկայացնող հարյուրից ավելի թիմեր աշխարհի տարբեր երկրներից: Նախքան միջազգային մրցափուլը տարբեր երկրներում անցկացվում են ազգայինները, եւ միայն վերջիններում հաղթելուց հետո թիմերն իրավունք են ստանում մասնակցելու միջազգային մրցափուլին: ԵՊՀ թիմը ստացավ գրեթե բոլոր նախատեսված մրցանակները: Մասնավորապես` լավագույն գրավոր աշխատանքների համար նախատեսված պատվոգիրը: Առաջին եւ չորրորդ մրցափուլերի լավագույն բանախոս ճանաչվեց Լեւոն Գեւորգյանը, երրորդ մրցափուլի լավագույն բանախոսն էր Տարոն Սիմոնյանը, իսկ ազգային մրցափուլի լավագույն բանախոսը` նորից Լեւոն Գեւորգյանը: Մինչ այս տարի միջազգային մրցափուլերին հաղթող թիմի մասնակցության ֆինանսավորումը ապահովում էր Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան գրասենյակը: Այս տարի ֆինանսավորման խնդիրը լուծելուց հետո միայն ԵՊՀ-ն ներկայացնող թիմը կմասնակցի սույն թվականի ապրիլի 6-ից 12-ը Վաշինգտոնում կայանալիք Ֆիլիպ Ջեսափի անվան դատախաղ-մրցույթի միջազգային մրցափուլին: