ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի առաջին կուրսեցիները, նախապես համաձայնություն ձեռք բերելով թատրոնի ղեկավարության հետ, սեփական միջոցներով Մարի Իզմիրլյանի անվան մանկատան երեխաներին հրավիրել էին դիտելու «Դպրոցական կատակերգություն» ներկայացումը: Սկզբում կազմակերպիչները կարծում էին, որ շատ համեստ գումար կհավաքվի: Սակայն հայտարարությունից հետո նրանք հաճելիորեն զարմացան. ուսանողները շատ ոգեւորված էին ու ակտիվ: Հավաքվեց բավական մեծ գումար, որի մի մասը տրամադրեցին մանկատան յոթանասուն սաների համար թատրոնի տոմսեր գնելուն, իսկ մնացածը` երեխաների համար շոկոլադ ու բնական հյութեր գնելուն: Պատանի հանդիսատեսի թատրոնի ղեկավարությունն էլ իր հերթին մանկատան սաների համար զեղչեր էր սահմանել: «Ցավոք սրտի, մի քիչ անտարբերություն կա ուսանողության կողմից այսպիսի հարցերի նկատմամբ: Եվ կարծում եմ` ոչ թե ուսանողները ցանկություն չունեն, այլ նախաձեռնողներ չկան: Պետք է միայն կազմակերպել, եւ կտեսնեք, թե ինչպիսի դրական արձագանքներ կլինեն ուսանողների կողմից… Գաղափարը վաղուց կար: Ուզում ենք մեր համեստ միջոցներով գոնե 70 երեխայի մոտեցնել մշակութային արժեքներին:
Դրանից բացի, երեխաները մանկատնից դուրս են գալիս, շփվում են իրենց հասակակից այլ երեխաների հետ»,- ասում է Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Ազատուհի Սիմոնյանը: Զեյթունում գտնվող Մարի Իզմիրլյանի անվան մանկատունն ունի 82 սան: Բոլորն էլ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ են: Ծնողների եւ հարազատների հետ կապը մշտապես կա. ուրբաթ եւ շաբաթ օրերին կարող են երեխաներին տեսակցության գալ: Որոշ դեպքերում էլ երեխաներին տուն են տանում: Կրթություն նրանք ստանում են մանկատան մոտ գտնվող N 59 ներառական կրթության դպրոցում: «Նմանատիպ մշակութային միջոցառումներ մանկատանը հաճախ են կազմակերպվում:
Եվ ամեն անգամ երեխաները շատ տպավորված ու գոհ են վերադառնում: Այսօր էլ նրանք դեռ առավոտվանից մեծ ոգևորությամբ սպասում էին»,- ասում է Մարի Իզմիրլյանի անվան մանկատան դաստիարակչուհի Լիանա Մարկոսյանը: 11-ամյա Կարինեն շատ էր հավանել ներկայացումը, որովհետև այն պատմում էր դպրոցի ու իր հասակակից աշակերտների մասին: Իսկ ամենակարեւորն այն էր, որ հերոսները շատ ծիծաղելի տեսք ունեին ու զվարճալի արարքներ էին անում: Երեխաներն այնքան ոգեւորված էին, որ անգամ դահլիճից դերասաններին «խորհուրդներ էին տալիս»:
Թատրոնի աշխատակիցների խոսքերով, միայն կատակերգությունները չեն, որ երեխաներին դուր են գալիս: Նրանք մեծ հետաքրքրությամբ դիտում են նաև ավելի լուրջ և մեծերի համար նախատեսված ներկայացումները: Վերջում երեխաներին բաժանեցին նախօրոք գնված քաղցրավենիքն ու հյութերը եւ նրանց ճանապարհ դրեցին դեպի մանկատուն: