16.02.2011 | 
Հասարակություն
ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ. 32 ՏԱՐԻ ԱՆՑ
ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ. 32 ՏԱՐԻ ԱՆՑ
Իրանի իսլամական հեղափոխության տարեդարձը ԵՊՀ-ում միջազգային գիտաժողովի ձեւաչափ էր ստացել:

Ուղիղ 32 տարի առաջ Իրանի ժողովուրդը Իմամ Խոմեյնու առաջնորդությամբ տապալեց 2500 տարվա թագավորական իշխանությունն ու ստեղծեց ժողովրդական իսլամական հանրապետություն, որը հիմնված է իսլամական եւ կրոնական հիմունքների, ժողովրդավարության եւ հանրապետականության սկզբունքների վրա:

 

20-րդ դարի ամենանշանակալի հեղափոխություններից մեկի տարեդարձը նշեցին նաեւ ԵՊՀ-ում. ԵՊՀ միջազգային համագործակցության վարչությունը եւ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը կազմակերպել էին միջազգային գիտաժողով` «Իրանի իսլամական հեղախոխությունը համեմատական կոնտեքստում» թեմայով: «Կան իրադարձություններ, որոնք մի ամբողջ ժամանակաշրջան են նշանավորում` իրենց հետ բերելով թարմ գաղափարախոսություն, այլընտրանքային ուղու հաստատում եւ զարգացման նոր հնարավորություն: Այդպիսի իրադարձություններից էր Իսլամական հեղափոխությունը: Քաղաքակրթական հեղաշրջման իրողություն, որն իր հսկայական ազդեցությունն ունեցավ ոչ միայն Միջին եւ Մերձավոր Արեւելքի, այլեւ ամբողջ աշխարհի երկրների զարգացման ընթացքի վրա»,- բացման խոսքում նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանը:

 

Անդրադառնալով Իսլամական հեղափոխության առանձնահատկություններին` նա նշեց, որ իշխանությունը փոխելուն ուղղված այլ շարժումների համատեքստում Իրանի իսլամական հեղափոխությունը բացառիկ երեւույթ էր, որովհետեւ հեղափոխության նախաձեռնողը ոչ թե որեւէ խռովարար ուժ կամ հեղափոխական առաջնորդ էր, այլ մտավորական, փիլիսոփա եւ Իսլամի մեծագույն դեմքերից մեկը: Իրանցի մասնագետներից բացի` գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես եկան դասախոսներ, մասնագետներ ինչպես ԵՊՀ-ից, այնպես էլ վերլուծաբաններ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնից: Զեկույցները Իսլամական հեղափոխությունը ներկայացնում էին միաժամանակ մի քանի դիտակետերից` քննելով եւ վերլուծելով վերջինիս հասարակական եւ քաղաքական դերն ու նշանակությունն ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային համատեքստում:

Այլ նորություններ
ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԱՄԷ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ զարգացման ու նորարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը, նույն ամբիոնի դասախոս Վահե Հակոբյանը պատվիրակվել էին Երևանում ԱՄԷ դեսպանություն` իրենց ցավակցությունը հայտնելու լուսահոգի շեյխ Խալիֆա իբն Զայեդ ալ-Նահյանի մահվան կապակցությամբ։
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ԲՈՒՀԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 103-ԱՄՅԱԿԸ
Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Մայր բուհի հիմնադրման 103-ամյակին: Տոնի առթիվ դրամական պարգևներով և պատվոգրերով պարգևատրվեցին համալսարանի վարչական աշխատակիցներ, դասախոսներ, ուսանողներ, ինչպես նաև «ԵՊՀ օլիմպիադա-2022»-ի առաջին կարգի մրցանակակիրները: