26.02.2008 | 
ԿՐԹԱԹՈՇԱԿ ԼԵՀԱՍՏԱՆԻՑ
ԿՐԹԱԹՈՇԱԿ ԼԵՀԱՍՏԱՆԻՑ
ԵՊՀ ուսանողները հնարավորություն ունեն գիտելիքներ ստանալ Լեհաստանի բարձրակարգ համալսարաններում:
2008 թվականին Հայաստանում գրանցված Լեյն Կիրկլանդի անվան ծրագրի շրջանավարտների հայկական ասոցիացիան եւ Վարշավայի համալսարանի գիտական բազայի ներկայացուցիչը Հարավային Կովկասում հայտարարում են չորս կրթաթոշակային ծրագրերի մասին: Վարշավայի համալսարանի եւ ամառային ու ձմեռային դպրոցների ծրագրերը հնարավորություն են տալիս բակալավրիատն ավարտած ուսանողներին մագիստրոսի կոչում ստանալ Վարշավայի համալսարանում երեք մասնագիտացումներով: Այս ծրագրին կարող են մասնակցել Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների ուսանողներ: Վարշավայի համալսարանի ներկայացուցիչ Կոնրադ Շիկերսկու խոսքերով` Վարշավայի համալսարանի ծրագրի դեպքում մասնակիցներն ազատվում են բոլոր տեսակի ծախսերից, ինչը, սակայն, չի վերաբերում ամառային եւ ձմեռային դպրոցներին: «Արեւմտյան Եվրոպան 19-20- րդ դարերում» թեմայով ամառային դպրոց է կազմակերպվելու Լեհաստանում հուլիս ամսվա ընթացքում, որին մասնակցելու իրավունք ունեն կրկին հումանիտար մասնագիտացմամբ, մագիստրատուրան ավարտած անձինք: Այն տեւելու է երեք շաբաթ, որի ժամանակ զեկույցներով եւ սեմինարներով հանդես են գալու հանրահայտ գիտնականներ Լեհաստանից, Հունգարիայից, Չեխիայից, Անգլիայից, Իտալիայից եւ ԱՄՆ-ից: Դասընթացը վճարովի է, բայց կովկասյան երկրների դիմորդների համար կքննարկվի անվճար դասընթացների հնարավորությունը: Այս դեպքում էլ ճանապարհածախսը կրկին մասնակիցները պետք է հոգան (www.studium.uw.edu.pl): Երրորդը Լեհաստանի կառավարության կրթաթոշակն է: «Այն հնարավարություն է տալիս սովորելու լեհական որեւէ հեղինակավոր բուհում, բայց այստեղ շատ ավելի համեստ պայմաններ են»,- ասաց նա: Այս կրթաթոշակը տրվում է արդեն մագիստրատուրան ավարտածներին, ովքեր ուսումնասիրել են հումանիտար առարկաներ: Ծրագիրը տեւում է մեկ տարի (www.msz.gov.pl/scholarships,14243.html): Չորրորդ` Լեյն Կիրկլանդի անվան կրթաթոշակային ծրագիրը միայն հետազոտական է: Այն նախատեսված է բուհն ավարտած եւ աշխատանքային փորձ ունեցող անձանց համար եւ անցկացվելու է երկու ուսումնական կիսամյակ Լեհաստանի բուհերում: Կիրկլանդի անվան կրթաթոշակային ծրագրի հիմնական նպատակը հասարակական-քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների ոլորտում Լեհաստանի փորձի փոխանակումն է (www.programkirklanda.engo.pl, էլ. փոստ` kirkland2008@fulbright.edu.pl, kirkland_am@yahoo.com): Բացի այդ, մասնակիցները 2-4 շաբաթվա ընթացքում պրոֆեսիոնալ մասնագիտացում են անցնելու պետական եւ մասնավոր կազմակերպություններում: Կրթաթոշակային ծրագիրն ընդգրկում է հետեւյալ մասնագիտացումները` տնտեսագիտություն եւ մենեջմենթ, պետական կառավարում, բիզնեսավարություն, իրավունք, հասարակագիտություն, քաղաքագիտություն: Այս կրթաթոշակային ծրագրի հովանավորն է Լեհ-ամերիկյան ազատության հիմնադրամը, իսկ ծրագրի համակարգողը` «Ֆուլբրայթի» լեհ-ամերիկյան հանձնաժողովը (www.fulbright.pl): Ի դեպ, Կիրկլանդի անվան կրթաթոշակային ծրագրի վերջնաժամկետը լրանում է մարտի 1-ին: