10.12.2019 | 
Կրթություն
«ԼՍԵ՛Ք ՁԵԶ, ՃԱՆԱՉԵ՛Ք ՁԵԶ ՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԴՈ՛ՒՔ ԿԱՏԱՐԵՔ»․ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
«ԼՍԵ՛Ք ՁԵԶ, ՃԱՆԱՉԵ՛Ք ՁԵԶ ՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԴՈ՛ՒՔ ԿԱՏԱՐԵՔ»․ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այցելել է Երևանի թիվ 198 ավագ դպրոց։

Նշենք, որ դպրոցականների մասնագիտական կողմնորոշման այցերը համալսարան և պրոֆեսորադասախոսական կազմի այցերը դպրոցներ կազմակերպում է ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը։

Հայ բանասիրության ֆակուլտետի դեկանը միջոցառման սկզբում ողջունեց 10, 11, 12-րդ դասարանցիներին և ասաց, որ նրանք շուտով կանգնելու են ճամփաբաժանի առջև։

«Ձեր կյանքում սկսվելու է բարդ շրջան, դուք կանգնելու եք ճամփաբաժանի առջև, իսկ դժվարությունները շատ են լինելու, բայց պետք է կարողանաք հաղթահարել դրանք։ Միայն այդպես է հնարավոր հաջողակ դառնալ»,- ասաց նա։

Ա․ Ավագյանը, անդրադառնալով նախկինում վաղ ամուսնանալու բարքերին, նշեց, որ հիմա երիտասարդներն ունեն ընտրության հնարավորություն, և իրենք են որոշում իրենց ճակատագիրը։ Նա ասաց, որ աշխարհն ու կյանքը կարելի է փոխել միայն մեկ ճանապարհով՝ սովորելով։

Մասնագիտական կողմնորոշման այցի ժամանակ պարոն Ավագյանը դպրոցականներին պատմեց իր մասնագիտական կողմնորոշման մասին՝ հիշելով, որ ընտանիքը որոշել էր, որ նա պիտի ընդունվի Բժշկական համալսարան․ «Այդ ժամանակ ծառայում էի բանակում, երբ ավագ քույրս ասաց, որ պետք է ընտրեմ բժշկի մասնագիտությունը։ Ես դեմ էի ու ասացի, որ բանակից չեմ վերադառնա։ Ընտանիքս հասկացավ ինձ, ու ես ընտեցի ինձ համար ամենալավ մասնագիտությունը»։

«Մասնագիտություն ընտրելուց առաջ լսե՛ք ձեր սրտի ձայնը, չառաջնորդվե՛ք խորհրդով։ Լսե՛ք ձեզ, ճանաչե՛ք ձեզ ու ընտրությունը դո՛ւք կատարեք»,- խորհուրդ տվեց դեկանը։



Նա պատմեց համալսարանի ընձեռած հնարավորությունների մասին՝ բարձրորակ կրթություն, մասնագիտական հմտություններ, արտասահմանում սովորելու հնարավորություն և այլն։

Այցի ընթացքում դպրոցականներն իմացան նաև, թե երբ ու ինչպես է հիմնադրվել Երևանի պետական համալսարանը։ Ա․ Ավագյանն ասաց, որ 1900-ական թվականների սկզբին երկրի ղեկավարությունը հասկացավ, որ համալսարանը ժողովրդին իր ողբերգական և ծանր վիճակից դուրս բերելու միակ հնարավորությունն է․ «Այսպիսով՝ նախարարների խորհուրդը 1919 թվականին Երևանում համալսարան ունենալու մասին որոշում կայացրեց։ Սկզբում համալսարանն ուներ միայն մեկ՝ Պատմալեզվագրական ֆակուլտետ, իսկ հետո արդեն շատ բուհեր ծնվեցին հենց համալսարանի հենքի վրա։ Հենց այդ պատճառով էլ Երևանի պետական համալսարանը կոչվում Մայր բուհ»։

Մասնագիտական կողմնորոշման այցը, բացի համալսարանի մասին տեղեկություններ տալուց, դպրոցականների համար դարձավ նաև ուսումնադաստիարակչական դաս՝ կյանքի ճիշտ ուղի ընտրելու մասին։

Դասի վերջում աշակերտները հարցեր տվեցին Հայ բանասիրության ֆակուլտետի կառուցվածքի ու ընդունելության քննությունների մասին։

Դեկանը տեղեկացրեց, որ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետն ունի 6 ամբիոն՝ Հայոց լեզվի, Հայոց լեզվի պատմության, Ընդհանուր լեզվաբանության, Ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության, Հայ նորագույն գրականության, Գրականության տեսության և գրաքննադատության ամբիոն։ Իսկ այս ֆակուլտետ ընդունվելու համար անհրաժեշտ է հանձնել «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաներից բանավոր և գրավոր քննություններ։

Այլ նորություններ
«ԱՎԵԼՈՐԴ ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀՈՐԴՈՐԵԼ ԵՎ ԿՈՉ ԱՆԵԼ ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԷԼ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԵՌԱՆԴ ԴՐՍԵՎՈՐԵԼ»․ ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԳԵՎՈՐԳ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ
ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ պայմանավորված՝ ԵՊՀ ֆակուլտետներն անցել են հեռավար ուսուցման: Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում առցանց ուսուցման իրականացման մասին զրուցել ենք ֆակուլտետի դեկան, բ.գ.թ., դոցենտ Գևորգ Բարսեղյանի հետ:
ԵՊՀ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՆ  ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ՈՒՍՈՒՑՄԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ելնելով ՀՀ-ում ստեղծված իրավիճակից՝ ԵՊՀ ֆակուլտետները շարունակում են իրենց բնականոն աշխատանքը՝ ըստ սահմանված դասատախտակի անցնելով հեռավար ուսուցման: