Կինոնկարի սցենարի հիմքում ընկած է Հովհ․Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթը: Ֆիլմում խառնված են մի քանի ժանրեր՝ և՛ կատակերգություն, և՛ դրամա: Այն ներկայացնում է մարդկային տարբեր խառնվածքների ու հարաբերությունների շղթա:
«Չկա մի ֆիլմ, որի հերոսն ընդհանրություն և նմանություն չունենա սցենարի հեղինակի կամ իրեն հարազատ ու շատ հաճախ ծանոթ մարդու հետ»,- նկատեց Մհեր Մկրտչյանը:
Կինոդիտումից հետո ԵՊՀ ուսանողներն իրենց հարցերն ուղղեցին ԵՊՀ մշակույթի կենտրոն ֆիլմի հյուրընկալված ռեժիսոր Մհեր Մկրտչյանին և դերասանական կազմին՝ Անի Ղազարյան, Սամվել Թոփալյան, Արծրուն Չոբանյան, Գեորգի Հովակիմյան:
Նրանք ուսանողներին պատմեցին ֆիլմի նկարահանման ընթացքի, դժվարությունների և դերասանական կազմի մասին:
Նկարահանման դժվարություններից մեկը գլխավոր հերոսուհի Անի Ղազարյանի խոսքով՝ համբույրի տեսարանն էր: «Ամուսինը կողքին էր, իսկ նա համբուրում էր ուրիշ տղամարդու»,- կատակեց ռեժիսորը:
Ֆիլմը պատմում է մարդու անցած ճանապարհի մասին. «Ես հնարեցի մի պատմություն, որի ընթացքում մարդն էապես փոխվում է: Նրա վատ հատկանիշները հետզհետե անհետանում են, երբ նա սիրում ու նվիրվում է»,- պարզաբանեց ֆիլմի ռեժիսոր Մհեր Մկրտչյանը:
Քննարկման ժամանակ պարզ դարձավ, որ «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմի վերնագիրը հատուկ խորհուրդ չունի:
Անգին Խաչատրյան