21.05.2015 | 
Ուսանողական
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Մայիսի 20-ին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մի խումբ ուսանողներ այցելեցին «Առավոտ» օրաթերթի խմբագրություն և «Տիգրան Մեծ» հրատարակչություն:

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ կազմակերպված ճանաչողական այցի նպատակն էր ապագա լրագրողներին ծանոթացնել օրաթերթի և հրատարակչության գործունեությանը, դրանց առանձնահատկություններին ու նրբություններին:

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայաստանյան տպագիր մամուլի դաշտում «Առավոտ» օրաթերթն ունի երկար տարիների պատմություն և հասարակության շրջանում դիտվում է որպես անկաշկանդ ժուռնալիստիկայի առաջամարտիկ, ուսանողներն այցելեցին հենց նրանց խմբագրություն:

 

Ուսանողները ոչ միայն շրջեցին խմբագրատան առանձին բաժիններով, ծանոթացան լրագրողական նյութերի պատրաստման ու խմբագրման աշխատանքներին, այլև հանդիպեցին օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի ու բաժնի պատասխանատուների հետ: Ապագա լրագրողների հարցերի արդյունքում հետաքրքիր զրույց ստացվեց: Խոսվեց ոչ միայն ժուռնալիստիկայի հիմնարար սկզբունքների, էթիկայի, այլև «Առավոտ»-ի ոճային ու ժանրային առանձնահատկությունների մասին:

 

Թերթի աշխատակիցներն ընդգծեցին, որ անկախ ամեն ինչից՝ «Առավոտ»-ը ներկայացնում է միայն հավաստի և անաչառ տեղեկատվություն՝ միևնույն ժամանակ թերթի էջերում խուսափելով վիրավորանքներից, որակումներից ու պիտակավորումներից: Նշվեց նաև այն մասին, որ առհասարակ լրագրողներն ու թերթի խմբագիրը պետք է աշխատեն հավասարակշռել արտահայտած տեսակետը:

 

«Մեր թերթի լրագրողները ձգտում են ապահովել նյութերի ճշգրտությունն ու բազմակողմանիությունը, օգտագործել բոլոր հնարավորությունները՝ տեղեկատվությունը առնվազն երկու աղբյուրից ճշտելու համար: Այն անձը կամ կազմակերպությունը, որի մասին նյութում բացասական կարծիք կամ մեղադրանք է հնչեցվում, հնարավորություն ունի «Առավոտ»-ի նույն նյութում կամ հաջորդ օրերին տպագրվելիք նյութերում պարզաբանում կամ պատասխան տալ»,- նշեց «Առավոտ» օրաթերթի կրթական և մշակութային բաժինների պատասխանատու Գոհար Հակոբյանը:

 

Ամփոփելով մասնագիտական մի շարք հարցեր՝ ապագա լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ինչ սկզբունքով են ընտրվում թղթակիցների և առհասարակ ուսանողների կողմից գրված նյութերը՝ այն պատասխանի ակնկալիքով, որ «Առավոտ»-ի առաջիկա համարներում տպագրված են տեսնելու իրենց նյութերը: Գլխավոր խմբագիրն ու խորագրերի պատասխանատուները, արդյունավետ համագործակցություն մաղթելով, նշեցին, որ ուրախ կլինեն «Առավոտ»-ի էջերում զետեղել նաև ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հոդվածները:

 

Այնուհետև ակտիվ ՈՒԳԸ-ականները այցելեցին «Տիգրան Մեծ» հրատարակչություն: Օգտվելով հարմար առիթից՝ նրանք պարզեցին տպագրական մեքենաների տարբերություններն ու դրանց հնարավորությունները: Նրանց համար նույնքան զարմանալի էր նաև այն փաստը, թե ինչպես է հնարավոր տասնյակ հազարավոր օրինակներով թերթերը տպագրել ընդամենը 40 րոպեների ընթացքում, այն դեպքում, երբ տպագրական մեքենաները երբեմն ունենում են և՛ գունաբաշխման, և՛ թղթի պատռման խնդիրներ: Այդուհանդերձ, հետաքրքիր այդ գործընթացն ամփոփվեց թերթի բարեհաջող ու որակական բարձր տպագրությամբ:

Այլ նորություններ
«ԵՊՀ-ՈՒՄ Է ԳՈՐԾՈՒՄ ԻՐԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴՊՐՈՑՆԵՐԻՑ ՄԵԿԸ». ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՇՈՒՇԱՆ ԱԶԱՏՅԱՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժնի շրջանավարտ Շուշան Ազատյանը վերջերս ավարտել է Թեհրանի Շահիդ Բեհեշթի համալսարանի ասպիրանտուրան (PhD)՝ ստանալով լեզվաբանության դոկտորի աստիճան: Նա վստահեցնում է, որ իրանագիտության լավագույն դպրոցներից մեկը գործում է ԵՊՀ-ում, և հենց ԵՊՀ-ն է նպաստել իր կրթության շարունակականությանը: Մայր բուհի շրջանավարտի հետ զրուցել ենք Թեհրանում ունեցած իր փորձառության և հետագա անելիքների մասին:
«ԵՊՀ-Ն ԻՆՁ ԸՆՁԵՌԵԼ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ԱՅԼԵՎ ԱՐՏԵՐԿՐԻ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԲՈՒՀԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ». ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՎԱՀԱԳՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Համալսարանական Վահագն Մուրադյանը ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում ձեռք է բերել ոչ միայն մասնագիտական հիմնարար գիտելիքներ և վերլուծական մտածողություն, որոնք նրան հնարավորություն են ընձեռել սովորելու արտերկրի հեղինակավոր բուհերից մեկում, այլև ուսանողական տարիների անփոխարինելի հուշեր և ընկերներ: