18.05.2018 | 
Հասարակություն
ՉԻՆԱՐԵՆՈՎ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՃԱՌԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀՈՒՆՆ ԷՐ
ՉԻՆԱՐԵՆՈՎ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՃԱՌԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀՈՒՆՆ ԷՐ
Մայիսի 11-ին տեղի է ունեցել արդեն 5-րդ անգամ անցկացվող ամենամյա «Չինարենի կամուրջ» մրցույթը, որտեղ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Մանե Գասպարյանը հաղթող է ճանաչվել «Լավագույն ճառ» անվանակարգում:

Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունն ու Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ) Կոնֆուցիուսի ինստիտուտն արդեն հինգերորդ անգամ են անցկացնում «Չինարենի կամուրջ» մրցույթը:

 

Մրցույթն անցկացվում է 4 փուլով. 1-ին փուլում մասնակիցները գրավոր քննություն են հանձնում, 2-րդում՝ չինարենով ելույթ պատրաստում նախօրոք տրված թեմայի վերաբերյալ, 3-րդ փուլում ներկայացնում են մշակութային համար, իսկ 4-րդում պատասխանում Չինաստանին վերաբերող հարցերին: Հաղթողը հնարավորություն է ստանում մեկնելու Չինաստան և մասնակցելու մրցույթի եզրափակիչ փուլին:

 

Այս տարի մրցույթին մասնակցել են հայկական բուհերի 7 ուսանողներ: ԵՊՀ-ն ներկայացրել են Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի Մանե Գասպարյանը և նույն ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Օֆելյա Զաքարյանը:

 

«Մեր ֆակուլտետի Չինարենի և չինական մշակույթի ամբիոնը մեծապես քաջալերեց, ամեն կերպ աջակցեց և խրախուսեց  ուսանողներիս մասնակցությունը Կոնֆուցիոսի ինստիտուտի և ՉԺՀ դեսպանության կողմից կազմակերպվող այս մրցույթին: Ես և  Օֆելյան էլ մեր հերթին փորձեցինք պատվով ներկայացնել մեր ամբիոնը և համալսարանը «Չինարենի կամուրջ» մրցույթում»,- մեզ հետ զրույցում ասաց Մանե Գասպարյանը:

 

Ըստ մրցույթի արդյունքների՝ Մանեն հաղթող է ճանաչվել «Լավագույն ճառ» անվանակարգում. «Ելույթս «Մեկ աշխարհ, մեկ ընտանիք» խորագիրն էր կրում, որի ժամանակ նշեցի, որ այս աշխարհում ապրող բոլոր ժողովուրդները մեկ ընտանիքի անդամներ են: Դա է ապացուցում հայ-չինական բարեկամությունը: Չնայած մեր երկրների միջև եղած հեռավորությանը՝ մեր բարեկամներն օգնում և աջակցում են մեզ»:

 

Մեզ հետ զրույցում Մանեն նշեց, որ չինարեն սովորել սկսել է ԵՊՀ-ում, հետագայում էլ ցանկություն ունի շարունակելու ուսումը Չինաստանում:

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ. ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹԻ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳԵՐՄԱՆԵՐԵՆ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում տեղի ունեցավ Դավիթ Անհաղթի աշխատության գերմաներեն թարգմանված գրքի շնորհանդեսը:
«ՀԱՂԹԱՆԱԿԻ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ». ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
ԵՊՀ ռուսական կենտրոնում այսօր տեղի ունեցավ «Հաղթանակի կամավորականները» խորագրով ծրագրի ներկայացումը: