17.05.2019 | 
Հասարակություն
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ «ՉԻՆԱՐԵՆԻ ԿԱՄՈՒՐՋ» ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ԶԲԱՂԵՑՐԵԼ Է ԵՐԿՐՈՐԴ ՏԵՂԸ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ «ՉԻՆԱՐԵՆԻ ԿԱՄՈՒՐՋ» ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ԶԲԱՂԵՑՐԵԼ Է  ԵՐԿՐՈՐԴ ՏԵՂԸ
Մայիսի 16-ին տեղի է ունեցել «Չինարենի կամուրջ» ամենամյա միջազգային մրցույթի ազգային փուլը, որտեղ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Մանե Գասպարյանը երկրորդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվել «Լավագույն ճառ» անվանակարգում և զբաղեցրել երկրորդ պատվավոր հորիզոնականը:

«Չինարենի կամուրջ» ամենամյա մրցույթըկազմակերպվում է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության կողմից և համակարգվում Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ) Կոնֆուցիուսի ինստիտուտի կողմից:

 

Մրցույթն անցկացվում է 4 փուլով. առաջին փուլում մասնակիցները հանձնում են գրավոր քննություն երեք առարկաներից` չինական մշակույթ, երկրագիտություն (Չինաստան) և չինարեն (ընդհանուր լեզվաբանական գիտելիքներ), 2-րդում՝ պատասխանում Չինաստանին վերաբերող հարցերին, 3-րդ փուլում չինարեն ելույթ պատրաստում նախօրոք տրված թեմայի վերաբերյալ, իսկ 4-րդում ներկայացնում են մշակութային համար:

 

Մրցույթի առաջին և երկրորդ փուլերը տեղի են ունեցել դեռևս մայիսի 10-ին: Իսկ ահա երրորդ և չորրորդ փուլերն անցկացվել են մայիսի 16-ին, որտեղ մասնակիցները հանդես են եկել «Մեկ աշխարհ, մեկ ընտանիք» խորագիրը կրող ճառով, ապա ներկայացրել գեղարվեստական համարներ, որոնք պարունակել են չինական մշակութային տարրեր:

 

Այս տարի մրցույթին մասնակցել են հայաստանյան բուհերի 6 ուսանողներ: ԵՊՀ-ն ներկայացրած Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողուհի Մանե Գասպարյանն արդեն երկրորդ տարին է, ինչ մասնակցում է մրցույթին: Անցած տարի Մանեն նույնպես հաղթող էր ճանաչվել «Լավագույն ճառ» անվանակարգում՝ ելույթ ունենալով «Մեկ աշխարհ, մեկ ընտանիք» խորագիրը կրող ճառով, որի ժամանակ նշել էր, որ այս աշխարհում ապրող բոլոր ժողովուրդները մեկ ընտանիքի անդամներ են:

 

Նրա խոսքով, ֆակուլտետի Չինարենի և չինական մշակույթի կենտրոնը մեծապես քաջալերում, խրախուսում  և ամեն կերպ աջակցում է ուսանողների մասնակցությունն այս մրցույթին:

 

«Հատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել չինարենի դասախոս Ճանգ Յավնին և կենտրոնի ղեկավար Արթուր Իսրայելյանին՝ նրանց կատարած աշխատանքի և աջակցության համար: Այս անգամ էլ փորձեցի պատվով ներկայացնել ԵՊՀ-ն և խորհրդանշական է, որ դա տեղի ունեցավ ԵՊՀ 100-ամյակի օրը»,- մեզ հետ զրույցում ասաց Մանե Գասպարյանը:

 

Այս տարի մրցույթին երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Մանե Գասպարյանի ներկայացրած ճառը հայ-չինական հարաբերությունների մասին էր, որում նա հատկապես ընդգծել է Հայաստանում չինացի ուսուցիչների անձնանվեր գործունեությունը, որոնք միշտ օգնում են հայ ուսանողներին և աշակերտներին այնպես, ինչպես դա անում են ընտանիքի անդամները: Իսկ որպես գեղարվեստական համար՝ Մանեն հանդես է եկել չինարեն երաժշտական կատարմամբ:

 

Մեզ հետ զրույցում Մանե Գասպարյանն ասաց, որ չինարեն սկսել է սովորել հենց ԵՊՀ-ում և հետագայում ակտիվորեն մասնակցել է Կոնֆուցիոսի ինստիտուտի կողմից կազմակերպած մրցույթներին: Նա ցանկանում է ուսումը շարունակել Չինաստանում:

 

Հիշեցնենք, որ մրցույթի առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները հնարավորություն կստանան մեկնելու Չինաստան և մասնակցելու մրցույթի եզրափակիչ փուլին:

 

Պատրաստեց Քնար Միսակյանը

 

Այլ նորություններ
ՀՆԴԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԵՊՀ-ՈՒՄ. ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԴԵՍՊԱՆԻՆ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր իր աշխատասենյակում ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. պարոն Կիշան դան Դեվալին, որի հետ քննարկել է համագործակցության ոլորտները և ուղիները:
ՀՀ-ՈՒՄ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԵՊՀ ՀՈՒՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ-ԳՐԱԴԱՐԱՆԻՆ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր իր աշխատասենյակում ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. տիկին Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլային, որի հետ քննարկել է ԵՊՀ-ում հունարենի ուսուցման արդյունավետությանն ուղղված աշխատանքներ: