Հայդելբերգի համալսարանի ներկայացուցիչ Օլիվեր Գրուսսը սեմինարի սկզբում ներկայացրեց հայ գործընկերների կողմից լրացված հարցաշարերի վերլուծության հետադարձ դիտարկումները: Այնուհետև հայաստանյան բուհերը ներկայացրին իրենց ակնկալիքները Հայաստանում ասպիրանտական կրթությունը Զալցբուրգյան սկզբունքներին համապատասխանեցնելու հարցի առնչությամբ: Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանը, Երևանի պետական համալսարանը և Վանաձորի պետական համալսարանը ներկայացան համատեղ՝ անդրադառնալով Զալցբուրգյան բոլոր սկզբունքներին, փաստահավաքման արդյունքում ի հայտ եկած թերություններին ու դրանց հաղթահարման ուղիներին:
Սեմինարի նպատակը ասպիրանտական ծրագրերի ճանապարհային քարտեզի մշակման համար անհրաժեշտ հմտությունների ձևավորումն էր: Եվրոպական գործընկեր համալսարանները ներկայացրին իրենց փորձը ասպիրանտական ծրագրերի ճանապարհային քարտեզի մշակման հիմնահարցերի վերաբերյալ: Հետագա քննարկումն անցկացվեց փոքր խմբերով: Որոշվեց ձևավորել ասպիրանտական ծրագրերի ճանապարհային քարտեզի միասնական ուղեցույցի մշակմամբ զբաղվող աշխատանքային խումբ: