23.04.2009 | 
Ուսանողական, Կրթություն
ԿԱՐՈՂ ԵՆ ՄԵԿՆԵԼ ԲՈՒԼՂԱՐԻԱ
ԿԱՐՈՂ ԵՆ ՄԵԿՆԵԼ ԲՈՒԼՂԱՐԻԱ
ԵՊՀ-ում բուլղարերեն ուսումնասիրող ուսանողների համար նոր հեռանկարներ են բացվում:

Այսօր Երեւանի պետական համալսարանի ռեկտորին էր հյուրընկալվել Բուլղարիայի Հանրապետության կրթության եւ գիտության փոխնախարար Կիրչո Աթանասովը: Կրթության ոլորտում իրականացվող ծրագրերը քննարկելու, արվածը գնահատելու եւ հեռանկարային նոր նախագծեր իրականացնելու համար Հայաստան ժամանած բուլղարացի փոխնախարարն այցելել էր նաեւ կրթօջախներ:

 

«Դարերով մեր երկու ժողովուրդները եղբայրաբար ապրել են, ուստի ես շատ գնահատում եմ Ձեր այցը Երեւանի պետական համալսարան: Մենք մեր բուլղար գործընկերների հետ համագործակցության շատ բարի ավանդույթներ ունենք: Արդեն մի քանի տարի համագործակցում ենք Սոֆիայի, Պլովդիվի համալսարանների հետ»,- ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը` ողջունելով հյուրերին: Նա ներկայացրեց Հայաստանի Մայր բուհը, կրթական համակարգը, Բոլոնիայի գործընթացի շրջանակներում իրականացվող կրթական բարեփոխումները, գիտական հետազոտությունները, լաբորատորիաները, հայագիտական եւ բնագիտական կենտրոնները:

 

Ռեկտորն անդրադարձավ նաեւ Երեւանի պետական համալսարանի 90-ամյա հոբելյանին` նշելով, որ անցյալ տարի ԵՊՀ պատվիրակությունը ներկա էր Սոֆիայի համալսարանի ծննդյան 120-ամյա հոբելյանին: «Անցյալ տարի մեզ էր այցելել Բուլղարիայի մշակույթի փոխնախարարը, եւ մենք խոստացանք բուլղար մեծ բանաստեղծ Պեյո Յավորովի արձանը տեղադրել ԵՊՀ բակում: Փոխնախարարն ինքն էր պատվիրել արձանի քանդակումը, ու երբ պատրաստ լինի, մենք կտեղադրենք այն համալսարանի բակում` կենտրոնական մասնաշենքի հարեւանությամբ»,- տեղեկացրեց ԵՊՀ ռեկտորը:

 

Ի դեպ, Բուլղարիայի ԿԳ փոխնախարարը, մինչ Մայր բուհ այցելելը, հասցրել է լինել Երեւանի Պեյո Յավորովի անվան թիվ 131 միջնակարգ դպրոցում: ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում արդեն մի քանի տարի իրականացվում է բուլղարերենի խորացված ուսուցում: ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը, ներկայացնելով ֆակուլտետը, նկատեց. «Եթե մինչ այս բուլղարերենը մեր ուսանողների համար ուսումնասիրության լրացուցիչ լեզու էր, ապա հաջորդ ուսումնական տարվա սեպտեմբերից այն կլինի երկրորդ օտար լեզու: Այսինքն` հաջորդ տարվանից յուրաքանչյուր կուրսից 15 հոգի կուսումնասիրեն բուլղարերեն այնպես, ինչպես հիմա` ռուսաց լեզուն»: Որպես ոլորտին քաջատեղյակ մարդ` պարոն Բալայանն ասաց, որ իրենք մեծապես հետաքրքրված են, որ բուլղարերենի դասավանդմամբ մեր բուհում զբաղվեն այդ լեզուն կրողները:

 

Օրինակ բերելով ԵՊՀ-ում հունարեն եւ լեհերեն ուսումնասիրող ուսանողների եւ դասախոսների համար տվյալ երկրներում իրականացվող ամառային դասընթացները` դեկանն առաջարկեց նմանատիպ դասեր կազմակերպել նաեւ Բուլղարիայում: Ի պատասխան` փոխնախարար Կիրչո Աթանասովը տեղեկացրեց, որ ՀՀ ԿԳ նախարարի հետ ստորագրված նոր պայմանագրի շրջանակներում նաեւ նախատեսված է իրենց երկրում վերապատրաստման եւ ուսուցման դասընթացների ավելացում: «Բուլղարերեն չիմացող ուսանողների համար առաջին անգամ անցկացվում են բուլղարերենի ուսուցման դասեր, որոնք մեկամյա տեւողություն կունենան»,- ասաց փոխնախարարը:

Այլ նորություններ
ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻ ԲԱՆԱՎԵՃԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱԿՈՒՄԲԻ ԱՌԱՋԻՆ՝ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՓՈՒԼՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում գործող բանավեճի մասնագիտացված ակումբն իր գործունեության շրջանակում երկրորդ տարին անընդմեջ կազմակերպում է մեկշաբաթյա դասընթացներ, որոնց հաջորդում է բուն առաջնության փուլը:
ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՅԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑ
Հայաստանի Հանրային ռադիոյում այսօր տեղի է ունեցել Հանրային ռադիոյի և ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի համատեղ կազմակերպած «Ռադիոլրագրության վարպետություն» աշնանային դպրոցի բացման արարողությունը: