23.11.2007 | 
Հասարակություն
ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑԻՆ ԱՆՎԱՆԻ ԳՐԱԿԱՆԱԳԵՏԻՆ
ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑԻՆ ԱՆՎԱՆԻ ԳՐԱԿԱՆԱԳԵՏԻՆ
«Մենք կորցրինք մի սյուն, որ 50 տարի շարունակ հայկական լրագրողական արվեստը եւ համալսարանի գիտական միտքը բարձրացրեց նոր մակարդակի»,- ասում է Հայաստանի Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը:

Այսօր ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի ճեմասրահում Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հիմնադիր դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գառնիկ Գուրգենի Անանյանին հրաժեշտ տալու էին եկել նրա գործընկերները, ուսանողները, մշակութային եւ քաղաքական գործիչները, ընկերները եւ հարազատները:

«Մենք միասին ստեղծեցինք Ժուռնալիստիկայի ֆակուլտետը, ամբիոնները, մի շարք կենտրոններ: Այսինքն` ֆակուլտետը նոր-նոր այսօրվա պահանջներին համապատասխան մասնագետներ պետք է պատրաստեր: Անկասկած, դժվար կլինի առանց նրա: Հսկայական են նրա ծառայությունները ոչ միայն համալսարանին, այլ գրական աշխարհին ընդհանրապես: Շատ ափսոս, որ ընդամենը մեկ տարի անցավ, որ դարձավ մեր ակադեմիայի անդամ: Նա դեռ շատ անելիքներ ուներ»,- ասում է ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: 

«Գառնիկ Անանյանը բնավորությամբ շատ էր տարբերվում մյուսներից: Իր էությամբ շիտակ եւ արդարամիտ մարդ էր: Դժվարությամբ էր համակերպվում այն բոլոր երեւույթների հետ, որոնք խորթ են մեր սերնդակիցների համար: Նրա ստեղծագործությունները միշտ վառ էին եւ ինքնատիպ»,- ասում է դերասան Ազատ Գասպարյանը:

«Նա անհատ էր, ով իր մտքի սլացքով ընթացք տվեց ժամանակին, ով իր ոգու փայլատակմամբ բացահայտեց գրականագիտական նոր հորիզոններ, եղավ ուսուցիչ բազմաթիվ սերունդների համար, մարդկային իր բարձր հատկանիշներով, իր հասարակական ու մանկավարժական գործունեությամբ եղավ արժանապատիվ համալսարանական: Եվ մենք այսօր խորին կսկիծով սգում ենք նրա մահը եւ վերջին հրաժեշտը տալիս նրան` ասելով «Քո հիշատակը, Գառնիկ Անանյան, միշտ վառ կմնա մեր սրտերում»,- իր ցավակցական ուղերձում նշել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:

Համալսարանում վերջին հրաժեշտը Գառնիկ Անանյանին տեւեց մոտ մեկ ժամ: Այնուհետեւ բոլոր ներկաները սգո երթով շարժվեցին դեպի քաղաքային պանթեոն` ճանապարհելու մեծավաստակ գիտնական, հրապարակախոս, մանկավարժ եւ պարզապես ճշմարտության զինվոր Գառնիկ Անանյանին:

Այլ նորություններ
«ՈՒԺԵՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՒՄ ՀԶՈՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ Է». ՄՀԵՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Մհեր Խաչատրյանը ԿԳՄՍ նախարարության կազմակերպած «Հանրապետության լավագույն ուսանող-2020» մրցույթի հաղթողներից է: Մեքենայական ուսուցման ոլորտում մասնագիտացող Մհերի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, դրա հեռանկարների, կրթության ու գիտության զարգացմանն ուղղված քայլերի մասին:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՂ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ՄՏԵԼ ԵՆ ԵՊՀ
Արդեն մի քանի օր է՝ «Հայրենիքի փրկության շարժումը» վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է իրականացնում: Այսօր շարժման ներկայացուցիչները մտել են ԵՊՀ, հանդիպել ռեկտորի հետ և կոչով դիմել ուսանողներին ու դասախոսներին։