24.06.2014 | 
Կրթություն
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ
Մայր բուհում քննարկվեցին Հայաստանում իրականացվող Որակավորումների ազգային և ոլորտային շրջանակների աշխատանքներն ու առկա խնդիրները:

Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «ՀՀ բարձրագույն կրթության որակավորումների ազգային շրջանակի հիմնախնդիրները» խորագրով երկօրյա աշխատաժողովը, որն իրականացվում է «TEMPUS» ծրագրի «ARMENQA» նախագծի շրջանակներում:

 

Աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ ԿԳՆ փոխնախարար Կարինե Հարությունյանը, ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, Շվեդիայի Լինշոփինգ համալսարանի ներկայացուցիչ, «ARMENQA» նախագծի համակարգող Յաներիկ Լունդքվիստը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանը, հայկական բուհերի ու կրթական կառույցների այլ ներկայացուցիչներ:

 

«Այս նախագիծը եզակի է նրանով, որ լուրջ բարեփոխումներ է ենթադրում ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում: Կարծում եմ, որ նախագծի ընթացքում իրականացված աշխատանքները միանշանակ նպաստելու են ՀՀ բարձրագույն կրթության որակավորումների շրջանակի վերահաստատմանն ու բարելավմանը»,- նշեց ԵՊՀ պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը:

 

«ARMENQA» ազգային նշանակության եռամյա նախագծի նպատակն է բարձրացնել ՀՀ բուհերի շրջանավարտների զբաղվածությունը և նպաստել ՀՀ որակավորումների ճանաչմանն աշխատաշուկայում՝ ազգային և միջազգային մակարդակներում:

 

«Պետք է նշել, որ հայաստանյան բուհերի ներգրավվածությունը «TEMPUS»-ի ծրագրերում ու իրականացվող ակտիվ գործունեությունը թույլ է տալիս փաստել, որ մենք բարձրագույն կրթության ոլորտում լուրջ հաջողություններ ենք գրանցել»,- ասաց ՀՀ ԿԳՆ փոխնախարար Կարինե Հարությունյանը և անդրադարձավ Որակավորումների ազգային շրջանակի աշխատանքներին:

 

Բացման ելույթներից հետո առանձին բաժանմունքներում ներկայացվեցին բարձրագույն կրթության որակավորումների եվրոպական և ազգային շրջանակը, դոկտորական որակավորումները Եվրոպայում, 21-րդ դարի աշխատաշուկայի կարողությունները և բուհերի հետ համագործակցությունը:

 

Նշենք, որ Որակավորումների ազգային շրջանակը (ՈԱՇ) ներառում է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից բոլոր մակարդակներում տրամադրվող որակավորումները: Այն համապարփակ գործիք է, որը նկարագրում է, թե շրջանավարտն ինչ գիտելիքներ, կարողություններ և հմտություններ է ձեռք բերել որակավորման տվյալ մակարդակում, նպաստում է որակավորումների թափանցիկությանը, համադրելիությանը և ճանաչմանը:

 

Նախագծի հիմնական խնդիրներն իրագործվում են հայաստանյան գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների համար ճանաչողական այցերի, տեղեկատվական և վարժանքային սեմինարների, աշխատաժողովների և վերապատրաստումների անցկացման, տեղեկատվական նյութերի մշակման և տարածման միջոցով:

 

ՀՀ ՈԱՇ-ի կարևորագույն շահառուներն են ՀՀ բուհերը, աշխատաշուկան, ոլորտը կարգավորող պետական մարմինները, ուսանողները, ինչպես նաև հանրությունը: Նախագիծը կնպաստի ոչ միայն  ուսանողների և շրջանավարտների զբաղվածության մակարդակի բարձրացմանը, այլև միջազգային շարժունությանը, ինչպես նաև կխթանի Հայաստանում շնորհված որակավորումների ճանաչումն արտասահմանում:

 

Աշխատաժողովի առանձին բաժանմունքներում զուգահեռաբար կազմակերպվել էին քննարկումներ, որտեղ արծարծվում էին ՀՀ բարձրագույն կրթության որակավորումների ազգային շրջանակի մակարդակները:

 

Հավելենք, որ աշխատաժողովն իր աշխատանքները կշարունակի նաև վաղը, որի ընթացքում մասնակիցները կքննարկեն արդյունքները, կամփոփեն և կներկայացնեն ՀՀ բարձրագույն կրթության որակավորումների ազգային շրջանակի վերջնական տարբերակը:

Այլ նորություններ
«ԵՊՀ-Ն ԵՐԱԶԱՆՔՍ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵՑ. ԵՍ ԱՅՍՕՐ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԵՄ ՍՈՎՈՐՈՒՄ». ԱՍՏՂԻԿ ՇՄԱՎՈՆՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերեն-ֆրանսերեն հաղորդակցության բաժնի 4-րդ կուրսի ուսանող Աստղիկ Շմավոնյանն այժմ սովորում է Ֆրանսիայի Լիլ քաղաքի Լիլլի համալսարանի կիրառական օտար լեզուների ֆակուլտետում:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՀՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնը սկսում է «ՀՀ անվտանգության հիմնախնդիրները» խորագրով գիտական դասախոսությունների շարք: