17.05.2017 | 
Գիտություն
«ARMENQA» ՆԱԽԱԳԻԾՆ ԱՄՓՈՓԵՑ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
«ARMENQA» ՆԱԽԱԳԻԾՆ ԱՄՓՈՓԵՑ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Բարձրագույն կրթության որակավորումների ազգային և ոլորտային շրջանակներ. ձեռքբերումներ և հիմնախնդիրներ» թեմայով եզրափակիչ համաժողովը:

ԵՊՀ-ի կողմից կազմակերպվող ու «Որակավորումների ազգային և ոլորտային շրջանակների իրականացումը Հայաստանում» «TEMPUS ARMENQA»նախագծի շրջանակում իրականացվող համաժողովի ընթացքում հայաստանյան գործընկեր կազմակերպությունները ՀՀ բարձրագույն կրթության հանրությանը և հիմնական շահակիցներին ներկայացրին նախագծի իրականացման ընթացքում ձեռքբերված հիմնական արդյունքները:

 

Համաժողովին մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը, ՀՀ ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, նախագծի համակարգողներ ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի տնօրեն Արմեն Բուդաղյանը և կենտրոնի ավագ մասնագետ Մարի Սանթուրջյանը, կենտրոնի աշխատակիցներ, Հայաստանում «ERASMUS+» ծրագրի ազգային գրասենյակի ղեկավար Լանա Կառլովան, «ARMENQA» նախագծի համակարգող, Շվեդիայի Լինշոփինգի համալսարանի ներկայացուցիչ Յաներիկ Լունդքուիստը, հայաստանյան մի շարք բուհերի, հասարակական կազմակերպությունների և կրթության ոլորտում գործող կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև Շվեդիայից, Բելգիայից և Գերմանիայից ժամանած մասնագետներ:

 

««ARMENQA» նախագծի նպատակն է բարձրացնել ՀՀ բուհերի շրջանավարտների աշխատանքային գործունակությունը և նպաստել աշխատաշուկայի ազգային և միջազգային մակարդակներում ՀՀ որակավորումների ճանաչման գործընթացին»,- բացման խոսքում նշեց ԵՊՀ պրոռեկտորը և համաժողովի մասնակիցներին արդյունավետ աշխատանքային օր մաղթեց:

 

Կարինե Հարությունյանն էլ ընդգծեց, որ Որակավորումների ազգային շրջանակի իրականացումը եղել և մնում է ՀՀ բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումների հիմնական թիրախներից և մարտահրավերներից մեկը:

 

«Հայաստանը, 2005 թ.-ին անդամակցելով Բոլոնիայի գործընթացին, սկսեց բարձրագույն կրթության համակարգի վերակառուցման գործընթացը՝ այն եվրոպական բարձրագույն կրթական համակարգին ներդաշնակ և համադրելի դարձնելու համար: Գործընթացը համակարգելու համար ստեղծվել էին աշխատանքային խմբեր, որոնք խմբերում ներգրավված օտարերկրյա փորձագետների աջակցությամբ վերհանեցին բոլոր թերություններն ու խոչընդոտող նախադրյալները: Այնուհետև ՀՀ ԿԳՆ-ն, հետևելով աշխատանքային խմբերի առաջարկություններին, որոշում կայացրեց վերանայել նպատակներն ու խնդիրները՝ առաջնորդվելով ոչ միայն միջազգային առաջավոր փորձով, այլև արձագանքելով ՀՀ բարձրագույն կրթության առաջնահերթություններին և իրողություններին»,- ասաց ՀՀ ԿԳ փոխնախարարը:

 

 

Բանախոսները հանդես եկան բուհերի և գործատուների, պետական կազմակերպությունների և ոլորտը կարգավորող մարմինների կողմից որակավորումների ազգային նոր շրջանակի, ինչպես նաև որակավորումների ոլորտային շրջանակների իրականացման ու օգտագործման հիմնախնդիրների և հեռանկարների վերաբերյալ զեկուցումներով: Այնուհետև թեմատիկ խմբերում քննարկումներ ծավալվեցին «Քաղաքաշինություն», «Իրավագիտություն», «Գյուղատնտեսություն» և «Ֆիզիկա» ոլորտային խնդիրների վերաբերյալ:

 

Հավելենք, որ «ARMENQA»-ն ազգային նշանակության, կառուցվածքային միջոցառումների իրականացմանն ուղղված եռամյա նախագիծ է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության «TEMPUS» ծրագրի կողմից:

Այլ նորություններ
ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄՆ ԱՄՓՈՓԵՑ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի տարեկան գիտաժողովը:
ԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Դեկտեմբերի 7-8-ը ԵՊՀ-ում անցկացվեց Իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների տարեկան գիտական երկօրյա նստաշրջանը: