30.11.2017 | 
Գիտություն
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ԱԿԱՆԱՎՈՐ ԼԵԶՎԱԲԱՆԻՆ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ԱԿԱՆԱՎՈՐ ԼԵԶՎԱԲԱՆԻՆ
Այսօր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ «Աբեղյանական ընթերցումներ» խորագրով հանրապետական գիտաժողովը:

Այն կազմակերվել էր Հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության և հայոց լեզվի ամբիոնների կողմից:

 

Ողջույնի խոսքով հանդես եկավ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, ով բարի երթ մաղթեց գիտաժողովին:

 

«Այսօր այստեղ գտնվելն ինձ համար մեծագույն հաճույք է: Նախ ուզում եմ Ձեզ փոխանցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, մասնավորապես Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական օրհնությունը: 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ունեցանք մտավորականներ, որոնք անցան եկեղեցական կրթության միջով և նրանց շնորհիվ ունեցանք մեծ ձեռքբերումներ գրականագիտության, գրականության պատմության և այլ ասպարեզներում: Մեզ համար կան անուններ, որոնք անկարելի է երբևէ մոռանալ, և այդ անուններից մեկն էլ Մանուկ Աբեղյանինն է»,- ասաց Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

 

Հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ Աննա Աբաջյանը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի անունից ողջունեց ներկաներին:

 

«Անգնահատելի է Աբեղյանի գիտական բեղմնավոր վաստակը հայագիտության զարգացման մեջ: Ականավոր գիտնականը արգասաբեր գործունեություն է ծավալել հայագիտության գրեթե բոլոր բնագավառներում՝ միջնադարյան քնարերգություն, առասպելաբանություն, ժողովրդական վիպասանություն ու էպոս, տաղաչափություն և այլն: Նրա լեզվաբանական աշխատությունները մնայուն ու կոթողային գործեր են, իսկ հայոց լեզվի տեսությունը՝ հայերենի բոլոր մակարդակների մասին երբևէ ստեղծված դասական անփոխարինելի աշխատություն»,- ասված էր ռեկտոր Արամ Սիմոնյանի ողջույնի խոսքում:

 

Ներկաներին ողջույնի խոսք հղեց նաև Մանուկ Աբեղյանի թոռնուհին՝ բան. գիտ. թեկնածու, դոցենտ Հասմիկ Աբեղյանը: Նա ներկայացրեց իր հուշերը պապի մասին և շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ղեկավարությանը, Հայոց լեզվի պատմության և Հայոց լեզվի ամբիոններին՝ գիտաժողովը կազմակերպելու համար:

 

«Երջանիկ եմ, որ պապս իր գիտական վաստակի շնորհիվ մինչ օրս գնահատվում է ըստ արժանվույն: Համոզված եմ նաև, որ գալիք սերունդները նույնպես կհիշեն և շատ բան կսովորեն նրանից»,- նշեց Հասմիկ Աբեղյանը:

 

Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան 14 մասնակիցներ ԵՊՀ-ից, ՀՀ ԳԱԱ լեզվի և գրականության ինստիտուտներից, Վանաձորի պետական համալսարանից: «Աբեղյանական արդի ուղղագրության անհիմն քննադատությունները» թեմայով զեկուցմամբ հանդես եկավ Աննա Աբաջյանը:

 

«Ուղղագրության փոփոխման հարց կարող է առաջանալ միայն այն դեպքում, երբ այն համապատասխանի տվյալ լեզվի հնչյունական համակարգին: Հայերենի գործող ուղղագրության մեջ հմտորեն միահյուսված են հնչյունական ու ավանդական սկզբունքները: Դրանք միանգամայն համապատասխանում են արդի գրական արևելահայերենի ոգուն ու էությանը: Առաջարկում եմ «Լեզվի մասին» օրենքում հստակ ձևակերպել, որ գործող ուղղագրությունը պարտադիր է բոլոր հայերի համար: Արդի արևելահայերենի ուղղագրությունը փոխելու փորձերն անիմաստ են, անարդյունավետ, հակապատմական, վտանգավոր ու կործանարար բոլոր առումներով»,- իր ելույթում ասաց Աննա Աբաջյանը:

 

Գիտաժողովի ընթացքում ներկաներն իրենց հարցերն էին ուղղում զեկուցողներին:

 

Այլ նորություններ
ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄՆ ԱՄՓՈՓԵՑ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի տարեկան գիտաժողովը:
ԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Դեկտեմբերի 7-8-ը ԵՊՀ-ում անցկացվեց Իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների տարեկան գիտական երկօրյա նստաշրջանը: