15.11.2021 | 
Մշակույթ
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻ ԵՐԿԻՐ Է, ՈՐՏԵՂ ՈՒԶՈՒՄ ԵՍ ԿՐԿԻՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ». ԴԵՎԻԴ ՍԵՐԵՐՈ
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻ ԵՐԿԻՐ Է, ՈՐՏԵՂ ՈՒԶՈՒՄ ԵՍ ԿՐԿԻՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ». ԴԵՎԻԴ ՍԵՐԵՐՈ
Ֆրանսիացի երգիչ, դերասան և պրոդյուսեր Դևիդ Սերերոն ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանի հրավերով այցելել է ԵՊՀ։ Նա ելույթ է ունեցել համալսարանականների համար ու վարպետության դաս անցկացրել կենտրոնի սաների հետ:
Դևիդ Սերերոյի հետ զրուցել ենք Հայաստան կատարած այցելության և ԵՊՀ մշակույթի կենտրոնի հետ համագործակցության մասին:

- Պարո՛ն Սերերո, ինչո՞ւ որոշեցիք Հայաստան այցելել:

- Սա Հայաստան կատարած իմ առաջին այցելությունն է:

Տարիներ շարունակ բարեկամություն եմ արել հայերի հետ ինչպես Նյու Յորքում, այնպես էլ Փարիզում: Նաև շատ հայ ընկերներ ունեմ, որոնց հետ համատեղ նախագծեր ենք իրականացնում:

Տևական ժամանակ է, ինչ նրանք ինձ ասում էին՝ դու պիտի այցելես Հայաստան կամ ե՞րբ ես գալու Հայաստան:

 

Ի դեպ, ես նաև շատ լավ ռուսերեն եմ խոսում, այդ պատճառով շատերն են մտածում, որ հայ եմ, ինչն ինձ համար պատիվ է:

Երբ իմ ընկեր Արմանդո Ղուկասյանն ինձ առաջարկեց դառնալ Երևանում այս օրերին ընթացող վոկալի մրցույթի միջազգային ժյուրիի անդամ, ես սիրով համաձայնեցի, քանի որ նույն մրցույթի շրջանակում արդեն ունեինք համագործակցության հաջող օրինակ:

Հետաքրքիր էր, որ երբ ֆեյսբուքյան իմ էջում տեղադրեցի իմ մասին մամուլում տեղ գտած տարբեր նյութեր, բոլոր հայ ընկերներս մեծ ոգևորությամբ արձագանքեցին:

Եվ իհարկե, Հայաստանն այն վայրն է, որտեղ ես կրկին ուզում եմ վերադառնալ:

- Ո՞րն է եղել առաջին տպավորությունը, որ ստացել եք Հայաստանից:

- Հայաստանում կանայք ունեն ամենագեղեցիկ հոնքերը:

Այստեղ մարդիկ շատ պատրաստակամ են, ու ես դեռ չեմ հանդիպել մի հայի, որն ասի՝ ոչ, բոլորն ասում են՝ մի՛ մտածիր, մի բան կանենք: Երբ ես վայրէջք կատարեցի օդանավակայանում, չնայած ուշ ժամին՝ ինձ արդեն այնտեղ սպասում էր Արմանդոն:

Կցանկանայի խոսել նաև հայ հանդիսատեսի մասին, որը սիրում է երաժշտություն ու բամբ ձայնով երգիչներին:

- Կպատմե՞ք ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրենի և Ձեր համագործակցության մասին:

- Կարինե Դավթյանն իսկական մասնագետ է, իր գործի գիտակ: Եվ ես միշտ ասում եմ՝ ինչքան մեծ է մարդը, այնքան բաց է տարատեսակ համագործակցությունների համար:

Դու չես կարող հաջողված կարիերա ունենալ՝ անընդհատ «ոչ» ասելով:

Եվ երբ նա ինձ հայտնեց, որ ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրենն է, ես միանգամից ցանկություն հայտնեցի գալ ու երգել կենտրոնի տաղանդավոր սաների համար:

 

Ավելին անելու համար, ցավոք, ժամանակ չկա, բայց ես կրկին գալու եմ Հայաստան, և մենք միասին անվճար համերգ ենք կազմակերպելու բոլորի համար:

- Ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, որոնք ցանկանում են իրենց առաջին քայլերն անել երգարվեստում:

- Կարևորը հեշտ ու բնական երգելն է, երբ մարդիկ տեսնում են, որ երգելիս դժվարանում ես, նշանակում է, որ ինչ-որ բան այն չէ:

Դրանից հետո հարկ է երգել միայն այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ է: Պետք է քեզ լսես ու լսածդ համեմատես ոլորտի առաջատարների հետ:

 

Երիտասարդ տարիքում մարդիկ մտածում են, որ տարբերվում են մյուսներից, յուրօրինակ են, բայց իրականում նրանք մյուսների նման են, և միակ բանը, որ կօգնի տարբերվել, աշխատանքային կարգապահությունն է:

Այստեղ կարևորը լավ ձայն, խիստ կարգապահություն և լավ հոգի ունենալն է:

Այս ամենից զատ՝ կարևոր է անգլերենի և ընդհանրապես օտար լեզուների իմացությունը. ես խոսում եմ ռուսերեն, իսպաներեն, անգլերեն, ֆրանսերեն և կարող եմ գրեթե յուրաքանչյուր լեզվակրի հետ հաղորդակցվել ու ձեռք բերել մեծ լսարան:

 

 

 

 

Այլ նորություններ
ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ՝ «GOLDEN VOICE-2021» ՄՐՑՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԺՅՈՒՐԻԻ ԿԱԶՄՈՒՄ
Նոյեմբերի 10-ին «Վիվալդի Հոլ» հանդիսությունների սրահում տեղի է ունեցել «Golden voice-2021» վոկալի միջազգային մրցույթը, որի ժյուրիի կազմում էր նաև ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը։
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ ԶԲԱՂԵՑՐԵԼ Է 1-ԻՆ ՊԱՏՎԱՎՈՐ ՏԵՂԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնը մասնակցել է «Dance Super Star» 2021 պարի միջազգային փառատոնին և արժանացել մրցանակների: