27.02.2019 | 
Կրթություն
«ԾՐԱԳԻՐԸ ՄԻՏՎԱԾ Է ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՊԵՍ ՀԱԳԵՑԱԾ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆԸ ». «PRINTel» ՆԱԽԱԳԻԾԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
«ԾՐԱԳԻՐԸ ՄԻՏՎԱԾ Է ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՊԵՍ ՀԱԳԵՑԱԾ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆԸ ». «PRINTel» ՆԱԽԱԳԻԾԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
2018 թ.-ի հունվարից մեկնարկել է Եվրահանձնաժողովի կողմից ֆինանսավորվող «Erasmus+»-ի «PRINTeL» նախագիծը` «Փոփոխություն լսարանում. նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառության բարելավման նպատակով», որը համակարգում է Երևանի պետական համալսարանը։ Նախագծի նպատակների և դրա շրջանակում իրականացվող աշխատանքների մասին զրուցել ենք «PRINTeL» նախագծի համակարգող, ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի տնօրեն Արմեն Բուդաղյանի հետ:

-Պարո՛ն Բուդաղյան, ե՞րբ և ինչո՞ւ է ստեղծվել «PRINTel» նախագիծը:

 

- «Փոփոխություն լսարանում. նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառության բարելավման նպատակով» խորագրով «PRINTel» նախագիծը եռամյա համատեղ ծրագիր է, որն ստեղծվել է  «ERASMUS+» ծրագրի շրջանակում: Այն մեկնարկել է 2018 թ.-ի հունվարից: Նախագծի նպատակն է նշանակալի փոփոխություններ իրականացնել կրթական համակարգում և հատկապես լսարանում: Այն միտված է փոխելու մեթոդները, որոնցով դասախոսներն ուսուցանում են, իսկ ուսանողները՝ ուսումնառում:  

 

- Որո՞նք են նախագծի նպատակները:

 

- Նախագծի նպատակներն են բարելավել դասավանդման և ուսումնառության գործընթացները նախագծի գործընկեր բուհերում՝դրանք համապատասխանեցնելով կրթության և վերապատրաստման ոլորտում Եվրոպական համագործակցության ռազմավարական շրջանակի չափորոշիչներին (ET 2020)՝ խթանելով նորարարական դասավանդումը և ուսուցումը, ինչպես նաև աջակցելով տեխնոլոգիաների ու հետազոտությունների ինտեգրմանը և լավ փորձի տարածմանը: Նախագծի նպատակն է նաև հաստատել համագործակցություն կրթության և վերապատրաստման ոլորտներում ԵՄ-ի և գործընկեր երկրների միջև՝ խթանելով դասախոսների և ուսանողների վիրտուալ շարժունությունն ու ընդլայնելով հարատև կրթության ռեսուրսների և միջոցների զարգացումը: Մեր առջև 4 հիմնական խնդիր է դրված. դասախոսների վերապատրաստման կենտրոնների հզորացում, դասախոսների՝ նորարարական մեթոդներով դասավանդման կարողությունների զարգացում, վիրտուալ դասավանդման և ուսումնառության ակադեմիայի (վիրտուալ հարթակի) ստեղծում ու նորարարական դասավանդման պրակտիկայի խթանում և փորձի տարածում:

 

- Ո՞ր բուհերն են ներգրավված այս նախագծում:

 

- «PRINTeL» նախագծում ներգրավված են եվրոպական և արևելյան գործընկերության մի շարք բուհեր՝ Լյուվենի կաթոլիկ, Բարսելոնայի և Պորտոյի, Լինշյոփինգի և Գրացի Կիրառական գիտությունների (FHJ) եվրոպական համալսարանները, ինչպես նաև Արևելյան գործընկերության երկրները ներկայացնող Երևանի պետական, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանները (Հայաստան), Իլիայի պետական, Վրաստանի տեխնիկական և Թելավիի Յակոբ Գոգեբաշվիլիի պետական համալսարանները (Վրաստան), Բելառուսի պետական, Բրեստի պետական տեխնիկական և Գրոդնոյի Յանկա Կուպալայի պետական համալսարանները (Բելառուս)։

 

- Ի՞նչ քայլեր են իրականացվում Ձեր կողմից նշված նպատակներին հասնելու համար:

 

- Նախագծի աշխատանքային ծրագրով իրականացվել են մի շարք վերապատրաստումներ եվրոպական գործընկեր համալսարաններում, որոնք նպատակաուղղված են Հայաստանի, Վրաստանի և Բելառուսի վերոնշյալ գործընկեր բուհերի դասախոսների վերապատրաստման կենտրոնների և, ընդհանուր առմամբ, դասախոսների մասնագիտական և ժամանակակից տեխնոլոգիական միջոցներին տիրապետելու կարողությունների և հմտությունների զարգացմանը, ինչպես նաև նշված կենտրոնների գործունեության վերակազմակերպմանը։

 

- Այս ընթացքում ի՞նչ աշխատանքներ են իրականացվել ԵՊՀ-ում:

 

- Այս պահի դրությամբ ԵՊՀ  16 դասախոսներ վերապատրաստվել են եվրոպական գործընկեր բուհերում և այժմ իրենց փորձն ու գիտելիքը փոխանցում են գործընկեր դասախոսներին: Մեր դասախոսները վերապատրաստվել են Բարսելոնայի, Պորտոյի, Շվեդիայի Լինշյոփինգի,  Բելգիայի Լյուվենի կաթոլիկ և Ավստրիայի Գրաց քաղաքի Յոաններում կիրառական գիտությունների համալսարաններում՝ մասնակցելով «Համագործակցային ակտիվ ուսուցում լսարանում», «Ակտիվ ուսուցում և թվային տեխնոլոգիաները դասավանդման գործընթացում՝ մոբայլ ուսումնառություն և խաղայնացում», «Տեսանյութերը՝ որպես դասավանդման գործիք», «Ակտիվ ուսուցում «շրջված դասարանում»», «Համակցված դասավանդում և ուսուցում» թեմաներով դասընթացներին: Ի դեպ, վերապատրաստված դասախոսներն առաջիկայում ևս շարունակելու են մեթոդական աջակցություն ցուցաբերել ԵՊՀ դասախոսներին: 

 

- Ի՞նչ վերջնարդյունք եք ակնկալում նախագծի ավարտին:

 

- Նախատեսվում է, որ նախագծի ավարտին մենք կունենանք ավելի քան 200 վերապատրաստված դասախոսներ, 3 ակտիվ ուսուցման լսարաններ և 1 վիդեո դասընթացների ձայնագրման ստուդիա:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է ԵՊՀ-ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ-ի և ՀՀ ֆինանսների նախարարության միջև կնքված հուշագրի շրջանակում ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը կազմակերպել էր հանդիպում նախարարության ներկայացուցիչների հետ:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ԼԱՒԱԳՈՅՆ ԳՐԱԲԱՐԱԳԷՏ» ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
«Լավագոյն գրաբարագէտ» խորագրով օլիմպիադայի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողության ժամանակ առաջին, երկրորդ և երրորդ կարգի մրցանակակիրներն արժանացել են պարգևների, մնացած մասնակիցները՝ շնորհակալագրերի և խրախուսական մրցանակների: