01.06.2018 | 
Հասարակություն
«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՌՈԶ Է, ԱՅՆ ՆՄԱՆ Է ԱՍՏՂԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՏԱՌԱՊՈՂ ՄԱՐԴՈՒ». ՌՈՒԲԵՆ ԵՍԱՅԱՆ
«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՌՈԶ Է, ԱՅՆ ՆՄԱՆ Է ԱՍՏՂԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՏԱՌԱՊՈՂ ՄԱՐԴՈՒ». ՌՈՒԲԵՆ ԵՍԱՅԱՆ
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի 2-րդ կուրսի ուսանող Ռուբեն Եսայանը «Յութուբ»-ում ունի իր հաղորդումն ու ալիքը: Ալիքն ունի մոտ 30.000 հետևորդ և 6 միլիոն հանրագումարային դիտումներ: Մեզ հետ զրույցում Ռուբենը պատմեց յութուբյան տիրույթի գաղտնիքների, հայկական «Յութուբ»-ի առանձնահատկությունների և յութուբյան ալիք ունենալու առաջին երեք քայլերի մասին

Յութուբյան իր ալիքի մասին

 

Յութուբյան իմ ալիքը որոշեցի բացել 2010 թվականին: Այդ ժամանակ ես 14 տարեկան էի, իսկ «Յութուբ»-ի մասին շատ քիչ բան գիտեի:

 

Երկու տարի հետո՝ գործնական աշխատանքի շրջանակում, մի տեսանյութ պատրաստեցի  Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզայի» մասին, թեթև մոնտաժեցի և տեղադրեցի «Յութուբ»-ում: Այն պետք է դիտեինք դասի ընթացքում, իսկ 20 օրում տեսանյութն ունեցավ մոտ 200.000 դիտում:

 

Այդ ժամանակ հասկացա, որ կարելի է ունենալ յութուբյան ալիք, որոշեցի անուն ընտրել և հետաքրքիր տեսանյութերի շարք սկսել:

 Հաղորդումը կոչվեց «Բացահայտում», իսկ այս պահին դիտումների հանրագումարը 6 միլիոն է:

 

Սովորաբար մարդիկ, ովքեր պարզապես տեսանյութեր են նայում, իրենք չեն պատկերացնում այդ ալիքի ներսի մեխանիզմերի կառուցվածքը:

Իրականում վերջերս ինքս էլ եմ պարզել, որ  գոյություն ունեն հատուկ մոտեցումներ, որոնք հնարավորություններ են տալիս յութուբյան ալիքների ցանկում քո ալիքն առաջ բերելու կամ, օրինակ, «Յութուբ»-ի միջոցով գումար վաստակելու համար:

 

Մինչդեռ ինձ թվում է, թե ես «Յութուբ»-ին տիրապետում եմ գոնե ութսուն տոկոսով, բայց այն ուսումնասիրությունների անսպառ տիրույթ է:

 

«Բացահայտում» հաղորդման մասին

 

Ես շատ ուրախ եմ, քանի որ «Բացահայտումը» իր մեջ ներառում է մոտ 30 հաղորդում, և այն շատ բան է տվել ինչպես ինձ, այնպես էլ մարդկանց: Ինձ հատկապես գրում են աշակերտները և պատմում, որ իմ նյութերն օգտագործում են համապատասխան թեմայի մասին խոսելիս կամ այն քննարկելիս:

 

 

Բայց պետք է նաև խոստովանեմ, որ այդ թեմաները չեն կարող անսպառ լինել:  Ամեն լավ բան իր ավարտն ունի: «Բացահայտում» հաղորդումն արդեն ավարտվում է, որովհետև որոշել եմ միստիկան հաղորդումը փոխարինել հումորային կարճ տեսանյութերով: Բացի դրանից՝ «Յութուբ»-ում ավելի հայտնի ու սիրված է հենց հումորային ժանրը, որը պահանջում է քիչ քանակությամբ ներուժ, բայց նաև ունենում  է շատ դիտումներ ու բաժանաորդագրություններ: Հիմա անում եմ սկեչներ, բայց «Բացահայտումը» առայժմ կշարունակվի:

 

Հայկական «Յութուբ»-ի մասին

 

Հայկական «Յութուբ»-ում հեշտ ստեղծվող տեսանյութերը շատ են: Մարդիկ անում են այն, ինչը հեշտ է: Սա բովանդակային իմաստով, իհարկե, սխալ է, բայց «Յութուբ»-ի համար ճիշտ մարտավարություն է:

 

Մեկ հաղորդում պատրաստելու համար ես կարող եմ մեկ ամիս տանջվել, փորձում եմ գտնել նկարահանման համար համապատասխան վայր, մշակում եմ ձեռքիս տակ եղած նյութերը, երկար և մանրամասն մոնտաժում եմ դրանք,  իսկ մեկ ուրիշն ընդամենը մեկ օրում նկարում է հումորային նյութ, որն անմիջապես հայտնվում է  «Յութուբ»-ում, և մենք ունենում ենք անհավասար աշխատանքի դիմաց հավասար դիտումներ ու տարածում:

 

Անիմաստ է դառնում այդքան միջոցների ներդնումը, երբ սիրողական մակարդակի նկարված տեսանյութը կարող է իր հայտնիությամբ և դիտողականությամբ գերազանցել քո տեսանյութին:

«Յութուբ»-ում նմանատիպ ալիքները, որոնք բովանդակությամբ և օգտագործված տեխնիկայով պարզ են,  բայց  ունեն շատ քանակությամբ դիտումներ, բազմաթիվ են:

 

Հայկական «Յութուբ»-ում շատ բան է պակաս. չկան պրոֆեսիոնալ հաղորդումներ կամ լավ  վերլուծական ալիքներ, բայց պետք է փաստել, որ հայկական «Յութուբ»-ի զարգացումն ընթացքի մեջ է: Միայն վերջին ամսում այնտեղ հինգ ալիք է ավելացել: Իհարկե, նկատի ունեմ լուրջ բովանդակությամբ ալիքներ:

 

Հեղափոխությունն ու «Յութուբ»-ը

 

Հեղափոխության ժամանակ «Յութուբ»-ը գլխավոր ու ամենամեծ հարթակն էր: Միգուցե, եթե «Յութուբ»-ն ու «Ֆեյսբուք»-ը չլինեին, հեղափոխությունը չէր լինի կամ կլիներ, բայց ոչ խաղաղ ելքով:

Ի վերջո, հենց սոցցանցերի միջոցով հնարավոր եղավ ապահովել այն ցանացայնությունը, որը մարդկանց թույլ էր տալիս միմյանց հետ կապ հաստատել, գործողությունների պլան մշակել ու արագ ապակենտրոնանալ:

Բացի դրանից՝ ուղիղ եթերով այդ ամենին հետևում էր նաև միջազգային հանրությունը: Թվում էր՝  հեղափոխություն էր սոցցանցային ափի մեջ, որը բաց էր բոլոր կողմերով: Ցանկացած պահի հնարավոր էր տեսնել, թե ինչ է կատարվում երկրում:

 

Հեռուստատեսությունն այս պայքարը տանուլ տվեց: Տեղեկատվության մեջ մարդիկ կողմնապահության և ոչ լիարժեք ինֆորմացիայի հաղորդման միտումներ էին տեսնում, և հեռուստատեսությունը շատ արագ կորցրեց վստահությունը:

 

Նույնիսկ ավագ սերնդի ներկայացուցիչները խնդրում էին իրենց երեխաներին ֆեյսբուքյան էջեր բացել, որպեսզի իրենք էլ կարողանան ինտերակտիվ հետևել իրադարձությունների զարգացմանը:

 

Բլոգինգի մասին

 

Եթե, օրինակ, համեմատում ենք Հայաստանի և Ռուսաստանի բլոգային դաշտը, ապա հստակ երևում է, որ նախ Ռուսաստանում բլոգինգով զբաղվում են այսպես կոչված «էլիտար» մարդիկ, որոնք ունեն լավ կրթություն և առաջարկում են  հետաքրքրիր ու տարբերվող բովանդակությամբ նյութեր:

 

Շատ բլոգերներ պարզապես հրաժարվում են աշխատել հեռուստատեսությունում, քանի որ հեռուստատեսությունը սահմաններ է ենթադրում, ինչն էլ դուր չի գալիս «ինտերնետի» մարդկանց:

 

«Յութուբ»-ը վերջին տարիներին դարձել է այնքան մրցունակ, որ նույնիսկ գովազդներ կան, որոնց պատվիրատուները սկզբից դիմում են «Յութուբ»-ին, իսկ հետո նոր միայն հեռուստատեսությունը: Վիճակագրությունը նույնպես խոսուն է: Անցած տարի համացանցում ավելի շատ գովազդ է տեղադրվել, քան հեռուստատեսությունում:

 

«Յութուբ» vs հեռուստատեսություն

 

«Յութուբ»-ը խոսքը լսելի դարձնելու ամենաուղիղ միջոցն է: Ստացվում է, որ ֆորսմաժորային իրավիճակներում մարդիկ օգնության են դիմում «Յութուբ»-ին և ոչ թե հեռուստատեսությանը:

«Յութուբ»-ը մարդկանց համար ընկեր է դառնում: Մարդիկ գիտեն, որ այն անկեղծ է և ազդեցություններից զերծ:

 

Իսկ հեռուստատեսությունում հակառակ սկզբունք է գործում: Մարդիկ այնտեղ անմիջական մուտք չունեն:  Կարծես թե հեռուստացույցը ոչ թե թելադրողի, այլ թելադրվողի կարգավիճակում է:

«Յութուբ»-ը Հայաստանում սկսել է զարգանալ 2015-2016 թվականներից: Քանի որ մենք գործ ունեինք նոր տեխնոլոգիաների հետ, դրանով հիմնականում սկսեցին զբաղվել թինեյջերներն ու երիտասարդները: Բացի դրանից՝ «Յութուբ»-ի բովանդակությունն ավելի զվարճալի ու ժամանցային էր, դրա համար մեծահասականերն այդքան էլ դրան լուրջ չէին վերաբերվում:

 

Երբ այսօրվա թինեյջերը վաղվա մեծահասակը դառնա, նա կգումարվի նոր սերնդին, և արդյունքում «Յութուբ»-ը կդառնա ապագայի մեծ հարթակ:

 

Հեռուստատեսության ներկայացուցիչները «Յութուբ»-ին լուրջ չեն ընդունում, քանի որ գտնում են, որ անհնար է փոքր միջոցներով և ոչ պրոֆեսիոնալ թիմով որակյալ արդյունք ստանալ: Բայց խոսքն այստեղ պրոֆեսիոնալիզմի մասին չէ: Իրականում հետազոտությունները ցույց են տվել, որ  «Յութուբ» նայող մարդկանց 90 տոկոսը մտածում են, որ բլոգերն իր ընկերն է: Սա անմիջական, ոչ պրոֆեսիոնալ շփման դրական արդյունքն է:

«Յութուբ»-ում հասանելիությունը շատ մեծ է. կա ուղիղ կապ, կարող ես թողնել մեկնաբանություններ և ստանալ դրանց պատասխանները: Իսկ հեռուստատեսությունը գոռոզ է, այն նման է աստղային հիվանդությամբ տառապող մարդու, որն անգամ հետադարձ կապի գործընթացը դժվարությամբ է ապահովում:

 

Պետք է գիտակցել, որ ընդամենը մի քանի տարի հետո հասարակության մեջ կարծիք ձևավորելու հարցում «Յութուբ»-ի դերը արդեն թերագնահատել հնարավոր չի լինի:

 

Ինչից սկսել «Յութուբ»-ում

 

Նախ պետք հասկանալ, թե քո ալիքի միջոցով ինչ ես ուզում ասել մյուսներին, որոնք են քո նպատակները՝  հայտնի դառնալ, սիրված լինել, գումար վաստակել, քո խոսքը տեղ հասցնել, և ըստ դրանց որոշել ալիքի բովանդակությունն ու թիրախը, իսկ տեխնիկական պահանջներից ամենակարևորը մոնտաժն է:

 

Իսկ իրականում հենց նույն «Յութուբ»-ի միջոցով էլ կարելի է մոնտաժի մասին մի քանի դասընթացներ նայել ու սովորել:

 

Հետո չպետք վախենալ «Յութուբ»-ում արդեն առկա հայտնի ալիքներից՝ մտածելով, որ դու այնտեղ այլևս անելիք չունես, որովհետև մարդիկ միշտ էլ նոր  խոսքի և մոտեցումների կարիք ունեն և չի բացառվում, որ հաջորդը հենց դու ես, ով հայտնվելու է մարդկանց ուշադրության կենտրոնում: Պետք չէ վախենալ:

 

Այլ նորություններ
ԴԱՍԱԴՈՒԼ ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի տարբեր կուրսերի ուսանողներ այսօր համալսարանի կենտրոնական մասնաշենքի նախասրահում դասադուլ էին կազմակերպել՝ hաջակցություն Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Քալանթարյանի, որը վերջերս աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել:
ԵՊՀ ԹԻՄԸ ԿՐԿԻՆ ԱՌԱՋԻՆՆ Է ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ.  ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐԲԻՏՐԱԺ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԸ
Մարտի 23-24-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում Եվրոպայի խորհրդի և «ԷյԴիԱր փարթներս» ընկերության կողմից կազմակերպված արբիտրաժ դատախաղ-մրցույթին մասնակցել են համալսարանական երկու թիմեր, որոնցից մեկը զբաղեցրել է առաջին հորիզոնականը: