16.03.2018 | 
Հասարակություն
ԸՆՏԱՆԻՔԻ ՄԱՅՐ, ԽՆԱՄԱԿԱԼ, ԼԱՎ ՏԱՏԻԿ. ՏԱՐԵՑ ԿԱՆԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԸՆՏԱՆԻՔԻ ՄԱՅՐ, ԽՆԱՄԱԿԱԼ, ԼԱՎ ՏԱՏԻԿ. ՏԱՐԵՑ ԿԱՆԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
Այսօր ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնում ներկայացվեց «Տարեց կանանց սոցիալական կարգավիճակը Հայաստանում. ծերացման ֆեմինիզացիայի համատեքստում» հետազոտության արդյունքները:

Բանախոսը ներկայացրեց 2016-2017 թթ.-ին կենտրոնի աջակցությամբ իրականացված հետազոտությունն՝ ուղղված տարեց կանանց սոցիալական հիմնախնդիրների ուսումնասիրությանը:

 

Մագիստրոսական թեզի համար արված ուսումնասիրության նպատակն է բացահայտել հայ հասարակությունում տարեց կանանց նկատմամբ վերաբերմունքը, նրանց սոցիալ-տնտեսական ակտիվության դրսևորման առանձնահատկությունները տարբեր միջավայրերում, ինչպես նաև վերլուծել վերջիններիս հասարակական դերային ակտիվությանը խոչընդոտող և խթանող գործոնները (ամուսնական կարգավիճակ, կրթություն, աշխատանքի առկայություն, բնակավայր):

 

«Այսօր Հայաստանում միայն կենսաթոշակով հնարավոր չէ ապրել և բավարարել անգամ առաջնային կարիքները, ուստի՝ տարեցների շրջանում աղքատության հավանականությունն ավելի է մեծանում: Հանապազօրյա հացի խնդիր ունեցող մարդը չի կարող ունենալ հաջող ծերություն կամ էլ համեմատվել զարգացած երկրների տարեցների հետ»,- նշում է Ս. Մարտիրոսյանը:

 

Հետազոտողը հավելում է նաև, որ մեր իրականության մեջ տարեց կինը հասարակական կյանքում ինքնադրսևորվելու հնարավորություն գրեթե չունի. «Վաթսունից հետո շատ հաճախ ստերեոտիպների պատճառով տարեց կինը ստիպված է իրեն պահել այնպես, ինչպես շրջապատի մարդիկ են ակնկալում իրեն տեսնել՝ լավ տատիկ, ընտանիքի մայր կամ խնամակալ: Բայց մեր հասարակությունում չի ընդունվի այն տարեց կինը, ով վաթսուն տարեկանում որոշում է, օրինակ, բլոգեր դառնալ:  Այս կարծրատիպը դեռևս գործում է միայն Հայաստանից դուրս»:

 

Հետազոտությունն իրականացվել է որակական հետազոտական մեթոդների միջոցով՝ անցկացնելով փորձագիտական հարցազրույցներ և  փաստաթղթերի բովանդակային վերլուծություն:

 

Հավելենք, որ առաջին մասնագիտությամբ լրագրող Ստելլա Մարտիրոսյանը ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Կանայք, առաջնորդություն և զարգացում» մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտներից է:

Այլ նորություններ
ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ ԿԵՂԾ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒՄՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ ՄԱՍԱՉՈՒՍԵԹՍԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) հետազոտողները փորձել են հասկանալ կեղծ լուրերի տարածման ծավալները և դրդապատճառները: Ավարտից հետո մարտին հանրայնացվել է նրանց հետազոտությունը:
«ԴՈՒՔ ԱԴԱՄԱՆԴԵ ՍԻՐՏ ՈՒՆԵՔ». ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԱՏՈՒԿ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ԱԴԱՄԱ ԴԻԵՆԳ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում դասախոսությամբ հանդես եկավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգը: