11.05.2018 | 
Գիտություն
ՄԻՋԱԶԳԱՅՆԱԳԵՏՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԾԱՆՈԹԱՆԱԼ ՄԵՐՕՐՅԱ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՄԻՋԱԶԳԱՅՆԱԳԵՏՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԾԱՆՈԹԱՆԱԼ ՄԵՐՕՐՅԱ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ ուսանողների համար դասախոսությամբ հանդես եկավ պատմ. գիտ. թեկնածու Սարգիս Գրիգորյանը:

Դասախոսությունը կազմակերպվել էր «Մերօրյա հակամարտություններ» դասընթացաշարի շրջանակում, որի նպատակն է ուսանողներին ներկայացնել աշխարհում առկա կոնֆլիկտները, դրանց պատճառները և կարգավորման մեխանիզմները:

 

Այսօր տեղի ունեցած դասախոսության ժամանակ Սարգիս Գրիգորյանն ուսանողներին ներկայացրեց իրեն խալիֆայություն հռչակած «Իսլամական պետություն» իսլամական ծայրահեղ արմատական կառույցի ձևավորման ակունքները, իսլամական ծայրահեղ արմատական տիրույթում տեսական և գործնական ակտիվությունն ու ջիհադական պայքարում ունեցած դերակատարությունը:

 

Նախևառաջ, խոսելով իսլամի մասին, Սարգիս Գրիգորյանն ասաց, որ այն աշխարհում երկրորդ ամենամեծ կրոնն է, որն ունի ավելի քան 1 մլրդ 8 մլն հետևորդ, որոնց անվանում են մուսուլմաններ. «Իսլամի առաջացման հենց սկզբում` Մուհամմադ մարգարեի օրոք, այն ամբողջական կառույց էր, որտեղ չկային հստակ տարանջատված ուղղություններ և հոսանքներ: Մարգարեի մահից հետո մուսուլմանական համայնքում (Ումմա) սկսեցին տարաձայնություններ` կապված այն խնդրի շուրջ, թե ով պետք է ղեկավարի մուսուլմանական համայնքը: Արդեն այդ ժամանակվանից իշխանության պատկանելիության խնդիրը մասնատեց մուսուլմանական ումման երկու հիմնական ուղղությունների` սուննիների և շիաների»:

 

Բանախոսի խոսքով, սուննիները կարծում են, որ մուսուլմանական համայնքում իշխանությունը պետք է պատկանի խալիֆին, որն ընտրվում է ամբողջ մուսուլմանական համայնքի կողմից: Մինչդեռ շիաներն ընդունում են իմամի իշխանությունը, որը պետք է լինի Մուհամմադ մարգարեի հետնորդը:

 

Սարգիս Գրիգորյանն ուսանողներին պատմեց, որ Օսմանյան կայսրության փլուզումը և մի շարք զուգահեռ գործընթացներն արաբական երկրներում սկիզբ դրեցին հակագաղութային պայքարին, ազգային-ազատագրական շարժումներին, որոնց արդյունքում ի հայտ եկան արաբական անկախ պետություններ. «Այդ ժամանակ ակտիվացան իսլամական արմատականները, որոնք պատրաստ էին բացահայտ և ոչ բացահայտ պայքար մղել ինչպես տեղի մուսուլման վարչակարգերի դեմ, այնպես էլ, արձագանքելով իսլամական կոչին, պայքարն իրականացնել այլ վայրերում»:

 

Դասախոսն ուսանողներին ներկայացրեց  նաև, թե ինչպես ի հայտ եկան արդեն մուսուլման ծայրահեղ արմատականները, որոնք բնորոշվում էին բռնի ուժի կիրառմամբ պայքարով, իրենց գաղափարները չկիսողների հետ պայքարով և իսլամական խալիֆայության հիմնելու իրենց ձգտմամբ:

 

Դասախոսության ընթացքում Սարգիս Գրիգորյանն անդրադարձավ «ալ-Կաիդա»-ի ձևավորմանը, Աբդալլահ Ազզամի և Ուսամա բեն Լադենի գործունեությանը՝ նշելով նրանց գաղափարական տարբերությունները:

 

Այնուհետև բանախոսը խոսեց ահաբեկչական գործողություններից, անդրադարձավ սիրիական հակամարտությանն ու դրանում իսլամական արմատական խմբավորումների ներգրավվածությանը:

 

«Մերձավոր Արևելքում ծավալված ջիհադական պայքարում «Իրաքում իսլամական պետություն» կառույցի ակտիվ գործողություններով իսլամականների կողմից վերահսկվող՝ Սիրիայի և Իրաքի զգալի տարածքներում 2014 թ. հունիսի 29-ին հռչակվեց «Իսլամական պետություն», որով նոր էջ բացվեց իսլամական ծայրահեղ արմատականության պատմության մեջ»,- ասաց Սարգիս Գրիգորյանը:   

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՆՈՐ ՀԱՏՈՐՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուի (2016 թ.) շնորհանդեսը:
ՏԵՍԱԿԱՆ ՖԻԶԻԿԱՅԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հուլիսի 2-7-ը ԵՊՀ առաջատար գիտաշխատող Արմեն Ներսեսյանի ջանքերով Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում կանցկացվի տեսական ֆիզիկայի ամառային դպրոց («2018 JOINT FAR/ANSEF-ICTP and RDP-VW summer school in theoretical physics»):