07.05.2018 | 
Հասարակություն
«ԵՎՐՈՊԱՆ ԱՌԱՅԺՄ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՇԱՏ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ՍՏԵՂԾԵԼ».ՌԱՈՒԼ ԻՄԵԹՍ
«ԵՎՐՈՊԱՆ ԱՌԱՅԺՄ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՇԱՏ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ՍՏԵՂԾԵԼ».ՌԱՈՒԼ ԻՄԵԹՍ
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում այսօր տեղի ունեցավ «Եվրոպական տնտեսական քաղաքականություն» թեմայով դասախոսություն: Դասախոսությունը կարդաց Էստոնիայի Տարտուի համալսարանի սոցիալական գիտությունների ֆակուլտետի դեկան Ռաուլ Իմեթսը:

Դասախոսությունը բաղկացած էր երկու մասից: Բանախոսն առաջին հատվածում անդրադարձավ Եվրոպական միության սոցիալական և աշխատանքային քաղաքականությանը, աշխատաշուկայի մարտահրավերներին և դրանց լուծման հնարավոր ճանապարհներին:

 

Դասախոսության երկրորդ հատվածում մանրամասն ներկայացվեց Եվրոպայում գործազրկության տվյալներն ու նոր աշխատատեղեր ստեղծելու առայժմ ոչ այնքան  արդյունավետ քայլերը:

Բացի դրանից՝ հստակ սահմանում տրվեց աշխատաշուկայում արդյունավետության ցուցաբերման և վերջինիս գնահատման մեխանիզմներին:

 

Դասախոսի և ներկաների կողմից քննարկվեցին նաև երիտասարդների շրջանում գործազրկության ցուցանիշները և վերջինիս պատճառները, որոնց մի փոքր մասը կազմում են նաև «neet» խմբի ներկայացուցիչները: Այս խմբին պատկանող  երիտասարդները ո՛չ կրթությամբ են զբաղվում, ո՛չ էլ ապրանքաշուկայում դրսևորվելու հնարավորություններ են փնտրում:  

 

Երկրորդ մասում անդրադարձ եղավ նաև ապագային և հետագա մարտահրավերներին: Իրականում ապագայի մասին ոչ ոք չի կարող հստակ կանխատեսումներ անել, որովհետև հենց միայն համացանցի ստեղծման և  նրա տրածման պատմությունն  ապագայի անկանխատեսելիության  լավագույն ապացույցներն են:

 

Այնուամենայնիվ, հստակ է, որ բոլոր բնագավառներում  ՏՏ ոլորտի մասնագետները միշտ կլինեն պահանջված և բարձր վարձատրվող: Աշխարհն ունենալու է նաև այնպիսի դեմոգրաֆիկ խնդիր, ինչպիսին բնակչության ծերացումն է: Մեր երեխաներն ավելի երկար են ապրելու, քան մենք: Փոխվելու են  ոչ միայն գործատուի պահանջները աշխատողի նկատմամբ, այլ նաև աշխատողի պատկերացումները լավ աշխատանքի մասին:

 

Վերջում Ռաուլ Իմեթսը նշեց, որ այն մասնագետները, որոնք կդիմակայեն և կհամապատասխանեն բավականին արագ փոփոխվող շուկայական պահանջներին, կլինեն մրցակցային կադրեր և միշտ կունեն պահանջարկ:

 

 

Այլ նորություններ
«ԱՌԱՆՑ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՉԷՐ ԼԻՆԻ ԱՅՆՊԻՍԻՆ, ԻՆՉՊԻՍԻՆ ԱՅՍՕՐ Է». ԹՈՄԱՍ ՄԱՅԵՐ ՀԱՐԹԻՆԳԵՆ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր ուսանողների համար դասախոսություն կարդաց Արտաքին կապերի եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարիչ Թոմաս Մայեր Հարթինգենը:
ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՍԵՎԾՈՎՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
Հայաստանի ամերիկյան համալսարանում հոկտեմբերի 15-ից 17-ը տեղի ունեցավ Սննդի գիտության և տեխնոլոգիաների սևծովյան ասոցիացիայի երկրորդ համաժողովը: