16.05.2018 | 
Գիտություն
ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԹԵՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՐԱԿԱՆ, ԼԵԶՎԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔՆ ԷՐ
ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԹԵՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՐԱԿԱՆ, ԼԵԶՎԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔՆ ԷՐ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին և Համազգային հայ կրթական և մշակութային միության հիմնադրման 90-ամյակին նվիրված գիտաժողովը շարունակեց իր աշխատանքները:

«Կրթամշակութային կյանքը Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին» խորագիրը կրող գիտաժողովի այսօրվա զեկուցումների ու քննարկումների առանցքը Առաջին Հանրապետության գրական, լեզվական և մշակութային կյանքն էր:

 

Բանախոսներն անդրադարձան Առաջին Հանրապետության տարիներին պետության կրթամշակութային կյանքը կերտող այնպիսի անվանի գործիչներին, ինչպիսիք են Նիկոլ Աղբալյանը, Հովհաննես Թումանյանը,Կոստան Զարյանը և այլն:

 

Նիկոլ Աղբալյանի լեզվաքաղաքական հայացքների մասին խոսեց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս, դոցենտ Նարինե Դիլբարյանը, ով ներկայացրեց գործչի այն հիմնական ծրագրերն ու գաղափարները, որոնք բացառիկ ազդեցություն են ունեցել պետության կայացման, հոգևոր ու մշակութային կյանքի կազմակերպման, հայկական կրթօջախների հիմնադրման և կրթական նոր ծրագրերի մշակման գործընթացում:

 

«Հայաստանում, ինչպես նաև արտասահմանում ազգային բազմաստիճան դպրոցներ հիմնելու վերաբերյալ նրա ծրագրերն իրենց կենսունակությունն են ապացուցել նաև այսօր արդի աշխարհում: Մեծ հայրենասերի երազանքը հայոց ազգն իր պատմական հայրենիք վերադարձնելն էր և առաջադեմ, զարգացած ու գիտելիքահեն ազգ դարձնելը: Նիկոլ Աղբալյանը վստահ էր, որ միայն ազգային լեզվի վրա խարսխված հիմնավոր կրթությունը կարող է ձևավորել համաշխարհային մրցակցությանը դիմակայելու ունակ արդիական ազգ»,- ասաց բանախոսը և հավելեց, որ անվանի մտավորականի շատ մտքեր ու գաղափարներ, որոնք մի շարք հաջողված ծրագրերի հիմք են դարձել, արդիական են նաև այսօր՝ ՀՀ-ում տիրող ներկա քաղաքական իրողությունների խորապատկերում:

 

 

Հովհաննես Թումանյանի թանգարանի աշխատակից, բան. գիտ. թեկնածու Անի Եղիազարյանի թեման Առաջին Հանրապետության ձևավորման նախաշեմին Հովհ. Թումանյանի կրթամշակութային ծրագրերն էին:

 

«Ամբողջ կյանքում Թումանյանը ժամանակի պահանջով ստիպված էր զբաղվել հասարակական գործունեությամբ՝ հաճախ հենց իր տանը կազմակերպելով գաղտնի հավաքներ ու քննարկումներ: Հենց այդ հանդիպումների ընթացքում էլ իր համախոհների հետ նա մշակել է իր ազգափրկության ծրագիրը»,- նշեց Ա. Եղիազարյանը և ընդգծեց, որ միայն Առաջին Հանրապետության ստեղծումից հետո ազգային բանաստեղծը հանգիստ ստեղծագործելու հնարավորություն ստացավ:

 

Գիտաժողովի ընթացքում անդրադարձ եղավ նաև Հայաստանի առաջին Հանրապետության տարիների առաջին պետթատրոնի հիմնադրման նախադրյալներին:

 

Զեկուցումներից հետո գիտաժողովի մասնակիցների միջև թեմատիկ նյութերի վերաբերյալ ակտիվ քննարկում ծավալվեց՝ զուգահեռաբար համեմատականներ անցկացնելով նաև արդի հիմնախնդիրների ու ներկա հասարակական-քաղաքական իրավիճակների հետ:

 

Այլ նորություններ
«ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՀԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ». ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԿԵՆՍԱԲԱՆ ՆԵԼԼԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԵՏ
Ցորենի առանձին տեսակների հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է։ Հնագիտական պեղումներով ժամանակին հայտնաբերվել են ցորենի ածխացած հատիկներ, և պարզվել է, որ 2,5 հազար տարի առաջ Արարատյան դաշտում մշակել են միահատիկ ու փափուկ ցորեններ։ Հայաստանի տարածքում գարու մշակությունը սկսվել է 5-6 հազար տարի առաջ։ Պեղումների ժամանակ հայտնաբերված հատիկների մաքրությունը և միատարրությունը վկայում են, որ մ.թ.ա. 9-6-րդ դարերում մշակել են բազմաշար գարու բարձրարժեք փոփոխակներ, որոնցից պատրաստել են գարեջուր։
ԵՊՀ-ՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՀԱՅԱԶԳԻ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍ ԷՄԻԼ ԱՐԹԻՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ
ԵՊՀ-ում մայիսի 21-ից 25-ը մաթեմատիկոս ուսանողների համար կանցկացվի հայազգի աշխարհահռչակ մաթեմատիկոս Էմիլ Արթինի գիտական ժառանգությանը նվիրված միջազգային դպրոց: Այն իրականացվելու է Հայկական մաթեմատիկական միության նախագահ, ԵՊՀ հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի պատվավոր վարիչ, պրոֆեսոր Յուրի Մովսիսյանի նախաձեռնությամբ: