12.06.2018 | 
Հասարակություն
ԻՆՉՊԵՍ «ՉՎԱԽԵՆԱԼ» ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԻՑ
ԻՆՉՊԵՍ «ՉՎԱԽԵՆԱԼ» ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԻՑ
Հեռախոսազանգ՝ «Բարև Ձեզ, վաղը՝ ժամը 14:00-ին, կարող եք գալ հարցազրույցի»:

Երբեմն այս խոսքերին ավելի շատ ենք սպասում, քան սիրո խոստովանության: Նշանակում է՝ մեր CV-ն նկատել են, և այժմ մենք հնարավորություն ունենք ստանալու այդքան սպասված աշխատանքը: Սակայն, երբ հաճելի զգացողություններն անցնում են, իսկ հարցազրույցի պատասխանատու պահն էլ մոտ է, մեզ հաճախ այնպիսի տագնապ և անհանգստություն է համակում, որը  չկառավարելու դեպքում հնարավոր է՝  լավագույնս չներկայանանք գործատուին կամ հանդիպումը տանուլ տանք: Ո՞րն է մեր անհանգստության գլխավոր պատճառը: Դե, իհարկե, անորոշությունը: Անհանգստության հաղթահարմանը կարող են օգնել  մի շարք օգտակար գործողություններ:

 

Դուք պետք է հնարավորինս շատ տեղեկատվություն հավաքեք այն կազմակերպության մասին, որտեղ գնացել եք հարցազրույցի:

 

Մանրամասն ուսումնասիրեք, օրինակ, կազմակերպության գործունեությունը, նրա կարգավիճակն աշխատաշուկայում, աշխատակիցների նկատմամբ պահանջները և այլն: Համացանցն, իհարկե, տեղեկատվության հավաքագրման կախարդական միջոց է, սակայն դուք կարող եք նաև կապ հաստատել կազմակերպության աշխատակիցների հետ: Մի փոքրիկ գաղտնիք ևս, որն իսկապես օգնում է. եթե գիտեք՝ ով է կազմակերպության HR-ը, որին հանդիպելու եք, ապա գտեք նրան սոցիալական ցանցերում (հատկապես՝ «Linkedin» հարթակում): Հաճախ հենց անձնական էջերի միջոցով կարող եք հասկանալ՝ ինչ գործունեությամբ է զբաղվում, ինչ հետաքրքրություններ ունի նա և այլն: Առաջին հայացքից ավելորդ թվացող այս տեղեկատվությունը կօգնի ձեզ առավել ինքնավստահ զգալ, երբ իրականում հանդիպեք նրան:

 

Նախապես ճշտեք, թե ինչ փուլերից է բաղկացած լինելու հարցազրույցը:

Հնարավոր է, որ հարցազրույցը բաղկացած լինի մի քանի մասերից: Ձեզ կարող են փորձել նաև մասնագիտական, հոգեբանական թեստերի միջոցով կամ գործնական առաջադրանքներ տալ: Այս մասին կարող եք նախապես ճշտել ձեզ զանգահարող մասնագետից: Հարցնելն ամոթ չէ, ընդհակառակը, դուք այդպես ակտիվ և հետաքրքրված թեկնածուի տպավորություն կթողնեք, ինչը միայն կդիտվի որպես առավելություն:

 

Լա՛վ պատրաստվեք հաճախ տրվող հարցերին:


Ճիշտ է՝ հարցազրույցները կարող են լինել տարաբնույթ, ներառել տարատեսակ անհայտ հարցեր, բայց պարզ է, որ կան այնպիսիք, որոնք միշտ արդիական են: Դրանք հասկանալն այդքան էլ բարդ չէ: Օրինակ, որտեղ էլ գնաք հարցազրույցի, կասեն՝ «Պատմեք ձեր մասին»: Իհարկե, դուք միշտ էլ կարող եք պատմել ձեր մասին, բայց այդ պահի հուզմունքը հնարավոր է խանգարի, իսկ դուք բաց թողնեք ամենակարևորը: Այդ պատճառով էլ նախապես ունեցեք մշակած պատասխաններ (ցանկալի է տարբեր լեզուներով):

 

Եղե՛ք կազմակերպված:


Նախապես ճշտեք կազմակերպության  հասցեն, հանդիպման վայրում եղեք նշված ժամանակից շուտ: Սա կօգնի, որպեսզի դուք խուճապի չմատնվեք: Գաղտնիք չէ՝ հարցազրույցից ուշանալն էլ կարող է վատ տպավորություն թողնել:

 

Խորը շունչ քաշե՛ք:


Սենյակ մտնելուց առաջ մի քանի անգամ խորը շնչե՛ք և արտաշնչե՛ք, թուլացրե՛ք լարված մկանները:


Սրանք գործնական խորհուրդներ էին, իսկ հիմա ամենակարևորի մասին: Երբեք, երբեք մի՛ հանձնվեք: Միշտ հիշե՛ք, եթե նույնիսկ հարցազրույցը հաջողությամբ չավարտվի՝ աշխարհի վերջը չէ, մի՛ հուսահատվեք և փորձե՛ք կրկին ու կրկին: Հարցազրույցներից չվախենալու լավագույն միջոցն ավելի մեծ թվով հարցազրույցների մասնակցելն է, տարբեր, դժվար իրավիճակներում հայտնվելը, դրանք ձեզ անպայման կկոփեն և միշտ հիշե՛ք, որ հաճախ, երբ ոչնչի չես սպասում՝ ամեն ինչ ավելի լավ է ստացվում:

 

Այլ նորություններ
«ԴՈՒՔ ԱԴԱՄԱՆԴԵ ՍԻՐՏ ՈՒՆԵՔ». ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԱՏՈՒԿ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ԱԴԱՄԱ ԴԻԵՆԳ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում դասախոսությամբ հանդես եկավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգը:
«ՄԵՆՔ ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՓՈՐՁԸ». ՎԱՀԱՆ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը և «Ինգո Արմենիա» ՓԲԸ ընկերությունն այսօր կազմակերպել էին տեղեկատվական հանդիպում ուսանողների հետ: