24.05.2018 | 
Հասարակություն
ՎԵՐՆԱԽԱՎԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԾԱՌԱՅԵՆ. ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԴԻՏԱՐԿՎԻ ԻԲՐԵՎ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ. ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍ ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ
ՎԵՐՆԱԽԱՎԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԾԱՌԱՅԵՆ. ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԴԻՏԱՐԿՎԻ ԻԲՐԵՎ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ. ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍ ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Այս տարի ԵՊՀ-ն դիմորդներին հատկացնում է 339 անվճար տեղ, որից 38-ը վերջին երեք տարվա ընթացքում զորացրված դիմորդներինն է: Ըստ այդմ` անվճար համակարգի 10%-ը հատկացվում է բանակից զորացրվածներին: Բացի այդ, այն դիմորդները, ովքեր որոշակի ժամկետում իրականացրել են մարտական հերթապահություն, և որոնց առաջադիմությունը գերազանցել է 10 միավորը բակալավրիատում և 14 միավորը` մագիստրատուրայում, կունենան ուսման վարձի 30%-ի չափով զեղչի հնարավորություն:

Վիգեն Մարմարյանը Միջազագային հարաբերություններ ֆակուլտետի հանրային կառավարում բաժնի երկրորդ կուրսի ուսանող է: Մարտական ծառայությունն անցել է Մարտակերտում, և օգտվում է ուսման  վարձավճարի 50%  զեղչից, քանի որ մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին: Համալսարան եկել է նույն  ոգևորությամբ, ինչ ոգևորությամբ այն թողել էր նախքան բանակ զորակոչվելը. «Իմ առաջադիմությունը չի փոխվել, ուսման հանդեպ լավ տրամադրվածությունը եղել է և՛ զորակոչվելուց առաջ, և՛ զորացրվելուց հետո»:

 

Նարեկ Թորոսյանը, ում մարտական ծառայությունն անցել է Մարտակերտում, սովորում է Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում: Նա երկրորդ կուրսի ուսանող է: Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներից է, և հուզմունքը նրան չխանգարեց, որպեսզի պատմի  զինվորների միասնության և հայրենասիրական ոգու մասին: «Վախ չկար, սպասում էինք հրամանի, որ առաջ գնայինք, միասնական էինք, մեկս մյուսին թիկունք և պաշտպան»:


Նա ուսման վարձավճարի զեղչից չի օգտվում ՄՈԳ-ի ցածր լինելու պատճառով: «Սովորում եմ բավարար արդյունքներով, իսկ դա զեղչի համար հիմք չէ»-, ավելացրեց նա:


Լևոն Սաֆարյանը նույնպես սովորում է Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի երկրորդ կուրսում: Համալսարան ընդունվել է վճարովի, այնուհետև դարձել անվճար: Մարտական ծառայությունն իրականացրել է Լեռնային Ղարաբաղի Ասկերանի զորամասում և վերադարձել է բանակից՝ համալսարանական կյանքը կարոտած: «Առաջադիմության առումով փոխվել է այն, որ մինչև բանակ զորակոչվելը տրամադրված չէի դասալսմանը, իսկ երկու տարին բավականին երկար ժամանակ է, որ կարոտես դասերը, մեծ սիրով ու ուշադրությամբ հետևես և սովորես: Հիմա շարունակում եմ ուսումը, պահպանում  եմ անվճարը և հպարտ եմ, որ ծառայել եմ»:

 

Այն հարցին, թե ինչ տվեց բանակը՝ Լևոնը պատասխանեց. «Միանշանակ հասուն կերպով ես նայում մարդկանց և աշխարհին: Դժվարությունները կոփում են քեզ. մի պարզ օրինակ, հիմա եղանակը անձրևային է ու ես հագնված եմ կարճաթև, բայց մինչ բանակ գնալս այս եղանակին ես կարճաթև չէի հագնվի: Բանակի շնորհիվ դու կայանում ես իբրև հասարակությանը պիտանի անհատ»:

 

Անի Նալբանդյանն Ակտուարական մաթեմատիկայի և ռիսկերի կառավարման բաժնի ուսանողուհի է և  վերջերս է հանձնել ավարտական աշխատանքը: Նա կարծում է, որ բանակում մարտական ծառայություն իրականացրած  տղան՝ լինի ուսանող, թե ոչ, էապես տարբերվում է բանակ դեռևս չզորակոչվածից: «Այն տղաները, ովքեր բանակից նոր են վերադարձել, ունեն հասուն պատկերացումներ, օրինակելի են, լռակյաց են, խոհուն և կարգապահ, տարբերությունը մեծ է թե՛ մտածելակերպի առումով, թե՛ պահվածքի»:

 

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռոլանդ Ավագյանը նշեց, որ տարկետման վերացման մասին իրենք իրենց դիրքորոշումը հայտնել են ԿԳ նախարարությանը. «Ես կարծում եմ ՝ սովորողին պետք է հնարավորություն տալ, որ նա դպրոցն ավարտելուց հետո իր ուսումը շարունակի բուհում, ինչպես նաև հաշվի առնելով նրա բարձր առաջադիմությունը՝ պաշտպանի նաև թեկնածուականը, նոր զորակոչվի բանակ: Եվ շատ կարևոր է այն, որ մասնագիտական կողմնորոշում ունեցող երիտասարդը բանակում ևս կարողանա օգտագործել գիտելիքները. Այս ամենը կնպաստի, որպեսզի ուսանողը  չկորցնի մասնագիտական հմտությունները»:

 

Ակադեմիկոս Գ. Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի դասախոս, դոցենտ Տիգրան Հակոբյանը վստահ է, որ  բանակում պետք է ծառայեն նաև վերնախավի զավակները: «Ստալինի երեք որդիներն էլ ծառայել են բանակում, Նիկիտա Խրուշչովինը ևս. վերնախավը պիտի  ծառայի, այդ դեպքում հավասարությունը կդիտարկվի իբրև համերաշխություն»:


Իսկ թե արդյո՞ք կա տարբերություն, Հակոբյանը պատասխանեց. «Միանշանակ, բանակում ծառայածներն ավելի հասուն են, ուսման հանդեպ ձգտումը ավելի մեծ է, չծառայածները հասունանալու տեղ ունեն»,- ավարտեց խոսքը Հակոբյանը:

 

Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դասախոս Կարինե Շահբազյանը վստահ է, որ տղաները պետք է սովորեն երկու անգամ՝ և՛ մինչև բանակ զորակոչվելը, և՛ բանակից հետո, այդ ժամանակ հստակ կլինի, թե ով է իսկապես պատրաստ շարունակել ուսումը. «Ինքս զինվորի մայր եմ եղել և հետևել եմ որդուս ուսման ընթացքին, տեսել՝ բանակից հետո որքան դժվար էր  ուսմանն ինտեգրվելը: Ուսումը պետք է լինի անընդհատ, սակայն հայրենիքին ծառայելը ևս պարտադիր է»,- ավելացրեց Շահբազյանը:

 

Ֆիզիկայի ֆակուլտետի առաջատար գիտաշխատող Վալերի Հարությունյանը նշում է, որ բոլոր խնդիրները լուծվելու են միայն այն դեպքում, երբ Հայաստանը անցում կատարի պրոֆեսիոնալ բանակին. «Ես շատ ցավում եմ և խորն ապրումներ եմ ունենում, երբ իմանանում եմ, որ մեր 18 տարեկան, բանակ զորակոչված տղաները զոհվում են թշնամու գնդակից: Ինչպես կարող են այդ պատասխանատու դերը ստանձնել 18 տարեկան երեխաները: Ես համարում եմ դա հանցագործություն: Պետք է անցնում կատարել պրոֆեսիոնալիզմի, որն ամրություն և հզորություն կտա մեր բանակին»,- ավելացրեց Հարությունյանը:


Եվ այն հարցին, թե հոգեբանական ինչպիսի շրջադարձ է տեղի ունենում բանակում ծառայելուց հետո, Հարությունյանը պատասխանեց. «Բանակից զորացրված ուսանողներն առավել հասուն են դառնում,  նրանք  կյանքի բովում  արդեն թրծված են,  դժվարություններով կոփված, նրանց հետ ավելի հեշտ է աշխատելը»:

 

Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻՑ ԳՈՐԾԵԼՈՒ Է ՍՆՆԴԻ ՆՈՐ ԿԵՏ. «ԱՐՏ ԼԱՆՉԸ» ԳԱԼԻՍ Է ԵՊՀ
ԵՊՀ-ի և «Արտ Լանչ» ընկերության համագործակցության շրջանակում Ֆիզիկայի ֆակուլտետի մասնաշենքում կբացվի նոր ճաշարան, որը կգործի սեպտեմբերի 1-ից:
ՊԱՏԵՐԱԶՄ, ԲՈՒԺՈՒՄ, ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎ ՏԱՌԱՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲԵՐ՝ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ, ԵՊՀ. Լ. ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ՝ ԻՐ ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՄԱՍԻՆ
ԵՊՀ անվտանգության պետ Լյովա Առուստամյանի անցած ճանապարհի մասին քչերը գիտեն: Նրա ուղին սկսվում է պատերազմի դաշտից և հասնում է մինչև համալսարանում կարգ ու կանոնի պահպանում: Մեզ հետ զրույցում նա պատմեց իր անցած դժվարին ճանապարհի և համալսարանում սիրելի դարձած աշխատանքի մասին: