27.12.2018 | 
Կրթություն
ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԻՋՈՑՆԵՐ
ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԻՋՈՑՆԵՐ
Երևանի պետական համալսարանում «Moodle» էլեկտրոնային ուսուցման համակարգի ներդրման առաջին քայլերն արվել են ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի կողմից դեռևս 2008 թվականին: Առաջին առցանց դասընթացները կենտրոնի աշխատակիցների կողմից հարթակում տեղադրվել են դեռևս 2009-2010 թվականներին:

«Moodle»-ն ուսումնառության ժամանակակից միջոց է: Ինչպես մեզ հետ զրույցում ներկայացրեց ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի ուսումնական նոր տեխնոլոգիաների լաբորատորիայի ղեկավար Արթուր Ավագյանը, «Moodle» համակարգի նպատակը դասախոսների և ուսանողների համատեղ առցանց աշխատանքն է. «Այն ուսանողներին հնարավորություն է ընձեռում գտնելու իրենց անհրաժեշտ նյութերը, մասնակցելու ֆորումների և տեսագիտաժողովների, քննությունների, ներկայացնելու կատարված հանձնարարությունները և այլն:

 

«Moodle»-ի հիմնական հիմնական առավելությունն ուսանող-դասավանդող հարաբերություններում անմիջական կապի ստեղծումն է»:

 

Այս համակարգի օգնությամբ հարթակ մուտք գործող ուսանողն ամբողջական տեղեկատվություն է ստանում դասընթացի ընդհանուր նկարագրի մասին, տեղեկանում է առաջադրանքների կատարման համար սահմանված ժամկետներին, այն աղբյուրներին, որոնք անհրաժեշտ են տվյալ թեման յուրացնելու համար: Սովորողներին տրվում են գործնական առաջադրանքներ վարժությունների, խնդիրների տեսքով:

 

 

Համակարգը հեշտացնում է ուսանողների հետ աշխատանքը, և այնտեղ հստակ երևում է բոլորի անհատական աշխատանքը: Ուսանող-դասախոս կենտրոնացված կապի շնորհիվ՝ հարթակում ուսանողները հնարավորություն են ունենում հարցեր առաջադրելու և ստանալու դրանց պատասխանները: Հարթակում, բացի տեքստային նյութից, հնարավոր է տեղադրել նաև տեսանյութեր:

 

«Այս հարթակի կիրառումն առաջադիմական ու կարևոր քայլ է: Այն լիարժեք իրականացնելու համար պետք է հաղթահարել բոլոր խոչընդոտները, քանի որ մեր ժամանակներում առանց կրթական նոր տեխնոլոգիաների հնարավոր չէ առաջ գնալ: Առավել ևս, որ մեզ առաջիկայում նոր ծրագրեր են սպասվում, որոնց իրականացումն անհնար կլինի առանց «Moodle»-ի»,- փաստեց Արթուր Ավագյանը:

 

 

2018 թվականից հոկտեմբերից Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժնի բակալավրի առկա և  հեռակա ուսուցման 2-րդ կուրսերում և Միջազգային հարաբերություններ ու Հանրային կառավարում բաժինների  մագիստրատուրայի 1-ին, 2-րդ կուրսերում նույնպես ներդրվել է առցանց դասավանդման ծրագիրը:

 

Մեզ հետ զրույցում ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը փաստեց, որ համակարգի ներդրման համար հիմք է հանդիսացել ԵՊՀ զարգացման ռազմավարության 1.4 կետը, ինչպես նաև ֆակուլտետի 2016-2020 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի (իրականացման ժամանակացույց-պլանի) 1.4-ի կետը. «Այն է՝ ապահովել տեղեկատվական տեխնոլոգիաների ընդլայնված և արդյունավետ օգտագործումը կրթական գործընթացում»:

 

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ, ֆակուլտետում «Moodle» ծրագրի համակարգող Ժակ Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս տարվա նոյեմբերի 19-ին Միջազգային հարաբերություններ բաժնի բակալավրիատի ուսանողներին տրվել են գործնական առաջադրանքներ՝ էսսեների և ստուգողական հարցաշարի տեսքով:

 

 

«Համակարգչային կենտրոնում ստուգողական աշխատանքին մասնակցեցին 102 ուսանող: Աշխատանքը տևեց 40 րոպե, որի ավարտից անմիջապես հետո ուսանողներն արդեն տեղեկացված էին իրենց արդյունքների մասին և, ըստ վերոնշյալ ուսանողների շրջանում կատարված հարցման՝ ուսանողների գերակշռող մասի կարծիքով, ցուցաբերած արդյունքները լիովին արտացոլում են իրենց գիտելիքների իրական մակարդակը»,- ասաց Ժակ Մանուկյանը:

 

Դեկանի տեղակալի հավաստմամբ՝ ակնհայտ է ուսանողների ոգևորությունը և խանդավառությունը. «Այս պահի դրությամբ ավելի քան 250 ուսանողներ մասնագիտական առարկաների ուսումնառությունն անցել են այս ծրագրի միջոցով: Իմ կողմից դասավանդվող «Հայաստանի միջազգային դրությունը հին և միջին դարերում» առարկան, որը դասավանդվում է և՛ առկա, և՛ հեռակա ուսուցման համակարգերում, անցկացվել է հենց այս համակարգի միջոցով: Բացի այդ՝ դրա միջոցով մագիստրատուրայում անցկացվում է գիտական սեմինար»: 

 

Ժակ Մանուկյանն ասաց նաև, որ դեկտեմբերի 24-ին և 26-ին 141 ուսանող էլեկտրոնային եղանակով հանձնել է միջանկյալ քննություն:

 

 

Մենք զրուցեցինք նաև ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհիներ Աննա Խաչատրյանի, Գայանե Մարկոսյանի և Նարինե Միրզոյանի հետ, որոնք նույնպես փաստեցին, որ համակարգի կիրառումն արդյունավետ է. «Այն հեշտացնում է մեր աշխատանքը հատկապես քննություններին պատրաստվելիս: Եթե նախկինում ամեն հարցի պատասխանը փնտրելիս շատ ժամանակ էինք ծախսում, ապա հիմա դրանք արդեն հասանելի են մեզ»:

 

Ուսանողուհիները նշեցին, որ այս համակարգի ամենագնահատելի ասպեկտներից մեկն այն է, որ բացառվում է գնահատման կողմնապահությունը. «Շատ ուսանողներ երբեմն դժգոհում են, որ դասախոսները գնահատելիս սուբյեկտիվ մոտեցում են ցուցաբերում, իսկ այսպես գնահատվում է բացառապես գիտելիքը»:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԿՈՐԵԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՅՈՒՐԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՁԳՏՈՒՄԸ. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ ԿՈՐԵԵՐԵՆ ՍՈՎՈՐՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Եգիպտոսի անվան լսարանում կորեերեն սովորող ԵՊՀ ուսանողների համար այսօր կազմակերպվել էր հանդիպում-դասախոսություն «HWPL» հայաստանյան կազմակերպության ներկայացուցչի հետ, որն ուսանողներին պատմեց կորեական մշակույթի առանձնահատկությունների մասին:
«ԻՐԱԶԵԿՈՒՄ. ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ ԵՎ ԼՈՒԾԱՐՔՆԵՐ». ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ ՈԻԽ-ի իրավական հանձնաժողովի կողմից այսօր կազմակերպվել էր «Իրազեկում. բողոքարկում և լուծարքներ» թեմայով քննարկում: