04.04.2018 | 
Քաղաքականություն
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԵՏ. ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՀՍՏԱԿԵՑՐԻՆ ԻՐԵՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԵՏ. ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՀՍՏԱԿԵՑՐԻՆ ԻՐԵՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ
Այսօր Մայր բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն այցելել են Կոտայքի մարզի Եղվարդի թիվ 1 ավագ դպրոց:

Հանդիպման նպատակն էր նպաստել ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, իրազեկության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև դեպի ԵՊՀ ուղղորդելուն: Նշենք, որ հանդիպումը կազմակերպել  էր ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը:

 

Եղվարդի թիվ 1 ավագ դպրոց էին այցելել ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի փոխտնօրեն Սամվել Վարդապետյանը, Ֆարմաքիմիայի և ֆարամակագնոզիայի ամբիոնի վարիչ Հայարփի Սիմոնյանը, Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի դասախոս Սոնա Գուլյանը, ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի դասախոս Աննա Ալեքսանյանը, Պատմության ֆակուլտետի դասախոս Կարինե Եղիազարյանը, Կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի ավագ լաբորանտ Մանան Ասիկյանը:

 

Այցի շրջանակում ԵՊՀ դասախոսները ոչ միայն դասախոսություններ են կարդացել, այլև զրուցել են ուսուցիչների հետ, օգնել մեթոդական և այլ հարցերով, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել հետագա համագործակցության համար:

 

Մեզ հետ զրույցում ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի դասախոս Աննա Ալեքսանյանը նշեց, որ աշակերտների  հետ  հանդիպումը շատ հետաքրքիր և արդյունավետ էր. «Աշակերտների հետ հանդիպման ընթացքում զրուցեցինք՝ ինչո՞ւ է կարևոր դառնալ սոցիալական մանկավարժ, ինչո՞վ է կարևորվում սոցիալական մանկավարժի դերը հայ հասարակությունում: Ներկայացրինք այն փաստը, որ սոցիալական մանկավարժը հետազոտող մասնագետ է, ով կատարում է բազմաթիվ հետազոտական աշխատանքներ,  անձի սոցիալականացման գործընթացում բացահայտում է տարաբնույթ խնդիրներ և փորձում է լուծումներ տալ դրանց: Խոսեցինք նաև դաստիարակչական խորհրդատվության մասին, որը կազմում է սոցիալական մանկավարժի գործունեության և աշխատանքի առանցքը: Դաստիարակչական խորհրդատվությունը նպաստում է անձի սոցիալականացմանը»:

 

Ա. Ալեքսանյանը, խոսելով հանդիպման տպավորությունների մասին, նշեց,  որ դպրոցականները շատ ակտիվ էին մասնակցում քննարկմանը և բավականին հետաքրքիր հարցադրումներ էին կատարում: «Մեր զրույցի նպատակն էր օգնել աշակերտներին հստակեցնել իրենց մասնագիտական կողմնորոշման հարցերը»,-հավելեց նա:

 

Մանան Ասիկյանն աշակերտների հետ հանդիպման ընթացքում զրուցեց կյանքի ծագման թեմայի շուրջ: Բանախոսը ներկայացրեց ՝որտեղից է առաջացել մեր մոլորակը, այդ թեմայի վերաբերյալ ինչ վարկածներ կան և որոնք են հաստատված:

 

ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի փոխտնօրեն Սամվել Վարդապետյանն աշակերտների հետ զրույցի ընթացքում ներկայացրեց  ինստիտուտի գործունեությունը: «Մեր գիտակրթական ինստիտուտն ունի շատ ավելի լայն լիազորություններ, քան  ֆակուլտետները: Մենք ծավալում ենք ոչ միայն կրթական և գիտական գործունեություն, այլ նաև իրականացնում ենք նորարարական ծրագրեր»,-հավելեց նա:

 

Այլ նորություններ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՔԱՆԱԿԻ ԿՐԵԴԻՏՆԵՐ ՉՀԱՎԱՔԱԾ ԵՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԵՐԸ ՉՎՃԱՐԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿՀԵՌԱՑՎԵՆ. ԵՊՀ ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑ ՔՆՆԱՇՐՋԱՆԸ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ռեկտորատի հերթական նիստը, որի ընթացքում ամփոփվեց 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանը:
4 ԴԵԿԱՆՆԵՐԻ ՈՒ 31 ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ, ՆՈՐ ՊՐՈՖԵՍՈՐՆԵՐ, ԴՈՑԵՆՏՆԵՐ. ԹԵԺ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴՈՒՄ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ գիտխորհրդի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էին ութ օրակարգային և մի քանի ընթացիկ հարցեր: