22.06.2018 | 
Գիտություն
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՓՈՐՁ. ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՀԱՅԱՍՏԱՆ 2018. ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՓՈՐՁ. ՄԵԿՆԱՐԿԵՑ  «ՀԱՅԱՍՏԱՆ 2018. ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկեց «Հայաստան 2018. իրողություններ և հեռանկարներ» թեմայով միջազգային գիտաժողովը, որի հիմնական նպատակն է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություները մասնագիտական վերլուծությունների շնորհիվ ակադեմիական դաշտ բերել, ինչպես նաև փորձել գիտական լեզվով բացատրել այն հանրային իրողությունները, որոնք ունենք հիմա:

Գիտաժողովը կազմակերպվել  է  երեք համալսարանների՝ Երևանի պետական, Հայաստանի ամերիկյան և Բեյրութի հայկազյան, ինչպես նաև «Հանուն ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի, «Բուն TV» առցանց ալիքի, Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի հետ համագործակցությամբ և «Գալուստ Գյուլբեկյան» հիմնադրամի աջակցությամբ։

 

Գիտաժողովին հրավիրվել են ինչպես հայ, այնպես էլ արտասահմանցի մասնագետներ՝ նպատակ ունենալով ուսումնասիրելու նաև միջազգային փորձը:

 

ԵՊՀ  դոցենտ, Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Աշոտ Ոսկանյանը գիտաժողովին բացման խոսքով ողջունեց ներկաներին՝ ուրախությամբ հայտելով, որ «Հայաստան 2018. իրողություններ և հեռանկարներ» խորագիրը կրող գիտաժողովում ելույթ ունեցողները մեծամասամբ հայեր են, քանի որ Հայաստանում տեղի ունեցած իրողությունները պետք է քննարկել այն մարդկանց հետ, ովքեր այդ ամենին ականատես են եղել:

 

«Վերջերս շատ էին անդրադառնում Հայաստանին,- ասաց Աշոտ Ոսկանյանը,- բայց կար մի  ներքին անհանգստություն, որ այն ինչ պաշտոնապես ներկայացվում էր, միշտ  չէր, որ արտացոլում էր այն, ինչ իրականում կար: Երկրում հիմնականում ծավալվում  էր երկու տեսակի դիսկուրս՝ ազգային և արևմտյան: Կարծես՝ իրականությունը հոսում էր մատների արանքից: Եվ մենք մտածեցինք՝ արդյոք հնարավոր է մի այնպիսի հանդիպում կազմակերպել, որը բացարձակապես գիտական մակարդակով կներկայացնի Հայաստանն այնպես, ինչպես այն կա»,- հավելեց Ա. Ոսկանյանը:

 

Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ նաև ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, ով անդրադարձավ  ինչպես Հայաստանում տեղի ունեցած  ներկա իրադարձություներին, այնպես էլ նախկինում վերլուծական դաշտում թույլ տրված սխալներին: «Իմ կարծիքով՝ մեր անցած երեսուն տարիների ընթացքում մեր իրականությունն ունեցել է  երկու հիմնական թերություններ, որոնք զգալի խոչընդոտել են մեր առաջընթացին: Առաջինն այն է, որ մենք  մեր ներքին խնդիրների լուծման  հետաձգումը պայմանավորել ենք արտաքին խնդիրների առկայությամբ:  Երկրորդ դիտարկումը, որը նույնպես զգալիորեն խոչընդոտել է երկրի ու հասարակության զարգացմանը, այն երևույթն է, որ հասարակական, քաղաքական, սոցիալական, մի խոսքով,  հասարակագիտական վերլուծություններում  գերիշխել են սև ու սպիտակ գույները, լավը կամ վատը: Սրանցից զատ՝ այլ բնորոշում դժվար է գտնել: Մինչդեռ այս և մյուս բոլոր խնդիրների լուծման համար կարևոր է կատարել բալանսավորված անդրադարձ, որտեղ լավի կողքին կլինի վատը, իսկ թերության կողքին կնշվի նաև առավելությունը:

 

Իր խոսքի վերջում  Գեղամ Գևորգյանն առաջարկեց մասնակիցներին կես կատակ և կես լուրջ կանխատեսումների ծրար գրել  «Հայաստան. 2020»  վերնագրով: Մասնակիցները նշեցին, որ դա բավականին բարդ առաջադրանք է, որովհետև ընդամենն ամիսներ առաջ ոչ ոք,  անգամ ամենահամարձակ երևակայություն ունեցող մարդը չէր կարող Հայաստանում իրադարձությունների նմանատիպ ընթացք կանխատեսել:

 

Հետաքրքրական է նաև այն, որ երբ գիտաժողովի կազմակերպման աշխատանքներն են սկսվել, Հայաստանում բոլորովին այլ քաղաքական միջավայր է եղել, և գիտաժողովի նպատակն է եղել ակադեմիական միջավայրում սահմանել Հայաստանի քաղաքական ներկան, իսկ հիմա արդեն առաջադրանքը փոխվել է: Գիտաժողովի կարևոր նպատակներից մեկը փողոցում ձևավորված քաղաքական պայքարն ակադեմիական դաշտ բերելն ու քննարկումներ հարթակ ձևավորելն է : Այս խնդրի կարևորության մասին խոսեց նաև «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանը, ով մտահոգիչ համարեց այն փաստը, որ հեղափոխությունից հետո է, երբ պետք է սկսվեին քաղաքական բանավեճերի ծավալումը,  ստեղծված իրավիճակի հեռուստատեսային և հասարակական քննարկումները, մինչդեռ նշվածներից ոչ մեկը տեղի չի ունենում, փոխարենը մարդիկ սպասում են ԱԱԾ-ի հերթական բացահայտմանը:

 

«Ապագայի մասին կանխատեսումները այնքան էլ անիրական կամ անհավատալի չեն լինի, եթե մենք կարողանանք հասկանալ ու վերլուծել մեր ներկան: Պետք է հասկանալ՝ ինչպիսի հասարակությունում ենք մենք ուզում ապրել, ինչ ենք մենք կառուցում և որն է ապագայի մեր տեսլականը»,- իր խոսքում ասաց Ստեփան Դանիելյանը:

 

Այսօր և վաղը գիտաժողովի մասնակիցները զեկույցներ և քննարկումներ են ունենալու  հայաստանյան հասարակության տնտեսական, քաղաքական  և հանրային իրողությունների մասին՝ փորձելով դրանց զարգացման համար հնարավոր մոդելներ մշակել:

Անի Պողոսյան

Այլ նորություններ
ՀԱՅՏՆԻ ԵՆ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ 14-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ
Սոցիոլոգիայի ֆակուլտետում ամփոփվեց երեկ տեղի ունեցած ամենամյա երիտասարդական գիտաժողովը՝ նվիրված ֆակուլտետի հիմնադրման 14-ամյակին:
ՀԱՅԱՍՏԱՆՆ ՕՏԱՐՆԵՐԻ ՔԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ. ԱՐԵՎԵԼԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ՌՈՒԲԵՆ ԳԱԼՉՅԱՆԸ
Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում պատմական քարտեզագիր, ազգային գործիչ Ռուբեն Գալչյանը ներկայացրեց «Հայաստանն օտարների քարտեզներում» թեմայով դասախոսություն: