14.05.2018 | 
Կրթություն
«ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ԻՄ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ԿՏԵՍՆԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԵՐՏՈՂՆԵՐԻ ՇԱՐՔԵՐՈՒՄ». ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԸ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ Է ԼԵՌՆԱՀՈՎԻՏ ԳՅՈՒՂՈՒՄ
«ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ԻՄ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ԿՏԵՍՆԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԵՐՏՈՂՆԵՐԻ ՇԱՐՔԵՐՈՒՄ». ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԸ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ Է ԼԵՌՆԱՀՈՎԻՏ ԳՅՈՒՂՈՒՄ
Սոսէ Ղազարյանը սովորել է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետում: 2017 թվականից նա «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակում դասավանդում է Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի դպրոցում:

Սոսէն մշտապես կարևորել է կրթական ոլորտը՝ կարծելով, որ իրապես լավ կրթություն ստացած անձը կարող է էական փոփոխություն կատարել ցանկացած բնագավառում. «Համալսարանում սովորելու տարիներին, ինչպես նաև լեռնագնացությամբ զբաղվելու շրջանում հաճախ տարբեր գյուղեր էի այցելում, բացահայտում էի Հայաստանն իր լավ ու վատ կողմերով: Մի օր էլ հասկացա, որ ցանկանում եմ ինչ-որ բան փոխել ու որոշեցի սկսել կրթության ոլորտից: Շատ պատահական հանդիպեցի «Դասավանդի՛ր, Հայաստան»ծրագրին ու մտածեցի, որ սա հենց տրված շանսն է, հրաշալի հնարավորություն փոփոխությունը ճիշտ տեղից ու ճիշտ ձևով սկսելու համար»:

 

Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի դպրոցի ուսուցչուհին դասավանդում է «Հայոց եկեղեցու պատմություն» և  «Հասարակագիտություն» առարկաները, իսկ դասերից հետո կազմակերպում է «Մշակութասերների ակումբ»-ը. «Բացի այդ՝ սովորում ենք անգլերեն, երգում ու շուտով ֆիլմի դիտում-քննարկումների շարք ենք սկսելու»:

 

 

Մեզ հետ զրույցում Սոսէն հավաստիացրեց, որ առաջին իսկ օրվանից ջերմությամբ են ընդունել իրեն, բայց և տարատեսակ հարցերն էլ քիչ չեն եղել. «Մշտական հարցերից են՝ ինչի՞ ես եկել, քեզ պե՞տք ա …. (ժպտում է)»:

 

«Ընդգրկվելով «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրին՝  նշանակում է դառնալ մի մեծ արկածային ճանապարհորդության մասնակից: Շատ հետաքրքիր ու հուզիչ պատմությունների եմ ականատես լինում այստեղ, ամենօրյա աշխատանքիս ընթացքում էլ վկան եմ դառնում աշակերտներիս՝ արդեն իսկ քննադատական ու վերլուծող մտածողության արդյունքում ծնված դեպքերին ու հաճախ պատմում ընկերներիս»,- մեզ հետ զրույցում պատմում է Սոսէն:

 

Առանձնացնելով այդ պատմություններից մեկը՝ Սոսէն նշեց, որ աշակերտների հետ շատ է խոսում պատասխանատվության, միասնականության մասին. «Որոշեցինք գարնանն անվանական ծառատունկ կազմակերպել (հիմա յուրաքանչյուրն ունի իր ծառը): Տնկելու ընթացում աշակերտներս որոշեցին, որ ֆուտբոլ խաղալու օրերին միշտ կջրեն բոլոր ծառերը, որ դրանք շուտ մեծանան: Սա ուղղակի հուզիչ ու ոգեշնչող էր. նրանք գիտակցում են արդեն, որ պատասխանատու են իրենց արած աշխատանքի համար»:

 

 

Սոսէի հավաստմամբ, սկզբում դժվար էր տնից ու ընկերներից հեռու ապրելը. «Ամիսներ անց շատ այլ մարտահրավերներ ի հայտ եկան, ուղղակի պետք էր համառության ու աշխատասիրության միջոցով հաղթահարել դրանք»:

 

«Աշակերտներիցս յուրաքանչյուրը կարծես միկրոտիեզերք լինի: Ամեն օր ինձ զարմացնում են նոր մտքերով, հումորներով, մտածողությամբ, որոնք ինձ երջանկացնում են: Նրանք արդեն գիտակցում են, որ Երևանից մոտ 200 կմ հեռու լինելը ամենևին էլ չի նշանակում կտրված լինել կյանքից, այլ հակառակը՝ հիմա ստեղծում են հետաքրքրություններ իրենց իսկ համայնքում: Նրանք երազում են շատ կարևոր բաների մասին ու սկսել են երազանքները վերածել նպատակների»,- ասում է Սոսէն:

 

Ուսուցչուհին ուղղակի հավատում է, որ մի օր իր երազած վառ ու սիրուն Հայաստանն է ունենալու. «Յուրաքանչյուրս մեծ աշխատանք ունի անելու մեր երազած հայրենիքը կառուցելու գործում: Վստահ եմ, որ իմ աշակերտներին կտեսնեմ Հայաստանը կերտողների շարքերում»:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԵՊՀ ԹԻՄԸ ԺՆԵՎՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԴԱՏԱԽԱՂ- ՄՐՑՈՒՅԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻՆ
Առաջին անգամ մասնակցելով Նելսոն Մանդելայի անվան մարդու իրավունքների համաշխարհային դատախաղ-մրցույթին՝ ԵՊՀ թիմն առաջին փուլի արդյունքներով հայտնվել է աշխարհի լավագույն թիմերի շարքում և հնարավորություն ստացել մասնակցելու մրցույթի եզրափակիչ փուլին:
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԾԱՆՈԹԱՆԱՆ ՀԱՅԱԶԳԻ ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍ ԷՄԻԼ ԱՐԹԻՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ ԵՊՀ-ՈՒՄ
Այսօր ԵՊՀ հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում տեղի ունեցավ հայազգի աշխարհահռչակ մաթեմատիկոս Էմիլ Արթինի գիտական ժառանգությանը նվիրված միջազգային դպրոցի բացումը: Այն ԵՊՀ-ում անցկացվում է Հայկական մաթեմատիկական միության նախագահ, ԵՊՀ-ի հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի պատվավոր վարիչ, պրոֆեսոր Յուրի Մովսիսյանի նախաձեռնությամբ: Նշենք, որ մաթեմատիկոս ուսանողների համար Էմիլ Արթինի գիտական ժառանգությանը նվիրված միջազգային դպրոցը ԵՊՀ-ում անցկացվում է առաջին անգամ, որը կտևի մինչև մայիսի 25-ը ներառյալ: