03.10.2019 | 
Գիտություն
«ԵԹԵ ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱ «ԹԻԹԵՌՆԻԿԻ ԷՖԵԿՏ»-Ի ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ, ԱՊԱ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ՑԱՆԿԱՑԱԾ ՏԵՂԱՇԱՐԺ ԱԶԴԵԼՈՒ Է ՆԱԵՎ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՎՐԱ». ԱԲՐԱՀԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ
«ԵԹԵ ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱ «ԹԻԹԵՌՆԻԿԻ ԷՖԵԿՏ»-Ի ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ, ԱՊԱ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ՑԱՆԿԱՑԱԾ ՏԵՂԱՇԱՐԺ ԱԶԴԵԼՈՒ Է ՆԱԵՎ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՎՐԱ». ԱԲՐԱՀԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել ՈՒԳԸ -ի կողմից կազմակերպված պանելային 4 նեղ քննարկումներից առաջինը։

Քննարկման 1-ին պանելի թեման նվիրված էր մերձավորարևելյան արդի հիմնախնդիրներին՝ սոցիալական, կրոնական և էթնո֊քաղաքական  դիսկուրսում։

Ներկաների համար դասախոսությամբ հանդես եկավ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դոցենտ Աբրահամ Գասպարյանը:

Վերջինս ապագա քաղաքագետներին, արևելագետներին և միջազգայնագետներին ներկայացրեց Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, առաջացած կոնֆլիկտների նախապատմությունը և տարածաշրջանում գերտերությունների շահերը:



«Իմ ուսանողներին ցանկանում եմ տարածաշրջանի մասին այնպիսի գիտելիքներ փոխանցել, որոնք  չեն գտնի գրքերում, մամուլում կամ  փորձագիտական կարծիքներում,- շեշտեց Աբրահամ Գասպարյանը,- մենք այսօր կփորձենք ներսից հայացք գցել Մերձավոր Արևելքում տեղի ունեցած և ունեցող իրադարձությունների վրա»:

Նրա խոսքով, Մերձավոր Արևելքը բարդ տարածաշրջան է, որտեղ ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ, որտեղ գործընթացներն արագ ու  դինամիկ են ընթանում, և չպետք է մոռանալ այն կարևոր փաստի մասին, որ Հայաստանը Մերձավոր Արևելքի  հյուսիսային դարպասն է:

«Եթե քաղաքագիտության մեջ կա «Թիթեռնիկի էֆեկտ»-ի տեսությունը, ապա Մերձավոր Արևելքում տեղի ունեցող ցանկացած տեղաշարժ ազդելու է նաև մեր երկրի վրա»,- նշեց ԵՊՀ դոցենտը:



Մերձավոր Արևելքում տեղի ունեցող պատերազմական գործողությունները, ըստ բանախոսի, ընդամենը բիզնես են. զենքի համաշխարհային արտադրություն, որի մեջ ներգրավված են բազմաթիվ խմբավորումներ:

«Սառը պատերազմի ավարտից հետ ամբողջ աշխարհում տեղի ունեցավ 3 էական  փոփոխություն՝ գաղափարախոսական, քաղաքական և տնտեսական, այս երեք շերտերի վերլուծությունը մեզ հնարավորության կտա գտնելու այն հարցի պատասխանը, թե, օրինակ, ինչու է ռուսական զորքը հապաղում ազատագրել սիրիական Իդլիբ նահանգը»,- պարզաբանեց Աբրահամ Գասպարյանը:

Բանախոսն անդրադարձավ նաև Խորհրդային միության փլուզման գործընթացին, որի շունչը շատ արագ զգաց Արևմուտքը ու պահը բաց չթողնելով՝ սկսեց առանձին-առանձին  աշխատանք տանել բռնակցված երկրների հետ, որոնց այլևս ոչինչ չէր միավորում:

Դասախոսության ընթացքում Աբրահամ Գասպարյանը խոսեց  քաղաքական այն իրավիճակից, որը ստեղծվել էր Խորհրդային միության փլուզումից հետո, թուրքական աշխատուժի՝ դեպի Եվրոպա արտահանելու պատճառների, ինչպես նաև Մերձավոր Արևելքում Իրանի և Իսրայելի դերի մասին:

Վերջում ուսանողների և բանախոսի միջև ակտիվ քննարկում ծավալվեց:

Անի Պողոսյան

Այլ նորություններ
 «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 7-ՐԴ ՀԱՄԱՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Գիտական Արցախ» պարբերականի 2020 թ. 4-րդ (ընդհանուր առմամբ 7-րդ) համարի քննարկումը խմբագրական խորհրդի անդամների և հոդվածագիրների հետ։
ՌՈՒՍ ՀԱՅՏՆԻ ՖԻԶԻԿՈՍ ԻԳՈՐ ԿՈՒՐՉԱՏՈՎԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել ռուս մեծ գիտնական Իգոր Կուրչատովի կիսանդրու հանձնման հանդիսավոր արարողությունը, այնուհետ ցուցադրվել է նրա մասին պատմող հոլովակ ու միջուկային արդյունաբերության զարգացման մասին դասախոսություն ֆակուլտետի ուսանողների համար։