29.11.2018 | 
Քաղաքականություն
ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ, ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ. ԿԱՅԱՑԱՎ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ, ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ. ԿԱՅԱՑԱՎ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ գիտական խորհրդի հերթական նիստը՝ օրակարգային 8 և մի շարք ընթացիկ հարցերով:

Նիստի օրակարգային առաջին հարցը վերաբերում էր պրոֆեսորի, դոցենտի գիտական կոչումների շնորհմանը: Գիտական խորհրդի մրցութային հանձնաժողովների նախագահներ Նաղաշ Մարտիրոսյանը և Խաչատուր Ներկարարյանը ներկայացրին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ հայցող դասախոսների ցանկը, որը փակ, գաղտնի քվեարկությամբ հաստատելու համար կազմվեց հաշվիչ հանձնաժողով՝ Պավել Բալայանի գլխավորությամբ:  

 

Օրակարգային երկրորդ հարցը վերաբերում էր ԵՊՀ աշխատողներին աշխատանքի որոշ տեսակների կատարման համար վճարվող լրավճարների հաշվարկման և վճարման կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելուն: ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանն ասաց, որ կարգի մեջ «գիտական հանդես» ձևակերպումը փոխվել է «գիտական պարբերականի», իսկ 5-րդ կետի ՝ «ԲՈԿ-ի կողմից երաշխավոր­­ված գիտական ժողովածուում» սահմանման մեջ ավելացել է «հայաստանյան» բառը:

 

ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը հաղորդեց 2018-19 ուստարվա բակալավրիատի և մագիստրատուրայի ընդունելության արդյունքների մասին՝ փաստելով, որ 2018 թվականին առկա ուսուցմամբ ԵՊՀ է ընդունվել 1510 ուսանող, իսկ հեռակա ուսուցմամբ՝ 177 ուսանող. «2018 թվականին առկա ուսուցմամբ մագիստրատուրա է ընդունվել 1055 ուսանող, իսկ հեռակա ուսուցմամբ՝ 207 ուսանող»:

 

Ալեքսանդր Գրիգորյանը ներկայացրեց նաև դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ 2017-18 ուստարվա ուսանողական հարցումների արդյունքները: Այս տարի հարցումներին մասնակցել է ուսանողների թվի 48.20 %-ը, որն ավելի քիչ է, քան նախորդ տարվա ցուցանիշը:

 

Հարցման արդյունքների համաձայն՝ այն հարցին, թե անցած քննաշրջանի ընթացքում դրամի դիմաց ստացե՞լ են ստուգարք, թե՞ ոչ, ուսանողների միայն 0.62 % -ն է դրական պատասխանել: Իսկ հարցին, թե անցած քննաշրջանի ընթացքում հարկադրված եղե՞լ եք վճարել մասնավոր պարապմունքների համար գնահատական ստանալու նպատակով, հարցմանը մասնակցած ուսանողների 1.27 %-ն է այո պատասխանել: 

 

Հարցման ընթացքում ուսանողները պատասխանել են նաև հարցին, թե գոհ են արդյո՞ք կուրատորի աշխատանքից: Ըստ ֆակուլտետների՝ ցուցանիշները տարբեր են: ԵՊՀ ռեկտորի կարգադրմամբ՝ որոշվեց, որ նախ փոխարինվեն այն կուրատորները, որոնց ցուցանիշները շատ ցածր են, և հետո մեխանիզմներ մշակել նրանց աշխատանքը հետևողականորեն վերահսկելու համար:

 

ԵՊՀ պրոռեկտորը, անդրադառնալով արդեն օրակարգի 5-րդ հարցին, զեկուցեց 2018-19 ուստարվա ամբիոնային բեռնվածությունների մասին: Ալեքսանդր Գրիգորյանը փաստեց, որ 2018-19 ուստարվա բեռնվածությունը կազմում է 752.106 ժամ, իսկ ուստարվա բեռնվածությունների թիվը կազմում է 1010.5 դրույք և 44062 ժամ ժամավճար:

 

 

Գիտական խորհրդի հերթական նիստի օրակարգային 6-րդ հարցը վերաբերում էր Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» բակալավրի ծրագիր հաստատելուն: Գիտական խորհրդի որակի ապահովման հանձնաժողովի նախագահ Էմիլ Գևորգյանն ասաց, որ հանձնաժողովը վերլուծել և դրական եզրակացություն է տվել: Գիտխորհրդի անդամների քվեարկությամբ հարցն ընդունվեց:

 

Ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը ներկայացրեց 2018-19 ուստարիների վճարովի համակարգ տեղափոխվածների արդյունքները՝ տոկոսային հարաբերությամբ՝ փաստելով, որ 2-րդ կուրսում տեղափոխվել են ուսանողների 26.9 %-ը, 3-րդ կուրսում՝ 15.3 %-ը, 4-րդ կուրսում՝ 14.6%-ը, իսկ մագիստրատուրայում՝ ուսանողների 18 %-ը:

 

Նիստի օրակարգային վերջին հարցը վերաբերում էր ԵՊՀ ՈՒԳԸ 2017-18 ուստարվա գործունեությանը: Կառույցի նախագահ Վանատուր Շերենցն ասաց, որ 2017-18 ուստարվա ընթացքում ՈՒԳԸ-ն իրականացրել է 495 տարաբնույթ միջոցառում: ՈՒԳԸ նախագահը, կարևորելով իրականացրած բոլոր ծրագրերը, անդրադարձավ նաև «Հետադարձ հայացք» ծրագրին, որի շրջանակում անցկացվել են հարցազրույցներ ՈՒԳԸ նախկին նախագահների հետ:

 

Վանատուր Շերենցը փաստեց, որ կառույցի կարևորագույն գործառույթը հոդվածների տպագրության կազմակերպումն է, որի ուշացումը լավ չի անդրադառնում կառույցի հեղինակության վրա:

 

ՈՒԳԸ նախագահը խոսեց նաև կառույցի թերացումների և առաջացած խնդիրների մասին, որոնցից են կանոնադրության փոփոխության հարցը և գիտական խորհրդատուների աշխատանքների վերահսկման մեխանիզմների մշակումը:

 

 

Անդրադառնալով արդեն ընթացիկ հարցերին՝ գիտխորհուրդը որոշեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին միջնորդություն ներկայացնել Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում «Նորարարությունների տնտեսագիտության» ամբիոն ստեղծելու հարցում:

Գիտխորհրդի միաձայն քվեարկությամբ որոշվեց նաև Պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր Ալբերտ Կիրակոսյանին և Կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոնի պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյանին շնորհել համապատասխան ամբիոնների պատվավոր վարիչի կոչում:

 

Միաձայն ընդունվեց նաև Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող, Թյուրքագիտության ամբիոնի դոցենտ Լուսինե Սահակյանի «Համշենը հայկական ձեռագրերում» վերնագրով մենագրությունը հրատարակության երաշխավորելու հարցը, «ՀՀ արդարադատության համակարգը» (խմբագիր Գ. Ղազինյան) աշխատանքը՝ որպես բուհական դասագիրք հաստատելու հարցում ՀՀ ԿԳ նախարարությանը միջնորդելու մասին հարցը:

 

Հրատարակության երաշխավորելու մասին միաձայն ընդունվեցին նաև Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գ. Պետրոսյանի «Անդրկովկասը դիվանագիտական հորձանուտում. հայոց անկախ պետականության կերտումը (1917 թ. փետրվար- 1918 թ. հունիս)» վերնագրով մենագրությունը, ԵՊՀ-ի 100-ամյակին նվիրված «Աշխարհագրության և երկրաբանության արդի հիմնախնդիրները» գիտաժողովի նյութերի ժողովածուն, ինչպես նաև «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» ՀԿ-ի «Գիտական Արցախ» հանդեսի 1-ին համարը: Ի դեպ, վերջինիս հիմնադիրը ԵՊՀ-ն է:

 

Նիստի ընթացիկ հարցերի շրջանակում ԵՊՀ գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանը ներկայացրեց գիտական խորհրդի հանձնաժողովների կազմերում իրականացրած փոփոխությունները:

 

Գիտական խորհուրդը նիստի ընթացքում միաձայն որոշեց Ֆիզիկայի ֆակուլտետի ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի գերարագ օպտիկայի և ֆոտոնիկայի գիտահետազոտական լաբորատորիան անվանակոչել պրոֆեսոր Լևոն Մուրադյանի անվամբ:

 

Նիստի ավարտին հաշվիչ հանձնաժողովի նախագահ Պավել Բալայանը ներկայացրեց փակ, գաղտնի քվեարկության արդյունքները, որոնց համաձայն՝ պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ հայցող դասախոսներին շնորհվեցին համապատասխան կոչումները:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ԱՐԱԲԵՐԵՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Երկանյանների անվան լսարանում այսօր նշվեց Արաբերենի միջազգային օրը:
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ. ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ գիտական խորհրդի հերթական նիստը՝ օրակարգային 5 և մի շարք ընթացիկ հարցերով: