10.10.2018 | 
Քաղաքականություն
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ՝ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ 6 ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՐՑԵՐՈՎ
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ՝ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ 6 ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՐՑԵՐՈՎ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում ռեկտոր Արամ Սիմոնյանի նախագահությամբ կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը:

Օրակարգային առաջին հարցը ներկայացրեց գիտքարտուղար Մենուա Սողոմոնյանը, որից հետո 2018-2019 ուստարվա 1-ին կիսամյակի նիստերի ժամանակացույցը միաձայն հաստատվեց:

 

ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան Խաչատուր Ներկարարյանը և Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը զեկուցեցին մի շարք ֆակուլտետներում կայացած դեկանների և ամբիոնի վարիչի պաշտոնում ընտրված աշխատակիցների ընտրությունների արդյունքների մասին:

 

ԵՊՀ գիտխորհրդի 62 անդամների մասնակցությամբ կայացավ փակ և գաղտնի քվեարկություն: Ընտրությունների արդյունքները հաստատվեցին՝ ձայների հետևյալ բաշխմամբ.

  • Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայան՝ 59 կողմ, 3 դեմ
  • Կենսաբանության ֆակուլտետի դեկան Էմիլ Գևորգյան՝ 59 կողմ, 3 դեմ
  • Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյան՝ 60 կողմ, 2 դեմ
  • Պատմության ֆակուլտետի համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ Ալբերտ Ստեփանյան՝ 59 կողմ, 2 դեմ, 1 անվավեր
  • Կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Արմեն Թռչունյան՝ 57 կողմ, 4 դեմ, 1 անվավեր

 

Այնուհետև ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը մանրամասներ ներկայացրեց 2018-2019 ուստարվա 1-ին կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակի վերաբերյալ, որը նույնպես հաստատվեց գիտխորհրդի անդամների կողմից:

 

Այնուհետև Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման վարչության պետ Արմեն Թադևոսյանը զեկուցեց «Ներքին կարգապահության կանոններում» փոփոխություններ կատարելու մասին՝ գիտխորհրդի անդամների քննարկմանը ներկայացնելով մի շարք առաջարկություններ:

 

Մասնավորապես բանախոսն անդրադարձավ բուհի աշխատակիցների աշխատանքային նոր ժամերի (աշխ. սկիզբը՝ 09:15, ավարտը՝ 17:00, ուրբաթ օրը՝ 09:15-16:45) սահմանման, ինչպես նաև կառույցի ներքին կարգապահական կանոնում փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությանը, որից հետո պատասխանեց գործընկերների հարցերին:

 

 

Ա. Թադևոսյանը հաղորդում ներկայացրեց նաև ԵՊՀ «Մասս մեդիա» գիտակրթական կենտրոն կառուցվածքային ստորաբաժանումը լուծարելու վերաբերյալ. «Ներկայումս կենտրոնն այլևս ֆինանսավորում չի ստանում Հանրային հեռուստաընկերության կողմից, ուստի, նախնական պայմանավորվածության համաձայն, նպատակահարմար ենք գտնում դադարեցնել կենտրոնի գործունեությունը բուհի կառուցվածքում»:

 

Օրակարգային վերջին հարցը վերաբերում էր ԵՊՀ-ում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության  վերաբերյալ 2017 թ.-ի հարցման արդյունքներին, որի մասին հաղորդեց ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը:

 

 

Պրոռեկտորը նշեց, որ անցած տարի հարցմանը մասնակցել է 1.929 հոգի, որը շրջանավարտների ընդհանուր թվի 41.7 %-ն է, ինչը բավականին ցածր ցուցանիշ է՝ համեմատած 2016 թ.-ի տվյալների հետ (81.4 %): Բանախոսը մասնակիցների թվի խիստ կրճատումը պայմանավորեց 2016 թ.-ին հարցումներն առցանց անցկացնելու հանգամանքով:

 

Ալեքսանդր Գրիգորյանն ընդգծեց, որ հարցումների միջոցով տեսանելի է դառնում ուսանողի կրթական և գիտական գործունեությանը նպաստող բաղադրիչների օգտակարության ու արդյունավետության ցուցանիշը:

 

 

ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանի այն հարցին, թե արդյոք պրոռեկտորը հարցման իրականացման մեթոդներն ու արդյունքներն արդյունավետ է համարում, Ա. Գրիգորյանը պատասխանեց. «Հարցումները իրականացվում են սկսած 2003 թ.-ից, իրականացման մեթոդիկայի մեջ մի շարք փոփոխություններ են կատարվել, իսկ օբյեկտիվության տոկոսը կազմում է մոտ 70-80 %: Պետք է նշել, որ այս հարցումների անհրաժեշտությունը միանշանակ կա»,- փաստեց Ա. Գրիգորյանը:

 

Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողուհի Տաթևիկ Սողոմոնյանն էլ բարձրաձայնեց հարցումներին կամավոր սկզբունքով մասնակցության խնդիրը, ինչը չի հակասում միջազգային փորձին:

 

«Հարցում պետք է կամավոր սկզբունքով լինի՝ բացառելով «պարտադիր» բաղադրիչը: Դրա փոխարեն հարցումներին ուսանողների մասնակցության ցուցանիշը բարձրացնելու համար նախ հարկ է իրազեկվածության մակարդակը բարձրացնել, որպեսզի ուսանողը հստակ հասկանա՝ ինչո՞ւ է քվեարկում, տեսնի ու իր մաշկի վրա զգա հարցմանն իր մասնակցության օգտակարությունը և վստահ լինի, որ պահպանվում է գաղտնիության սկզբունքը: Որոշ ֆակուլտետներում ճնշումներ են գործադրվում ուսանողների վրա, և ուսանողն էլ վստահ չէ, որ իր կողմից դրված գնահատականի համար թանկ չի վճարի: Այս պարագայում հարցումներին մասնակցելու շահագրգռվածությունն ավելի մեծ կլինի՝ նպաստելով նաև արդյունավետության բարձրացմանը»,- ասաց ուսանողուհին:

 

Ա. Գրիգորյանն ընդգծեց, որ պարտադիր սկզբունքը նախատեսվում է կիրառել միայն այս ուսումնական տարվա վերջում անցկացվող հարցման ընթացքում: Այնուհետև արդյունքում բուռն քննարկումներից հետո որոշվեց շարունակել քննարկումները՝ գործընթացում ներգրավելով նաև ուսանողական կառույցների ներկայացուցիչներին:

 

Գիտխորհրդի անդամներից ոմանք առաջարկեցին հրապարակել հարցման ոչ միան ամփոփ արդյունքները, այլև որոշ մանրամասներ, ինչպես նաև հանել «պարտադիր» տերմինը:

 

ԵՊՀ արհմիության նախագահ Արմեն Ավետիսյանը բարձրացրեց ուսանողների կողմից դասախոսների գնահատման անանուն հարցումների հրապարակման խնդիրը՝ մարդու իրավունքների և աշխատողների անձնական տվյալների պաշտպանության համատեքստում:

«Ես դեմ եմ ուսանողների կողմից դասախոսների գնահատման անանուն հարցումների հրապարակմանը: Դասախոսների գնահատման արդյունքների հրապարակումը պետք է դիտարկել աշխատողների անձնական տվյալների պաշտպանությունը սահմանող ՀՀ օրենսդրության կարգավորումների լույսի ներքո: Մենք կամ պետք է ստանաք դասախոսների գրավոր համաձայնությունը՝ նրանց վերաբերող գնահատման արդյունքները հրապարակելու համար, կամ պետք է դիմենք լիազոր մարմնին՝ ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը՝ ճշտելու համար, արդյոք ուսանողների կողմից դասախոսների գնահատման անանուն հարցումների արդյունքները հրապարակելը իրավաչափ է, թե՞ ոչ»,- եզրափակեց արհմիության նախագահը:

 

Պրոռեկտոր Գրիգորյանը հավելեց, որ պրոֆեսորադասախոսական կազմի մրցույթների ժամանակ ֆակուլտետային գիտխորհուրդների ու քննարկումների ժամանակ, որին, ի դեպ, մասնակցում են նաև ուսանողները, հրապարակվում են դասախոսների հավաքած միավորները, որոնք ազդում են մրցույթի արդյունքների վրա:

 

Պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանի ներկայացրած զեկույցն ընդունվեց ի գիտություն՝ հետագայում քննարկումները շարունակելու նախապայմանով:

 

Ընթացիկ հարցերի շրջանակում քննարկվեց ու հաստատվեց Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլերենի թիվ 1 ամբիոնի դասախոսներ Գրիգորյանի, Դարբինյանի և Ստեփանյանի կողմից հեղինակած մաթեմատիկայի գծով աշխատանքը որպես բուհական դասագիրք ճանաչելու ու հրատարակության երաշխավորելու, ինչպես նաև ԿԳՆ-ին միջնորդելու հարցը:

 

 

Ավարտին ԵՊՀ արևելագիտության ֆակուտետի թյուրքագիտության ամբիոնի դոցենտ, Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-օսմանյան առնչությունների բաժնի ղեկավար Լուսինե Սահակյանը ներկայացրեց «Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի Հայոց Ցեղասպանության արխիվ. թվայնացում, ցուցակագրում, ուսումնասիրություն» վերնագրով զեկուցումը:

Այլ նորություններ
«ԴՈՒՔ ԱԴԱՄԱՆԴԵ ՍԻՐՏ ՈՒՆԵՔ». ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԱՏՈՒԿ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ԱԴԱՄԱ ԴԻԵՆԳ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում դասախոսությամբ հանդես եկավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգը:
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից իրականացվող «Մասնագիտական կողմնորոշման օր» ծրագրի շրջանակում այսօր Երևանի N 170 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները Մայր բուհի կրթական ծրագրերին ծանոթանալու նպատակով այցելեցին ԵՊՀ իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետներ: